Մեր տնից լավ է, ու՞ր գնանք․․․

Մեր տնից լավ է, ու՞ր գնանք․․․

Իրական դեպք է։ Մեկը հյուր է գնում, նրան հարգում, պատվում են։ Տեսնում է, որ իրեն լավ են վերաբերվում, ոտքը կախ է գցում ու մի քանի օր մնում։ Տանտերը ամաչելով ասում է՝ եղբայր, բա դու քո կնոջը, երեխեքին չես կարոտե՞լ, հյուրն էլ թե՝ կարոտել եմ,  հեսա նամակ կգրեմ, որ նրանք էլ գան։ 

Հիմա Նիկոլ Փաշինյանն է։ Ադրբեջանցիներին բերել, Հայաստանում տնավորել, առոք- փառոք պահում է, համ էլ ուզում է , որ նրանք իրենց տուն գնան։ Նրանք էլ ասում են՝ եղբայր, այստեղ մեր տնից լավ է, ու՞ր գնանք։ Հեսա մեր ընտանիքին ու հարազատներին էլ կկանչենք, որ գան։ 

Դեռևս օգոստոսին Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանն ամեն օր էլ պատրաստ է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանի և Նախիջևանի կապն ապահովի։ Պաշտոնապես էլ հայտարարել էր, որ  Ադրբեջանը կարող է մի քանի կետերով հատել Հայաստանի սահմանը և երթևեկություն իրականացնել դեպի Նախիջևան: «Չկա դեպք, որ իրենք գան, ասեն՝ ուզում ենք հատենք, մենք խոչընդոտենք, այդպիսի դեպք գոյություն չունի»։

Հիմա էլ նույնը կրկնում է, այս անգամ թվիթերում՝ համարյա խնդրանքի մակարդակով․

«Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է։ 

Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին»։ 

Ադրբեջանի արձագանքին է սպասում, բայց Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն է արձագանքում․ «Զանգեզուրի միջանցքի կարգավիճակը պետք է լինի նույնը, ինչ Լաչինի միջանցքի դեպքում է»։

Ստացվում է այնպես, որ Ադրբեջանը, որը հյուր էր Հայաստանում, կնկանն ու երեխեքին էլ է արդեն բերել։ Այդքանն էլ քիչ է, եղբայր Թուրքիան է արդեն տանը մնալու հարցերը լուծում, սենյակները իրենց մեջ բաժանում։