Աղոթք առ Արևմուտք

Աղոթք առ Արևմուտք

Մի ժամանակ, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ներքո դիտարկվում էր Ղարաբաղյան հակամարտությունը: Այսօր, շնորհիվ մերօրյա «փրկիչ» Նիկոլի, հասկանում ենք հենց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները: Իսկ Արցախում և Երևանում բարձրաստիճան պաշտոնյաները փորձում են լրագրողներին համոզել, որ ոչ միայն իրենք են պատրաստ բանակցել Իլհամ Ալիևի հետը, այլև վերջինս ևս պատրաստ է դրան: Մնում է իմանալ, թե իր հերթին երբ պատրաստ կլինի բանակցել Իլհամը: Բայց Իլհամ համար Ղարաբաղն Ադրբեջան է, տեղի հայերը՝ Ադրբեջանի քաղաքացիներ: Ինչը նշանակում է, որ ինքը երբեք «պատրաստ չի լինի» նման բանակցություններին: Իսկ եթե ցանկություն ունենա հերթական անգամ նվաստացնել մեզ՝ ապա Արցախի իշխանությունների հետ բանակցելու կուղարկի Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, ադրբեջանական համայնքի ղեկավարին: Իսկ արցախցիների մերժումն էլ կսարքի միջազգային մակարդակի շոու՝ հայերին մեղադրելով բանակցությունները տապալելու մեջ:

Որքան հասկանում եմ, հասարակ այս քայլը չեն մտածել ՀՀ ԱԺ նախագահ Սիմոնյան Ալենն ու Արցախի պետնախարար Բեգլարյան Արտակը: Որովհետև եթե նրանց մտքով անցած լիներ, ապա առաջինը չէր հայտարարի, որ ինքը բանակցության հնարավորություն տեսնում է. «Իրատեսական եմ համարում, որովհետև... մենք տեսնում ենք, որ երկուստեք, նույնիսկ Ադրբեջանի կողմից արդեն հայտարարություններ են հնչում լավատեսության մասին»։ Հետաքրքիր է՝ Ալենն ընկալո՞ւմ է, թե ինչ է նշանակում լավատեսություն Իլհամի տեսակետից: Երկրորդն էլ չէր շեշտի, որ դա «հնարավոր է բանակցային լիարժեք ձևաչափի վերականգնման դեպքում, որտեղ Արցախը ճանաչված է որպես լիիրավ կողմ»։ Արդեն չեմ կողմնորոշվում՝ նա լուսնից է իջել, թե՞…Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը փորձում է գետնից չկտրվել՝ հայտարարելով, որ պատրաստ են բանակցել Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով: Բայց այստեղ ևս խնդիրներ են առկա՝ Մինսկի խմբի համանախագահներից երկուսը Արևմուտքից են, մեկը՝ Ռուսաստանից: Իսկ ս. թ. փետրվարի 24-ից Ուկրաինայի տարածքում չհայտարրարված պատերազմ է ընթանում հենց այդ երկու միջազգային սուբյեկտների միջև:

Բայց ամենազարմանալին, այնուամենայնիվ, Ալեն Սիմոնյանն է: Վերջինիս կարծիքով, միջնորդի ով լինելը երկրորդական է, կարևորն ազդեցություն ունենալու կարողությունն է և հարցի լուծումը։ Եվ եթե Ալենի ասածը թարգմանենք ավելի հասկանալի լեզվի, ապա այն կհնչի այսպես. քանի որ որպես միջնորդ ԵԱՀԿ ՄԽ-ն այլևս չի գործում, ապա կարող է լինել նաև ՆԱՏՕ-ն: Իսկ ինչո՞ւ հենց ՆԱՏՕ-ն: Որովհետև վերջերս էր ԱԽՔ Գրիգորյան Արմենը հյուրընկալվել այնտեղ ու «հաճելի» (դա Արմենի հետ շփված ՆԱՏՕ-ականներից մեկի կարծիքն է) տպավորություն թողել: Լավ, թող լինի ՆԱՏՕ-ն: Բայց, որքան հիշում եմ, Արցախի շուրջը կանգնած են ոչ թե ՆԱՏՕ-ական, այլ ռուսական խաղաղապահ ուժեր, ու մնալու են այնտեղ մինչև 2025 թվականը: Եվ դա նկատի ունենալով՝ Ալենին լրագրողների տված բազմաթիվ հարցերին կարելի է ավելացնել մեկ-երկուսը: «Դուք պատրա՞ստ եք, որպեսզի 2025 թվականին ռուսները հեռանան Արցախից: Եթե այո, ապա դուք պատրա՞ստ եք, որպեսզի ռուսները հեռանան նաև Հայաստանից»: Եվ եթե երկու հարցերին էլ դրական պատասխան ենթադրվի (ուղիղ պատասխան, բնականաբար, չի լինի), ապա դա նշանակում է, որ ՀՀ-ն պետք է դուրս գա նաև ՀԱՊԿ-ից: Ինչը առնվազն մի քանի ամսվա՝ մինչև կես տարվա գործընթաց է: Եվ հայաստանյան բոլոր արևմտամետները պետք է աղոթեն Արևմուտքին, որպեսզի ՆԱՏՕ-ական ուժերը տեղ հասնեն նախքան Ադրբեջանի կողմից ողջ Արցախն ու Հայաստանի հարավն ու արևելքը գրավելը: Իսկ ինչո՞ւ չաղոթեն Աստծուն: Որովհետև նրանց Աստվածն Արևմուտքն է, որ կա: