Կայացնել արդարացման դատավճիռ, հռչակել «Սասնա ծռերի» անմեղությունը․ պաշտպանը հանդես եկավ ճառով

Կայացնել արդարացման դատավճիռ, հռչակել «Սասնա ծռերի» անմեղությունը․ պաշտպանը հանդես եկավ ճառով

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր որոշ հարցեր քննարկելուց հետո հանրային պաշտպաններից Անի Գրիգորյանը հանդես եկավ պաշտպանական ճառով։

Նա իր խոսքում նշեց․ «Վարուժան Ավետիսյանին, Մխիթար Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Էդվարդ Գրիգորյանին, Գագիկ Եղիազարյանին, Սմբատ Բարսեղյանին, Արեգ Կյուրեղյանին եւ Սեդրակ Նազարյանին մեղսագրվող արարքներում պետք է ճանաչել անպարտ եւ արդարացնել։ Առաջադրված մեղադրանքներին անդրադառնալով՝ նշեմ, որ երեւում է, որ ամբաստանյալների մեղադրանքների ձեւակերպումներն անհատականացված չեն, այսինքն՝ իմ պաշտպանյալներին առաջադրված մեղադրանքների ձեւակերպումների մեջ բացակայում է փաստական հանգամանքները,  ինչպես նաեւ այդ հանգամանանքերը հիմնավորող ապացույցները, ձեռք չեն բերվել բավարար ապացույցներ»։

Պաշտպանն իր ճառում նաեւ նշեց, որ ՀՀ քաղաքացին ունի ապստամբության իրավունք, որոնք «Սասնա ծռերը» իրացրել են․ «Պետք է հաշվի առնել, որ ամբաստանյալների գործողությունները տեղավորվում են մարդու բնական իրավունքների պաշտպանության շրջանակներում։ Ամբաստանյալները ողջ դատավարության ընթացքում նշել են, որ նախկին իշխանության կողմից Սահմանադրությունը տապալվել է, ամբաստանյալների ապստամբությունը կապված է պետական իշխանություն իրականացնող ինստիտուտների լեգիմիտության հետ»։

Հանրային պաշտպանը դատարանից խնդրեց՝  կայացնել արդարացման դատավճիռ, ճանաչելով եւ հռչակելով իր պաշտպանյալների անմեղությունը։