Տուն արի, այ տղա…

Տուն արի, այ տղա…

Եթե այս պահին, քանի դեռ կարդում եք այս հոդվածը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հրաժարական չի տվել, ապա դա նշանակում է, որ նա եւ իրեն այդ պաշտոնում նշանակած անձինք բացարձակապես կապ չունեն «պետություն» եւ «պետականություն» հասկացությունների հետ: Այլ խոսքով ասած՝ եթե Արայիկ Հարությունյանը մինչ այս պահը հրաժարական չի տվել, ապա դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, որովհետեւ պատահաբար վարչապետ է, իսկ Արայիկ Հարությունյանը նախարար է, որովհետեւ պատահաբար նախարար է: Նրանք դե յուրե զբաղեցնում են այդ պաշտոնները, բայց դե ֆակտո իրենց տեղում չեն, գործում են «պետություն» եւ «պետականություն» հասկացություններից դուրս:

Ասվածի վառ ապացույցն է նաեւ այն, որ փորձ է արվում Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը ներկայացնել ներկա եւ նախկին իշխանությունների պայքարի համատեքստում, այսինքն՝ ծածկադմփոց անել այն խայտառակությունները, որ տեղի են ունեցել եւ շարունակում են տեղի ունենալ այս իշխանության օրոք: Ինքնադրսեւորման այլ ձեւ, քան սեփական անհաջողությունները նախկինների վրա դուրս գրելն է, ՀՀ ներկա իշխանություններն այդպես էլ չսովորեցին, եւ ես վստահ եմ՝ ոչ թե այն պատճառով, որ հնարավորություն չունեին, այլ որովհետեւ չկարողացան: Մտավոր կարողությունների հարց էր:

Ամենեւին վստահ չեմ, որ Արայիկ Հարությունյանի հրաժարականից հետո հայտնվելու է մի փրկիչ, որ կարողանալու է, չասեմ՝ ոտքի կանգնեցնել, գոնե փրկել ոլորտը վերջնական ավերումից: Նիկոլ Փաշինյանի կադրային բազան լավատեսության հիմքեր չի տալիս, մինչդեռ երեկ, ավելի ստույգ՝ 2018թ. դեկտեմբերի 9-ին, մենք համոզված էինք, որ ընտրում ենք փրկիչների, որոնք գալիս են երկնքից մանանա իջեցնելու: Չանցած մեկ տարի՝ պարզվեց, որ ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների 70 տոկոսը կողմ է քվեարկել կախարդական փայտիկին, որ հանգամանքների բերումով հայտնվել էր հենց Նիկոլ Փաշինյանի ձեռքում: Այսօր Արայիկ Հարությունյանը Փաշինյանին կանգնեցրել է փաստի առաջ, ինչպես դա արել էր Վայոց ձորի տխրահռչակ մարզպետը, որի հարցերը Փաշինյանը լուծեց շատ արագ:

Ի՞նչ անել Արայիկ Հարությունյանի պարագայում, որին սխալմամբ վստահվել է մի ոլորտ, որ անմիջական կապ ունի ամեն ինչի հետ եւ համարվում է պետության ու պետականության հիմնաշաղախի ցեմենտը: Եթե Նիկոլ Փաշինյանը դեռ մտմտում է՝ ազատե՞լ, թե՞ չազատել նրան պաշտոնից, ապա ես խորապես ցավում եմ, որովհետեւ նրան այդ պաշտոնում պահելը նպաստում է կառավարության եւ վարչապետի հրաժարականի պահանջի ձեւավորմանը: Սա այն դեպքը չէ, որ, ինչպես ուժայինների պարագայում արվեց, աղմուկ բարձրացնեն, թե հակահեղափոխության դեմ են պայքարում: Բացի այդ, Արայիկ Հարությունյանը ոչ մի կերպ չի կապվում նախկինների հետ եւ, ըստ էության, այն պաշտոնյան է, որ կրում է թավշյա հեղափոխության կնիքը, եւ որի գործողությունների համար անմիջական պատասխանատվություն է կրում հեղափոխության առաջնորդը: Արժե՞ հիշեցնել նրան, որ «նոու-հաու» ոճի մեջ Արայիկ Հարությունյանի բոլոր արկածախնդրությունները վերագրվել են վարչապետին՝ սկսած դպրոցներում կասկածելի միջոցառումներից եւ վերջացրած մետրոյի կայարանում խայտառակ բեմադրությամբ: Տխմարություն է, չէ՞, մտածելը, որ Արայիկ Հարությունյանն ինքնագլուխ կերպով 20 միլիոն է հատկացնում աղմկահարույց «Մել» ֆիլմին, 2.7 միլիոն՝ մի սատանայության, որ ներկայացվում է որպես «բարձր» արվեստի հետ առնչվելու փորձ: Արայիկ Հարությունյանն է կանգնած ոչ մասնագիտական բուհական ծրագրերից «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները հանելու, դպրոցներում «Եկեղեցու պատմություն» առարկան արգելելու եւ նմանատիպ այլ ձեռնարկների հետեւում, բայց ո՞վ է այդ դեպքում այն մարդը, որ Արայիկ Հարությունյանին կարգել է, ազգային արժեքները (լեզուն, գրականությունը, պատմությունը, գիտությունը, մշակույթը, հավատը) պահող-պահպանող թիվ մեկ պաշտոնյա:

Իմ խիղճն ինչ-որ տեղ հանգիստ է, որ Փաշինյանին երբեք չեմ մեղադրել սորոսական լինելու մեջ: Փոխարենը գրել ու գրել եմ այն մասին, որ թավշյա, ոչ բռնի ժողովրդական հեղափոխության ողջ ֆինանսական բեռն ընկած է եղել Սորոսի հիմնադրամի վրա, որի հայաստանյան ներկայացուցիչներին արդեն ճանաչում ենք անուն առ անուն: Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների անուններ Սորոսի ռոճկացուցակներում, բարեբախտաբար, չկան: Բայց սա չի նշանակում, որ Փաշինյանը, ինչպես հարկն է, չի օգտվել այդ հանգամանքից եւ Հայաստան եկած այդ գումարները չի նպատակաուղղել հեղափոխության հաղթանակին: Դա շատ լավ երեւում է նաեւ սորոսականների պարտքի տակից դուրս գալու, նրանց վարձահատույց լինելու Փաշինյանի պահվածքից: Այսօր մեր ԱԺ-ում մի ամբողջ սորոսական ֆրակցիա է գործում, սորոսականների են վստահվել առանցքային պաշտոններ եւ ամբողջական ոլորտներ, նրանց թույլատրվել է իսկական վարուցանք սկսել հասարակության մեջ, «բարոյական արժեքներ» ներմուծել: Դժվար է, իհարկե, նման շրջապատով երկիր կառավարելը, մանավանդ, որ սորոսականների ախորժակն ավելի է բացվել: Սա այլեւս պետական անվտանգության հարց է, եւ ցանկացած նոր նահանջ հղի է լրջագույն հետեւանքներով:

Ոչ մի արդարացում պետք չէ փնտրել սորոսականների գործողություններում: Դրանք մեկ բացատրություն ունեն՝ ամեն կերպ պառակտել հասարակությունը, թուլացնել ու խոցելի դարձնել ազգային պետությունը: Այսօր եվրոպական երկրներում են արգելում Սորոսի հիմնադրամից ֆինանսավորվող կազմակերպությունների գործունեությունը: Ինչո՞ւ, որովհետեւ հասկացել են, որ այդ կազմակերպությունները պետություններ քայքայելու առաքելություն ունեն: Մեր վարչապետը խելքը տվել է Արման Բաբաջանյանին, Ստյոպա Սաֆարյանին, Սաքունցին, Մակունցին, Լարիսին ու Լեւոն Բաղդասարյանին: Նրանք են օրակարգ ձեւավորում Հայաստանում, ո՞վ է, վերջապես, Արայիկ Հարությունյանը, որ գա ու մաշտոցյան գիր-գրականության ու գիտության հերն անիծի Հայաստանում, տերտեր հալածի դպրոցից, ռեկտոր փոխի համալսարանում, իր ոտքերը սրբի մեր մշակույթի օջախների վրա եւ ամսական 1.5 միլիոն աշխատավարձ ստանա: Մենք անձի խնդիր չենք դնում, Արայիկ Հարությունյանը թող մնա ու աշխատի, բայց անի այն, ինչ պետք է անի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի բազմանախարարը եւ ոչ թե տասնյակ միլիոններ արժեցող ֆիլմ նկարի, որ Հայաստանում չի էլ ցուցադրվելու:

Վտանգված են նաեւ մյուս ոլորտները՝ առողջապահության ոլորտո՞ւմ է ամեն ինչ ՕՔ, թե՞ աշխատանքի ու սոցիալական ապահովության, ի՞նչ է կատարվում արդարադատության հետ, ի՞նչ ներկայացումներ են բեմադրվում դատարաններում, ովքե՞ր են դարձել հասարակության սիրելին ու ովքեր են հետապնդվում: Կույր պետք է լինել՝ այս ամենը չտեսնելու համար: Փաշինյանը պարտավոր է կանգ առնել, իսկ եթե չի կարող, ապա պետք է ազնվություն ունենա եւ խոստովանի, որ սորոսականներն իրենից խլել են իշխանությունն ու երկիրը տանում են կործանման: Մի բան է սորոսականների ուսերին իշխանության գալը, մեկ ուրիշ բան՝ այդ կործանիչներին իշխանություն տալը:

Փրկվիր, Նիկոլ, թե կարող ես: Բոլորն են պատրաստ քեզ օգնել այդ հարցում՝ Արցախը, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, մի ամբողջ ժողովուրդ: Տուն արի, այ տղա…