Ոչ դասական ամնեզիայի խնդիր

Ոչ դասական ամնեզիայի խնդիր

Ժամանակին անգլիացի պետական գործիչ Ուինսթոն Չերչիլն (1874-1965) ասել է, որ հիմար է այն մարդը, ով երբեք կարծիք չի փոխում: Ենթադրում եմ, որ խոսքը հատկապես վերաբերում էր քաղաքական գործիչներին: Նրա մահից կես դար անց քաղաքական գործիչներն այնպես են սերտել Չերչիլի այդ միտքը, որ սկսել են կարծիք փոխել թաշկինակի նման: Եվ չբավարարվելով դրանով՝ հրաժարվում են թե՛ նախկին կարծիքներից և թե՛ նույնիսկ նախկին խոսքերից: Նման վարքագիծ են դրսևորում հատկապես պոպուլիստ գործիչները: Դրանց մեջ չեմպիոնական կոչմանն արժանի մեկն էլ վարչապետի պաշտոնին կառչած Փաշինյան Նիկոլն է: Ինչի վկայությունը հերթական մամուլի ասուլիսում ասված այս նախադասությունն է. «Ես իմ քաղաքական գործունեության ընթացքում չեմ հիշում մի դրվագ, մի նախադասություն, որն ասելու ժամանակ անկեղծ չեմ եղել»: Մյուս կողմից էլ այս երևույթը բժշկության մեջ ամնեզիա կոչված երևույթն է, երբ պացիենտն ինչ-որ չափով կորցնում է հիշողությունը: Խնդրեմ այդ երևույթի բժշկական սահմանումը. «Ամնեզիա՝ հիշողության խանգարում, որը բնութագրվում է հիշողության կորստով՝ նախկին փորձառնության որոշակի մասի համար»: 

Փաշինյան Նիկոլի դեպքում ամնեզիան տարածվում է միայն նրա քաղաքական գործունեության շրջանի վրա: Իսկ ավելի վաղ շրջանը՝ մանկությունն ու պատանեկությունը, ենթադրաբար, զերծ է եղել ամնեզիվ երևույթներից: Չնայած այդ առումով էլ 100 տոկոսանոց վստահություն չեմ կարող ունենալ, քանի որ վերջինիս կյանքի այդ ժամանակաշրջանը չի անցել իմ հայացքի ներքո: Ինչևէ, դեռևս օրաթերթի խմբագիր եղած ժամանակ ինքն, օրինակ, արձանագրել էր, որ ՀՀ երրորդ նախագահի թոռներից մեկը (փեսա Միշիկի զավակը) օգտվել է ադամանդապատ ոսկե ծծակից: Հետո պետք է հայտնվեր Միքայել Մինասյանը և հայտներ, որ Նիկոլը շանտաժի է ենթարկել իրեն գումարի շորթման նպատակով: Իսկ 2018 թվականի գարնանային իրադարձությունների օրերից բոլորս էլ հիշում ենք մարդկային բազմության առջև ելույթ ունեցած Աբաջյանի կեղծ պապիի ֆենոմենը: Կարող ենք ենթադրել, իհարկե, որ Նիկոլը չի իմացել պապին կեղծ է, թե իրական: Բայց այդ դեպքում պետք է ընդունենք, որ Նիկոլը չի իմացել, որ Ռադիոտան դուռ ջարդելը հանցագործություն է: Փողոց փակելը հասարակական կարգի խախտում է: իսկ փողոց փակելու ուժով վարչապետի պաշտոնին տիրանալը իշխանության բռնազավթում է: Եվ այդ ամենն արվել է ոչ գիտակցաբար:

Բայց պետք է խոստովանեմ, որ երբեմն նույնիսկ ինձ է թվում, որ ինքն, այնուամենայնիվ, տառապում է ամնեզիայի այնպիսի տեսակով, որն ուսումնասիրված չէ բժիշկների կողմից: Այսինքն՝ պացիենտին թվում է, թե ինքը ճիշտն է ասում, սակայն իրականում կեղծում է՝ առանց դա գիտակցելու: Եթե այդպես չլիներ՝ չէր հայտարարի, օրինակ, որ հերոսածին մայրերը կորցրել են ընդամենը մեկ զավակ, իսկ ինքը՝ 4000: Որովհետև պետք է հիշեր, որ կապիտուլյացիոն հայտարարությունը ստորագրելուց հետո, բունկերում թաքնված, նա ոչ թե 4000 զոհված զավակների ողբն էր լացում, այլ իր կողմնակիցներին վրեժ էր կոչում ընդդեմ այդ հազարների ծնողների: Կամ դրանից 40 օր անց կինն ու ավագ դուստրը տժժում էին մոսկովյան ռեստորաններից մեկում: Իսկ ինքն էլ մասնակցում էր ինչ-որ քեֆերի՝ հարսանիք էր, ինչ էր, արդեն չեմ հիշում: Կարծում եմ, որ 4000-ի որդեկորույս հայրն իրեն չէր կարող թույլ տալ նման արարք: Եվ միաժամանակ թույլ չէր տա ընտանիքի այլ անդամներին տժժալու մոսկվաներում՝ դիմավորելով նոր տարին: Եվ երբ Փաշինյան Նիկոլն ասում է, որ «խնդիրն այն է, որ մենք շատ կարևոր ենք համարում քաղաքացու, ժողովրդի հետ զրույցը և դրանում մաքսիմալ անկեղծ ենք», մեզ մնում է ենթադրել, որ վերջինիս առումով ոչ «դասական» ամնեզիայի հարցն, իրոք, ուշադրության է արժանի: