Արևմո՞ւտքը մեզ կփրկի

Արևմո՞ւտքը մեզ կփրկի

Ժողովրդին նախկիններից «փրկող» և նույն այդ ժողովրդին թշնամի թուրքի առաջ ծնկեցնող Նիկոլն այսօր սպասում է «Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին Ադրբեջանի դրական արձագանքին»: Սպասում է, իր ասելով, արդեն երեք ամիս, սակայն Ադրբեջանից արձագանք չի ստանում: Տեսնես ինչո՞ւ չի արձագանքում նրա երբեմնի «կիրթ և կառուցողական» գործընկերը: Մի գուցե ինքը թքած ունի Նիկոլի բացած այդ անցակետերի վրա, քանի որ Արևմտյան Զանգեզուրի միջոցով Արևելյան Զանգեզուրից Նախիջևան գնալու համար իրեն պետք չեն անցակետեր: Ոչ մեկը՝ ուր մնաց թե երեքը: Չէ որ, Իլհամն անընդհատ հայտարարել է, որ ադրբեջանցիները ոտքով էլ կհասնեն Երևան՝ որ մնաց թե Նախիջևան: Իսկ Ալիև Իլհամի հայտարարությունները, ինչպես ինքն է արձանագրել, իրականանալու հատկություն ունեն: Բա էլ ինչին են պետք իրեն Նիկոլի բացած 3 անցակետերը:

Ի դեպ, Իլհամի ցանկություններն այնքան էլ ֆանտաստիկ չեն: Ինչպես լրագրող Նաիրի Հոխիկյանն է հայտնել, հայաստանյան գործընկերների հետ ԱՄՆ-ում շփված տեղի  պաշտոնյաները համակարծիք են Իլհամի հետ: Նրանք ևս համարում են, որ ադրբեջանցիներն իրավունք ունեն (հետաքրքիր է՝ ինչպիսի՞ իրավունք) Սյունիքի վրայով անարգել անցնելու արևելքից արևմուտք կամ հակառակ ուղղությամբ: Իսկ այդ դեպքում բնական է, որ հատուկ ադրբեջանցիների համար Նիկոլի բացած անցակետերն ուղղակի անիմաստ են: Բայց դրանով չի ավարտվում «Արևմուտքը մեզ կպաշտպանի» հեքիաթի բովանդակությունը: Պարզվում է, որ արևմտյան և այս պահին դեռևս աշխարհի ամենահզոր պետությունը պատրաստ է մեր անվտանգությունն ապահովել միայն 10 տարով՝ ընթացքում մեր տնտեսության մեջ ներդնելով ընդամենը 20 միլիարդ ԱՄՆ դոլար: Եթե, իհարկե, Նիկոլը համաձայնվի Սյունիքով միջանցք հատկացնել Ադրբեջանին: Իսկ միջանցքը, ինչը հասկանում է գոնե Նիկոլը, նշանակում է Սյունիքի կորուստ: Իսկ Սյունիքի կորուստը Հայաստանի անկախության վերջն է: Դա այն է, ինչ պարտադրում էին մեզ թուրքերը 100 տարի առաջ: Ինչից խուսափեցինք, որքան էլ տարօրինակ հնչի, նույն բոլշևիկների միջոցով, ովքեր դաշնակցել էին թուրքերի հետ: Եվ ինչը, կրկին զարմանալիորեն, այսօր մեզ խորհուրդ է տալիս ԱՄՆ-ը: Այն պետությունը, որը պետք է որ փրկի մեզ: Սա ի գիտություն Արա Պապյանի և նմանների:

Որպեսզի ավելի տեսանելի լինի ամերիկյան օգնության իրական չափը՝ համեմատենք Ուկրաինային ԱՄՆ-ի տրամադրած օգնության հետ: Ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում, պատկերացրեք, արևմտյան երկրներից Ուկրաինան ստացել է շուրջ 75 միլիարդ ԱՄՆ դոլարի ռազմական, հումանիտար և ֆինանսական օգնություն: Այդ գումարից զուտ ռազմականը կազմել է 34,7 միլիարդ: Իսկ երեք ոլորտներում միայն ԱՄՆ-ի օգնությունը կազմել է 44,4 միլիարդ դոլար (ինֆորմացիայի նախնական աղբյուրի հղումը): Եվ այդ գումարները դեռևս շարունակում են հոսել Ուկրաինա, ու այդ պատճառով էլ պատերազմը շարունակվում է՝ հնձելով նախկինում եղբայրական երկու սլավոն ժողովուրդներին, որոնք ծագել են նույն արմատներից:
Ինչպես տեսնում ենք, ո՛չ Արևմուտքը և ո՛չ էլ հատկապես ԱՄՆ-ը բացարձակ ցանկություն չունեն մեզ իրապես պաշտպանելու, քանի որ 10 տարի անց ո՛չ Թուրքիան է վերանալու և ո՛չ էլ Ադրբեջանը: Իսկ առանց Սյունիքի Հայաստանը կվերածվի լավագույն դեպքում թուրքական վիլայեթի՝ եթե ԱՄՆ-ը չթողնի, որ Իլհամն առոք-փառոք մտնի Իրևան՝ ինչպես ինքն է անընդհատ խոստանում: Առնվազն վիլայեթացման հեռանկարն էլ ավելի քան իրատեսական է դառնում՝ հաշվի առնելով, որ, ինչպես ՀՀ առաջին նախագահն էր ցանկանում, հանուն լավ ապրելու «սերգոջաները» պատրաստ կլինեն թքած ունենալ երկրամասի կորստի վրա: Ինչն էլ, իր հերթին, կնպաստի, որպեսզի ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձն առնվազն 10 տարի շարունակի ձևական ընտրությունների ընթացքում մուրճ (կամ իր ասելով՝ այլ բան) թափահարել և իր իշխանությունը շարունակելու «պողպատե» մանդատ ստանալ ընտրողներից: Այս ամենը կարծես թե դեռևս չգիտակցող ենոքավանցին, գեղցիական շուստրիությամբ, փորձում է Իլհամին «վաճառել» մի բան (անցակետերի բացում), ինչը վերջինիս բացարձակ չի հետաքրքրում: 

Հ. Գ. Մեզ համար Նիկոլի և Իլհամի այսօրվա բանակցություններն ԱՄՆ-ի տեսակետից նշանակում են «հետամուտ լինել խաղաղության և ավելի լավ ապագայի՝ հանուն ժողովրդի»: Այդպիսի բնորոշում է տվել ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը: