ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին

ՀԿԵ-ն հայտնում է երկաթուղային ճանապարհով ներկրման անկման մասին

Մարտի 16-ից Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունն ազդել է Հարավկովկասյան երկաթուղու առաջին եռամսյակում աշխատանքի արդյունքների վրա։ Ընկերությունում կայացած խորհրդակցության ընթացքում հայտարարվել է, որ հաշվետու շրջանում փոխադրվել է 710 հազար տոննա բեռ, ինչը չի հասնում կանխատեսված ցուցանիշին։

Ներկրման հաղորդակցությունում 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բեռնափոխադրումներն առաջին եռամսյակում նվազել են 2,4 տոկոսով։  
Երկաթուղային ուղեւորափոխադրումների ոլորտում նույնպես անկում է գրանցվել 8 տոկոսով՝ մինչեւ 74,4 հազար ուղեւոր։ 

Հարկ է նշել, որ մարտի կեսերից չեղարկվել են Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային եւ Երեւան-Գյումրի-Երեւան արագընթաց գնացքները։ Այժմ գործող երթուղիներում նկատվում է ուղեւորահոսքի նվազում՝ նախորդ տարվա  համեմատ։

ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը խորհրդակցության ընթացքում կոչ է արել՝ ակտիվացնել բեռների հոսքն ապահովելու ուղղությամբ կատարվող աշխատանքները։ 

«Այսօր արդեն գրանցվել են բեռնափոխադրումների անկում եւ ուղեւորափոխադրումների գծով կորուստների աճ։ Մեր աշխատանքի հիմնական խնդիրը երկաթուղի նոր բեռների հոսքի ապահովումն է։ Դրանից է կախված ընկերության արդյունավետ աշխատանքը»,- ասաց գլխավոր տնօրենը։

Նա նաեւ պատասխանատու անձանց եւ ղեկավար կազմին հանձնարարել է՝ չթուլացնել սանիտարահամաճարակային կանոնների եւ նորմերի կատարումն արտակարգ դրության պայմաններում։

«ՀԿԵ» ՓԲԸ-ն  հանդիսանում  է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն եւ իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երեւանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ եւս 10 տարի երկարացման իրավունքով: