Ճամպրուկներ կապածներին մի՛ ողջունիր Նոր տարվա գիշերով 

Ճամպրուկներ կապածներին մի՛ ողջունիր Նոր տարվա գիշերով 

Թող որեւէ մեկը չկասկածի Նիկոլի կարողություններին, թե ապաշնորհ է, արկածախնդիր, նվաստ ունակությունների տեր, որ փողոցից պատահաբար կամ բախտի երջանիկ բերումով եկավ իշխանության: Նիկոլը նա է, որ կարողացավ կոտրել մի ամբողջ ժողովրդի Հայաստանում եւ սփյուռքում: Սա հեշտ ու դյուրին խաղ չէ, ոչ էլ ամեն մեկին տրված հատկություն, համենայնդեպս, մեր վերջին 30 տարվա պատմության մեջ միայն նրան հաջողվեց անել դա, հասնել այդ սեւ կետին: Կարողացավ նախ երկուսուկես տարում պառակտել մեզ, բաժան-բաժան անել, ատելության ու ջղաձգության մեջ պահել, կրկեսային տեսարաններով ոգեւորել, իրենով անել եւ կոտրել ծանր, գոնե այս պահի մեջ՝ անդարձ: 

Երկու ամիս առաջվա նույն ժողովուրդն է, որ մեծից փոքր ոգեւորված` ե՛ւ սահմանին, ե՛ւ թիկունքում, ամեն հնարավորն ու անհնարն անում էր իր հողի անգամ մեկ սանտիմը պաշտպանելու, չզիջելու համար: Անպարտելի էր այդ ժողովուրդը եւ վճռականորեն դեպի ապագան գնացող: Իսկ հիմա հայրենիքի զգալի մասը կորցրած եւ ամեն օր իր սահմանները թշնամուն զիջելու իրողության մեջ գտնվելով` դուրս չի գալիս փողոց ու հրապարակ՝ ասելու, որ ինքը տեր է իր երկրին: Սա ինքնապաշտպանական բնազդ է, որ բնորոշ է ամեն կենդանի էակի: Տասնամյակ չի անցել, սերունդ ու մտածողություն չեն փոխվել, նույն պատերազմի օրերի տոկուն ժողովուրդն է` պարզապես կոտրված, շատ կոտրված:

Կարող էր պարտվել, բայց չկոտրվել: Ամբողջ պատերազմի ժամանակ խաբվեց, հիմա էլ ծաղրվում է թշնամուց, որի առաջ բոլորովին անպաշտպան է մնացել: Իսկ Նիկոլը դարձյալ շարունակում է տեսարաններ սարքել, էժան կտերով կերակրել` մնալով իր բնույթին հարազատ: Հիմա էլ Հասմիկ Պողոսյանի եւ Արմեն Սմբատյանի դեմ է քրեական գործ հարուցել՝ օֆշորներում փողեր լվանալու համար: Արդյո՞ք կարող է սա բուժական ներգործություն ունենալ, ապագայի հույս ներշնչել ընկճախտի մեջ գտնվող հասարակությանը, որ ճամպրուկները կապել եւ սպասում է ռազմական դրության չեղարկվելուն, ճանապարհների բացվելուն, որ օր առաջ բռնի օտարության ճանապարհը: Արտասահմանում գտնվող հարազատների հետ հեռախոսակապով հույս են տալիս եւ հույս առնում, որ գալու են, որ ընդունելու են: Ով ոնց պատկերացնում է, այնպես էլ պատրաստվում է գլխի ճարը տեսնել: Այս մարդկանց համար արդեն միեւնույն է` Նիկո՞լը կմնա վարչապետ, թե՞ մեկ ուրիշը կլինի, ռուսի՞ տիրապետության տակ կլինենք, թե՞ թուրքի: Արդեն հետաքրքիր չէ, թե ով կգնա, ով կգա, իրենք գնացող են: Իսկ մնացողները ճամփաբաժանին կանգնածի պես չեն կողմնորոշվում, թե որ ուղղությամբ գնան, եւ նայում են անորոշ:   

Արդյո՞ք բարոյական է կամ արդարացի, որ նման հոգեվիճակում գտնվող ժողովուրդը դեկտեմբերի 31-ի գիշերը լսի պարտված ու ծաղրված եւ երկիրը պարտության ու ծաղրանքի հոմանիշ դարձրած վարչապետի ամանորյա ուղերձը: Մի՛ ողջունիր նորոգման հավատ ներշնչող տարեմուտի այդ գեղեցիկ գիշերով մի ժողովրդի, որ չի սպասում քո ողջույնին: Խղճա, խնայիր մարդկանց` այդպիսով գոնե սփոփած կլինես: Իսկ եթե մինչ այդ մնալու եւ կարդալու ես, գոնե կարդա քո հրաժարականի տեքստը: Հնարավոր է, որ մարդիկ մտափոխվեն, բացեն կապած ճամպրուկները, նորից սիրեն իրենց տունը եւ հավատան իրենց երկրին: Վստահեցնում եմ, որ նրանց զգալի մասը հենց այդպես էլ կվարվի` տեսնելով լույսի շող քո պատած խավարի մեջ: Բայց ավելի արդար կլինի, որ հրաժարականի տեքստդ մինչ այդ կարդաս: Հուսանք եւ սպասենք:  

Հուսիկ Արա