Վոլֆգանգ Բորխերտ. Սոխակը երգում է

Վոլֆգանգ Բորխերտ. Սոխակը երգում է

Գիշերաժամին բոբիկ կանգնած ենք՝ հագներիս միայն շապիկ, իսկ նա երգում է: Պարոն Հինշը հիվանդ է. հազում է: Ձմռանը նրա թոքերը շատ խեղճացան, պատճառը լավ չփակվող պատուհանն էր: Պարոն Հինշը, հավանական է, կմեռնի: Երբեմն անձրեւում է: Ահա եղրեւանին: Ճյուղերից մանուշակագույն է թափվում ու բուրում աղջիկների պես: Միայն թե պարոն Հինշն այլեւս չի զգում դրա հոտը: Պարոն Հինշը հազում է: Սոխակը երգում է: Մինչդեռ պարոն Հինշը թերեւս կմեռնի: Բոբիկ, հագներիս միայն շապիկ՝ կանգնել ու լսում ենք նրան: Ողջ տունը լցվել է հազով: Բայց սոխակը երգում է՝ ձայնն աշխարհով մեկ գցած: Իսկ պարոն Հինշը ձմեռվանից գլուխ չի հանում իր թոքերից: Եղրեւանու ճյուղերից մանուշակագույն է կաթում: Սոխակը երգում է: Պարոն Հինշինը ամառային քաղցր մահ է՝ լի գիշերով, սոխակներով ու մանուշակագույն եղրեւանիով:

Թիմինը նմանատիպ ամառային մահ չէր: Թիմը մեռավ ձմեռային սառցե ու մեկուսի մահով: Երբ ուզում էի հերթափոխել Թիմին, նրա դեմքը սաստիկ դեղնավուն էր ձյան մեջ: Դեղին էր: Լուսնի լույսից չէր, որովհետեւ գլխավերեւը դատարկ էր: Թիմը կավի էր նման գիշերվա մեջ: Դեղին, ինչպես կավը արվարձանային տան սառն ու խոնավ ծերպերում: Ավելի վաղ մենք այնտեղ խաղում էինք ու կավից տղամարդիկ սարքում: Բայց երբեք չէի մտածել, որ Թիմը կարող է նաեւ կավից լինել:

Երբ Թիմը դիրքեր գնաց, չցանկացավ պողպատե սաղավարտն իր հետ վերցնել:

- Սիրում եմ գիշերը,- ասաց: 

- Վերցրո՛ւ սաղավարտը,- խոսեց ենթասպան,- միշտ էլ կարող է ինչ-որ բան պատահել, ու այդ ժամանակ ես անմիտ կլինեմ: Հենց դա պատահի, անմիտ կլինեմ:
Ապա Թիմը նայեց ենթասպային: Ու նրա միջով տեսավ աշխարհի ծայրն անգամ: Դրանից հետո Թիմն իր հանրահայտ ճառերից մեկն ասաց.

- Առանց այն էլ մենք անմիտ ենք,- ասաց դռան մոտ,- մենք՝ բոլոր մարդիկս, ամեն դեպքում, անմիտ ենք: Օղի ու ջազ ունենք, պողպատե սաղավարտներ ու աղջիկներ, տներ, չինական պարիսպ ու լամպեր. այդ ամենը մենք ունենք: Բայց դրանք վախից են մերը: Ամենն ունենք վախի դեմ: Բայց միշտ անմիտ կլինենք: Վախից թույլ ենք տալիս մեզ լուսանկարել, վախից երեխաներ ենք սարքում ու վախից քչփորում աղջիկների ներսը, միշտ աղջիկների ներսը, վախից պատրույգները խրում ենք նավթի մեջ՝ թողնելով, որ այրվեն: Բայց, միեւնույն է, անմիտ ենք մնում: Ամենն անում ենք վախից ու հակառակ վախի: Պողպատե սաղավարտները եւս վախից են մերը: Բայց դրանցից ոչ մեկն օգուտ չի բերում մեզ: Պարզապես, երբ մետաքսե տաբատով ու սոխակի հառաչանքով մոռանում ենք մեր կյանքը, այդ պահին այն մեզ հանկարծակիի է բերում: Ապա հազում է ինչ-որ տեղ: Որեւէ պողպատե սաղավարտ չի օգնի, եթե վախը հանկարծակիի բերի մեզ: Այդ դեպքում որեւէ տուն ու որեւէ աղջիկ, օղի ու պողպատե սաղավարտ մեզ չեն օգնի:

Դա Թիմի հիանալի ճառերից մեկն էր՝ հանրահայտ ճառերից մեկը: Նրա խոսքն ուղղված էր ողջ աշխարհին, թեեւ ընդամենը յոթ հոգով էինք բունկերում: Որոշները քնել էին, երբ Թիմն իր համաշխարհային ճառն էր արտասանում: Դրանից հետո նա՝ աշխարհահռչակ հռետոր Թիմը, գնաց դիրքեր: Մինչդեռ մյուսները խռմփացնում էին: Նրա պողպատե սաղավարտն իր տեղում էր: Իսկ ենթասպան մի անգամ էլ պնդեց. 
- Ես անմիտ եմ, այնժամ, երբ մի բան պատահի, անմիտ կլինեմ:
 Հետո քնեց:

Երբ պատրաստվում էի հերթափոխել Թիմին, նրա դեմքը չափազանց դեղին էր ձյան մեջ: Դեղին, ինչպես կավը արվարձանների խոռոչներում: Մինչդեռ ձյունը նողկալիորեն ճերմակ էր: 
- Երբեք չէի մտածել, որ դու կարող ես կավից լինել, Թի՛մ,- ասացի:- Քո հիանալի ճառերը կարճ են, բայց հասնում են աշխարհի ծայրն անգամ: Այն, ինչ այդպես ասում ես, թույլ է տալիս բոլորովին մոռանալ կավը: Քո ճառերը միշտ ավելին են, Թի՛մ: Դրանք, ճշմարիտ որ, համաշխարհային ելույթներ են:

Բայց Թիմը ոչինչ չասաց: Նրա դեղնած դեմքը հստակ չէր երեւում գիշերային ճերմակ ձյան մեջ: Ձյունը նողկալիորեն դժգույն էր: Մտածեցի, թե Թիմը քնած է: Նա, ով կարող է մեծ-մեծ խոսել վախից, կարող է նաեւ քնել այստեղ, այսինքն՝ անտառում, որտեղ ռուսներն են: Թիմը ձնախորշի մեջ էր, դեղնած դեմքը՝ հրացանին: 
- Վե՛ր կաց, Թի՛մ,- կանչեցի: 

Թիմը տեղից չելավ, իսկ նրա դեղնավուն դեմքը ձյան մեջ օտարոտի էր թվում: Կոշիկով սեղմեցի Թիմի այտը: Կոշիկի վրա ձյուն էր: Այն մնաց այտի մոտ: Կոշիկը, սեղմվելով այտին, անցք բացեց: Ու փոքրիկ հետք մնաց: Ապա տեսա, որ Թիմի ձեռքը հրացանին է: Իսկ ցուցամատը դեռ կորացած էր:

Մի ժամ կանգնած էի ձյան մեջ: Մի ժամ կանգնած էի Թիմի մոտ: Ապա ասացի մեռած Թիմին. 
- Դու ճիշտ ես, Թի՛մ, մեզ ոչինչ էլ չի օգնի: Ո՛չ աղջիկ, ո՛չ խաչ, ո՛չ սոխակ, Թի՛մ, ո՛չ էլ անգամ թափվող եղրեւանին, Թի՜մ: Որովհետեւ նույնիսկ պարոն Հինշը, որ ականջ է դնում սոխակին եւ դեռ առնում է եղրեւանու հոտը, պետք է մեռնի: Մինչդեռ սոխակը երգում է: Եվ միայն իր համար է երգում: Իսկ պարոն Հինշը միայն եւ միայն իր համար է մեռնում: Սոխակի համար միեւնույն է: Սոխակը երգում է (սոխակը ե՞ւս միայն կավից է: Ինչպես դո՜ւ, Թի՛մ):

Թարգմանությունը գերմաներենից՝ Սիրանուշ Փարսադանյանի
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ