Հայաստանը սրընթաց ճանապարհով գնում է դեպի Ալեքսանդրապոլի նոր պայմանագիր

Հայաստանը սրընթաց ճանապարհով գնում է դեպի Ալեքսանդրապոլի նոր պայմանագիր

«Հրապարակի» հարցերին պատասխանում է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը:

- Օրերս Պրահայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի ոչ պաշտոնական գագաթնաժողովում, բացառիկ հանդիպում տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիեւի մասնակցությամբ: Հանդիպումից ժամեր անց տեղեկացանք, որ թշնամին որոշակի դադարներով առավոտյան կրկին կրակ է բացել Գեղարքունիքի ուղղությամբ: Առհասարակ, նման ֆորմատի հանդիպումներից ի՞նչ սպասել, եւ, վերջապես՝ ի՞նչ կարող են դրանք տալ Հայաստանի Հանրապետությանը:

- Նման հանդիպումները, բնականաբար, դրական ազդեցություն են ունենում միմիայն Ադրբեջանի համար, սակայն ո՛չ Հայաստանի: Հայաստանը դե յուրե արձանագրեց, որ Ղարաբաղը մնալու է Ադրբեջանի կազմում: Սա շատ կարեւոր մեսիջ էր Ադրբեջանի եւ Թուրքիայի համար: Այս ամենն իբրեւ հիմք հանդիսացավ Հայաստանի հետ երկխոսության մեջ մտնելու գործում, որի տրամաբանությունն ակնհայտ է. Հայաստանը սրընթաց ճանապարհով գնում է դեպի Ալեքսանդրապոլի պայմանագրի շարունակությանը: Եթե հայաստանյան հասարակությունն այս գործընթացները չկանգնեցնի, քաղաքական վերնախավն էլ իր հերթին չգիտակցի պահի լրջությունը, ապա Հայաստանի կործանումը շատ մոտ է:

- Վարչապետ Փաշինյանն օրեր առաջ ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանը 1998 թվականին, իշխանությունը ստանալու նախապայմանով, Ղարաբաղը դուրս է թողել բանակցային պրոցեսից՝ դրանով դրել է անկյունաքարը, իսկ Սերժ Սարգսյանն էլ սեղանին թողել է կապիտուլյացիայի թուղթն ու հեռացել։

- Այդ խաբեբայի հայտարարություններն անգամ մեկնաբանելն անիմաստ եմ համարում: Նա հասարակությանը լրիվ հիմարի տեղ է դրել եւ չի հասկանում թե ինչ է խոսում ընդհանրապես: Տպավորություն է, թե նա հանրային կարծիք ասվածի վրա բացարձակապես թքած ունի: Ղարաբաղն Ադրբեջանի կազմում թողնելու համար նա պատրաստ է հորինել ցանկացած սուտ, որպեսզի հանրության գոնե չնչին մասին կարողանա խաբել, հավատացնել իր ստերը: Արդեն կարեւոր էլ չէ հասկանալը, թե հանրության որ շերտին է կարողանում խաբել, քանի որ, եթե Հայաստան չլինի, նման տեսակ վերլուծություններն անիմաստ կլինեն առհասարակ: Նիկոլ Փաշինյանն ու Հայաստանի քաղաքական վերնախավը պահի լրջությունը չեն հասկանում եւ չեն գիտակցում:

- «Հայկական ժամանակն» «Ի՞նչ է ուզում Ռուսաստանը․ ի գիտություն Վեհափառ հայրապետի, երեք նախագահների եւ փորձագիտական հանրության» վերնագրով անանուն, «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հոդված է հրապարակել: Այս հեղինակը նախօրեին Ռուսաստանին կոնկրետ մեղադրում էր Հայաստանին շանտաժի ենթարկելու, պատերազմ հրահրելու եւ ադրբեջանական ու մի քիչ էլ ռուսական զորքի օգնությամբ նոր միությանն անդամագրվել պարտադրելու մեջ: Եվ այս երկու հոդվածը ողջ երկիրը խառնել է իրար: 

- Միայն Հայաստանում են հոդվածի հեղինակին քողարկում, սակայն դրսում բոլորը հասկանում են, թե այդ հոդվածի հեղինակն ով է: Բոլորս էլ հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է նոր՝ անանուն հակառուսական արշավ սկսել, որովհետեւ նախատեսում է նոր փաստաթղթերի ստորագրում, ինչն իր հերթին կարող է նյարդայնացնել Մոսկվային: Հայաստանը, հավանաբար, կարող է որոշակի հարվածներ ստանալ, եւ հենց այդ հնարավոր հարվածներն իրեն թույլ են տալիս, որպեսզի Արեւմուտքի մոտ դառնա, այսպես ասած, ազատ աշխարհի արժեքների զոհ, ինչպես, օրինակ, Սահակաշվիլին, եւ կարողանա փախուստի դիմել ճիշտ Սահակաշվիլու նման: Սա է Նիկոլ Փաշինյանի խնդիրը: Փաշինյանը հասկանում է, որ ինքն այլեւս քաղաքական դիակ է եւ Հայաստանում ապրելու շանսեր չունի: Իշխանությունից հեռանալը զուտ ժամանակի խնդիր է, եւ նա փորձում է իր փախուստն ապահովել դեպի Արեւմուտք: Ստացվում է, որ այս մարդն իր անվտանգությունն ապահովելու համար ոչ միայն Ղարաբաղն է զոհաբերում, այլեւ` Հայաստանը: Ցավոք սրտի, քաղաքական վերնախավը չի գիտակցում պահի լրջությունը: Բոլորը սպասում են նոր աղետի, որից հետո միայն կհասկանան, թե ինչ պետք է անել: Իրականությունը, ցավոք, սա է:

- Ընդդիմության անելիքը ո՞րն է այսօր: Վեհափառ հայրապետի եւ նախկին նախագահների հանդիպման ֆորմատն առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը համարում է անիմաստ: Ի՞նչ սպասել այդ հանդիպումներից:

- Ֆորմատների մասին խոսելն արդեն ժամանակավրեպ է, որովհետեւ, մեծ հաշվով, Հայաստանն այսօր այնպիսի արհավիրքի առաջ է կանգնած, որ հասարակությունն ինքը պետք է կարողանա հնարավորություններ կոնսոլիդացնել: Կապ չունի, թե ով կգլխավորի հանրային ընդվզումը: Կներեք, բայց ինձ համար այսօր դա երկրորդական հարց է: Քաղաքական վերնախավը պահի լրջությունն ամբողջությամբ չի գիտակցում։ Սա մեծ խնդիր է:

- Կարծում եք՝ նախկին նախագահները չե՞ն գիտակցում պահի լրջությունը:

- Բնականաբար, մարդկանց գնահատականներն իրավիճակների վերաբերյալ կարող են շատ տարբեր լինել, եւ ես հարգում եմ բոլոր տեսակի գնահատականները: Գրեթե համոզված եմ, որ Հայաստանի վիճակը շատ ավելի ծանր է, քան դա գիտակցում են քաղաքական ուժերը: Ցավոք, ես չեմ կարող ասել, թե նրանցից ով էր ավելի ճշմարիտ․ դա ժամանակը ցույց կտա։ Սակայն համոզված եմ, որ Հայաստանը մեծագույն արհավիրքի առաջ է այսօր կանգնել, ճիշտ այնպես, ինչպես 1920 թվականին: Այսօր Ադրբեջանը Նիկոլ Փաշինյանի «պեչատով» հայտարարում է, որ Հայաստանն այլեւս չի վիճարկում Ղարաբաղի հարցը, եւ որ Ղարաբաղի խնդիր այլեւս գոյություն չունի: Ադրբեջանն ու Թուրքիան նաեւ շատ լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն իր փրկությունը տեսնում է Արեւմուտքի օգնությամբ, եւ որ Ռուսաստանին Նիկոլ Փաշինյանի գործողությունները, մեղմ ասած, դուր չեն գալիս: Այս իրավիճակից, միանշանակ, օգտվելու են թշնամիները….