Մեզ ղեկավար է պետք, որին կընտրի ոչ թե փողոցը, այլ՝ ժողովուրդը

Մեզ  ղեկավար է պետք, որին կընտրի ոչ թե փողոցը, այլ՝ ժողովուրդը

«Ես անընդհատ քաջալերել եմ սփյուռքում ապրող իմ հարազատներին ու ընկերներին, որ տեղափոխվեն Հայաստան, ամուսնանան այստեղի աղջիկների կամ տղաների հետ, ազգը շատացնեն։ Բայց պատերազմից հետո տեսա, որ Հայաստանում իրար չեն սիրում։ Մեկը մյուսին դավաճան ու թուրք է ասում։ Սա շատ վիրավորական է։ Ես խորապես հիասթափված եմ»,- ասում է Ֆրանսիայից Հայաստան տեղափոխված Սարգիս Ինջեյանը։

Նա ծնվել է Թուրքիայում, Ֆրանսիա է տեղափոխվել 12 տարեկանում։ Արդեն 7 տարի է՝ Երեւանում է բնակվում։ Ասում է՝ դրսից Հայաստանն այլ կերպ է ընկալել, իսկ ներսում բախվել է տխուր իրականությանը։ Իր պատկերացրած Հայաստանը վերջին 2,5 տարիների Հայաստանն էր, երբ բոլորն իրար ընկեր ու եղբայր էին, սպասելիքներ կային, կար հավատ ապագայի հանդեպ։ Ներկայիս Հայաստանը Սարգիս Ինջեյանին հուսահատեցնում է։

 «Ես Հայաստան եմ տեղափոխվել, երբ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր։ Բոլորը դժգոհ էին նրանից, բայց ընտրություն եղավ, ու Սարգսյանը բարձր տոկոսներով վերընտրվեց։ Երեւանցի մի ընկեր ունեմ, ասեցի՝ չեմ հասկանում՝ ո՞նց է, որ բոլորը Սերժին դեմ են, բայց ընտրության ժամանակ իրեն են ձայն տալիս։ Ընկերս ասաց՝ ես 52 տարեկան եմ, ծնված օրից այստեղ եմ ապրել՝ դա չեմ հասկացել, դու մի քանի տարում ո՞նց պիտի հասկանաս»։

Հետպատերազմյան Հայաստանի ներքաղաքական անկայունությունը, Ինջեյանի համոզմամբ, երջանկացնում է ադրբեջանցիներին։ Ասում է՝ նրանք այնքան չեն ուրախանում պատերազմում տարած հաղթանակից, որքան Հայաստանի ներկայիս վիճակից։ Ըստ նրա՝ հետ վերցրած հողերն ադրբեջանցիներին պետք չեն, որովհետեւ նրանք չեն գնալու այդտեղ ապրեն։ «Այդ պատերազմն Ալիեւին էր պետք, որ բարձրացներ օրեցօր ընկնող հեղինակությունը։ Եթե պատերազմը չլիներ, Ադրբեջանում հեղափոխություն էր լինելու, ժողովուրդը սպանելու էր իր առաջնորդին։ Այնպես որ՝ պատերազմը փրկեց Ալիեւին»։

Սարգիս Ինջեյանի որդին եւս մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Մեխակավանում է եղել։ Վերադարձել է վիրավորված։ Պատմել է, որ ինչ-որ զանգից հետո հրամանատարը թողել է զինվորներին ու լքել դիրքերը։ «Սա դավաճանություն է, եւ զարմանալի է, որ ոչ մի դավաճան բռնված չէ։ Հայ ժողովուրդը պետք է իմանա՝ ինչ է կատարվում, Փաշինյանն ինչու չի խոսում, ինչու իրականությունը չի ասում։ Պարոն Փաշինյան, եթե ասում եք, որ դավաճաններ կան, ապա ինչո՞ւ անուններ չեք տալիս։ Անունները տվեք, որ հրապարակում գնդակահարեն՝ պատերազմի դավաճաններին այլ պատիժ չկա»։

Զրուցակիցս կարծում է, որ պատերազմը տանուլ տվեցինք դիվանագիտության պակասի պատճառով։ Եթե դիվանագետներն աշխատեին, կիմանային, որ մեր հակառակորդը ոչ թե Ադրբեջանն է, այլ՝ Թուրքիան՝ ՆԱՏՕ-ի 2-րդ ուժը՝ լավ զինված ու մի քանի միլիոն զինվորով։ Եվ այդ ուժի դեմ, ըստ Ինջեյանի, Հայաստանը չէր կարող «Կալաշնիկով»-ով կռվել ու պահել հողերը։ Մանավանդ որ, պատերազմի ելքն արդեն կանխորոշված էր դրսի ուժերի կողմից։ «Ալիեւը տարիներ շարունակ Էրդողանին ականջ է բացել՝ հարձակվել Հայաստանի վրա։ Եվ քանի որ Թուրքիան նավթի դիմաց ահռելի պարտք ուներ Ադրբեջանին ու չէր կարողանում վերադարձնել, համաձայնում է զինուժով ու մարդուժով օգնել․ հաղթանակ՝ պարտքի դիմաց։ Մի կողմից էլ Անգլիան էր Ադրբեջանից պահանջում իր բաժինը, քանի որ Ադրբեջանի նավթի մի մասն Անգլիային է պատկանում։ Ահա եւ կազմակերպվեց պատերազմը, որպեսզի Թուրքիայի օգնությամբ Ադրբեջանը վերցնի Արցախի մի մասը։ Իսկ մեր ամենամեծ սխալն այն էր, որ կռվի առաջին իսկ օրից սկսեցինք ստել, թե հաղթելու ենք։ Ընդհակառակը, կարելի էր այդ յոթ շրջանները հենց սկզբից հանձնել ու այսքան կորուստ չունենալ»։ 

Սարգիս Ինջեյանին զարմացնում է ժողովրդի վերաբերմունքը երկրի ղեկավարի նկատմամբ։ «Առանց ապացույցների դավաճանի պիտակ են կպցնում։ Այնքան հեշտ են այդ բառն արտասանում։ Վարչապետի նկատմամբ հարգանք պետք է ունենալ, չի կարելի դավաճան ասել, եթե փաստեր չկան»։

Սարգիս Ինջեյանը հետեւում է ներքաղաքական սրացումներին։ Ընդդիմությանը չի վստահում, որովհետեւ ազնիվ չեն։ Նրանց շարքերում նախկին պաշտոնյաներ ու գեներալներ են, որոնք հարստություն են դիզել նաեւ բանակը կեղեքելու հաշվին։ «Ներկա ղեկավարը թույլ է, ինչ խոստացավ չկատարեց, իսկ նախկինը՝ թալանչի․ մեզ ուժեղ ղեկավար է պետք, որին կընտրի ոչ թե փողոցը, այլ՝ ժողովուրդը։ Նա պետք է կարողանա պաշտպանել երկրի ու ժողովրդի անվտանգությունը, Հայաստանը մաքրել դավաճաններից, պետականացնել ապօրինի հարստացածների գույքը։ Պետք է պետական կառավարման գործին ներգրավի նաեւ սփյուռքի մասնագետներին, բիզնեսի համար վստահության դաշտ բացի, որ դրսի ներդրողը չվախենա այստեղ գործ սկսել»։

Ասում է՝ Հայաստանի ապագան տեսնում եմ երիտասարդների մեջ․ նրանք խելացի են, ազնիվ, անկաշառ։