Ես հանդիպեցի ինձ

Ես հանդիպեցի ինձ

Մի օր պատերազմը կավարտվի,- ինքն իրեն հույս տվեց վիրաբույժն ու ծանր վիրահատությունից հետո հոգնած մեկնվեց բազմոցին: Դիմացի հայելին խոսեց իր անխնամության մասին ու ոլորապտույտ լաբիրինթով ետ տարավ դեպի մտացրիվ երազանքներ: 

- Թեյը սառել է, դոկտո՛ր, նո՞րը բերեմ,- աղոտ լսվեց պատերազմի օրերին հարազատացած ձայնը, բայց ոչ մի արձագանք: Հայելին խժռել էր իրականությունը…

***
- Նարե՛կ։

- Նարե՞կ,- զարմացած հայացքը մատյանից բարձրացրեց փոխարինող ուսուցչուհին, ով հերթով ծանոթանում էր աշակերտների հետ։

- Նարե՛կ,- պատասխանեց տասնհինգամյա պատանին եւ առաջին անգամ ինքն էլ զարմացավ։

Ֆրանսիայի հարավում ծվարած փոքրիկ գյուղաքաղաքի դպրոցում այսօր էլ սովորականի նման հնչեց վերջին դասի զանգը, եւ աշակերտները հեղեղի նման դուրս ժայթքեցին դպրոցից։ Օրը սովորական չէր միայն նրանցից մեկի՝ տասնհինգամյա Նարեկի համար։ Մտքերը հանգիստ չէին տալիս։ Շտապում էր տուն։ Այս պահին միակ մարդը, ով կարող է պատասխանել հարցերին, մայրն է։ Ի՞նչ մտքեր են եղել ֆրանսուհի մանկաբույժի գլխում, երբ միակ երեխային Նարեկ է անվանել։ Ծննդյան օրից տասնհինգ տարի է անցել, տանը երբեւէ չի խոսվել իր անվան մասին, ինքն էլ չի հարցրել երբեւէ։ Միայն այսօր, առաջին անգամ բարձրաձայնվեց եւ իր մեջ արթնացրեց հարցերի հարցը։ Հիմա քայլում է, ավելի ճիշտ՝ վազում է դեպի տուն՝ մտաբերելով իրեն ծանոթ ու անծանոթ մարդկանց անուններ, հիշողությունը որքան էլ լարում է, չի գտնում իրեն անվանակից մեկին։

Արեւը ջերմացնում է խաղաղ այս քաղաքը մինչեւ խոր աշուն։ Տանտերերը ծաղիկներ են աճեցնում մայթերի մոտ՝ գույնզգույն, բուրավետ։ Թիթեռներն ու մեղուներն օգտվում են այդ առատությունից՝ լրացնելով գյուղաքաղաքի անդորրը։ Եվ միայն այսօր՝ Նարեկի սրընթաց քայլերը խախտում են համատարած անդորրն ու շտապում տուն։ Արդեն տան մոտ էր, երբ լսվեց քաղաքային հեռախոսի զնգոցը։ Արագ դուռը բացեց, բայց չհասցրեց պատասխանել զանգին։ Մայրը տանը չէր, որոշեց մի փոքր հանգստանալ։ Ձեռքն առավ բջջային հեռախոսն ու խորասուզվեց։ Մոռացավ ամեն ինչ. ընկերներն ընդհանուր չաթում քննարկում էին վաղվա գրավոր աշխատանքի հարցերը, առանց Նարեկի հնարավոր չէր (նա լավ էր սովորում, պատրաստվում էր ինժեներ դառնալ)։ Այդպես էլ նիրհել էր։ Արթնացավ, երբ մայրը ծածակում էր ուսերը, վեր կացավ, երբեւէ այդքան չէր սպասել… Գնաց խոհանոց, միասին ընթրեցին մի տեսակ լուռ: Վերջապես, երբ մայրը կարգի էր բերում խոհանոցը, այն պահին, երբ հայացքները չէին բախվում միմյանց, հարցրեց.

- Մա, ինչո՞ւ Նարեկ:

Մայրը նստեց տղայի դիմաց, հայացքը միանգամից մգացավ, փոխվեց: Առանց այլեւայլ բացատրությունների ասաց.

- Որովհետեւ հա՛յ ես: Հա՛յրդ էր հայ, այդպես էր ուզում: Նա ապրեց ու իր կյանքը նվիրեց հայրենիքին:

Մայրը դուրս եկավ խոհանոցից՝ ընտանեկան ալբոմն ու նամակները բերելու: 

Մոլորակը երեք հարյուր վաթսուն աստիճան փոխվեց:

***
- Ես հանդիպեցի ինձ,- ծանոթ ժպիտով ակնարկեց  հայելու միջի երիտասարդը:

- Այս պատերազմը պիտի՛ հաղթանակով ավարտվի,- ավելացրեց դոկտոր Նարեկն ու մի շնչով խմեց սառած թեյը:

 

Անուշ ԹԱՍԱԼՅԱՆ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ