ԱԱԾ-ն փաստաբանին ձերբակալել է՝ «մասկի շոու» բեմադրելով. փաստաբան

ԱԱԾ-ն փաստաբանին ձերբակալել է՝ «մասկի շոու» բեմադրելով. փաստաբան

Փաստաբան Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Փաստաբան Գայանե Պապոյանը, որը ստանձնել է գործընկերոջ՝ փաստաբան Ալեքսանյանի պաշտպանությունը, ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ Ալեքսանյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, իսկ գործը բացարձակ կապ չունի կաշառքին, թեև մամուլում հենց նման տեղեկություն էր դրվել շրջանառության մեջ։

Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը, որը նույնպես գործով ներգրավված է որպես պաշտպան, «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ վարույթը, որի շրջանակներում ձերբակալվել է Ալեքսանյանը, վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասին (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը)։ Էրիկ Ալեքսանյանին մեղսագրվում է օժանդակությունը։

Փաստաբանը տեղեկացրեց, որ Ալեքսանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան, նյութերը, սակայն կողմը դեռևս չի ստացել։

Ավելին՝ պարզվում է իրավապահները փաստաբանին ձերբակալել են ուժ կիրառելով կամ ինչպես ընդունված է ասել՝ «մասկի շոու» բեմադրելով։ Փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը պատմում է, որ Ալեքսանյանի նկատմամբ հարկադրանքի միջոց կիրառելիս՝ ձերբակալելիս՝ բիրտ ուժ է գործադրվել 

««Մասկի շոու» է տեղի ունեցել, այսինքն, այն ապօրինի գործելաոճը, որը տեսել ենք օրվա իշխանությունների կողմից։ Բացի այդ, հենց այս պահին խոչընդոտում են նաև իմ՝ որպես պաշտպանի ներգրավման հարցը սույն վարույթին՝ բանավոր ինչ-որ անհիմն պատճառաբանություններով»,- նշեց Ղարագյոզյանը՝ հավելելով, որ դրա վերաբերյալ հաղորդում է ներկայացնելու իրավապահ մարմիններին՝ փաստաբանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներով։

Փաստաբանի գործընկերները վստահ են՝ այս ամենը իշխանությունների պատասխանն է Էրիկ Ալեքսանյանին, քանի որ վերջինս մշտապես աչքի է ընկել սուր քննադատություններով, իրականացրել է պաշտպանություն հնչեղ քաղաքական գործերով, այդ թվում՝ «Մարտի 1-ի» գործով, Արմեն Չարչյանի, Աղվան Հովսեփյանի, Վազգեն Մանուկյանի, Առուշ Առուշանյանի, Արմեն Գևորգյանի և այլոց գործերով։