Իրական վարկանիշները կերևան, երբ լինի մեծ սով

Իրական վարկանիշները կերևան, երբ լինի մեծ սով

«Հրապարակի» հարցազրույցը «Սոցիոմետր» կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանի հետ։

-Պարոն Ադիբեկյան, արտահերթ ընտրությունների սպասումներ կան, և այս պարագայում հրատապ են քաղաքական վարկանիշները։ Նախ, ունե՞ք պատվերներ հարցումների։

-Պատվերների համար դեռ շուտ է։ Քանի որ դեռ պետք է որոշվի, թե ով է ընդդիմադիր, ինչ դեմք է հանդես գալիս որպես ընդդիմության ներկայացուցիչ, և նաև պարզվի, թե ներկայիս իշխանությունները որքանով են պատրաստ պաշտպանել իրենց դիրքերը։ Կամ զիջել, թողնել ու գնալ։ Դրա համար, այս անորոշության պայմաններում հարցումներն իմաստ չունեն, չնայած, փորձեր անում են` հետազոտելու վարկանիշները։ Հիմա տեսեք․ Փաշինյանի խումբը երբ եկավ իշխանության, 42 տոկոս մասնակիցներից 30 տոկոսը ձայն տվեցին իրեն։ Փաստորեն, ընտրողների մեկ երրորդն է իրեն ընտրել։ Այսօր, որոշ տվյալներով, ստացվում է, որ այդ 30 տոկոսը նվազել է մինչև 6 տոկոսի, մոտ 5 անգամ։ Չնայած, մի 5 տոկոսն էլ կամուկացի մեջ է՝ շարունակի՞ պաշտպանել, թե՞ ոչ։ Եվ ամենակարևորը՝ ընդդիմությունը կարո՞ղ է միավորվել, ունենալ մեկ առաջնորդ, որովհետև մեր ընտրողներն ավելի շուտ հենվում են դեմքի վրա, չեն ճանաչում ծրագրային դրույթներ։ Մեկ էլ խոստումներին են նայում։ Մեկ էլ դեմքին՝ դեմքը վստահություն ներշնչո՞ւմ է, որ իր խոստումները կկատարի։

-Դուք դասական նախընտրական վիճակների մասին եք խոսում։  Չմոռանանք, որ երկրում պատերազմ է եղել, որի ահավոր հետևանքները հիմա ակնառու են։

-Մի նրբություն կա, որն էական է, եթե երկրում ճգնաժամ կա՝ տնտեսական, քաղաքական, էկոլոգիական կամ բան․․․ հարցումներն իմաստ ունենում են, որովհետև պատճառը գիտենք որն ա։ Իսկ մեզ մոտ բազմագործոնային իրավիճակ է․ համաճարակ, պատերազմ, տնտեսական վատ իրավիճակ,  համաճարակի հետևանքով գործազրկության կտրուկ աճ, եկամուտների կրճատում։ Մենք ՄԱԿ-ի մի հիմնադրամի համար հարցումներ ենք անում, որը որոշում է պարենային վիճակը երկրում, միջին բիզնեսի այս վիճակի հիմնական պատճառն այն է, որ գնորդների թվաքանակն  է իջել, եկամուտները` պակասել։ Մեր տվյալներով՝ փոքր ու միջին բիզնեսից, որը զբաղվում է բնակչության պարենային առաջնային ապրանքներով, մոտ մեկ երրորդը փակվել է, մոտ մեկ երրորդը չի աշխատում, բայց մնում են։ 

-Ասում եք՝ 40 տոկոսը նախորդ ընտրությունների ժամանակ գնաց ընտրատեղամաս, հիմա` պատերազմից հետո՞ էլ։

-Այո, 40 տոկոս` հիմա էլ, և դա նորմալ թիվ է, քանի որ միշտ ընտրությունների նախնական փուլում այդ թիվը մոտ 40 տոկոս է։ Մի 20 տոկոս էլ միանում է՝ դառնում 60։

-Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարում է, որ արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։ Ձեր կարծիքով՝ կա՞, թե՞ ոչ։

-Մեր բնակչության 60 տոկոսից ավելին տանն ունի ինտերնետ։ Մտնում ես ինտերնետ, նայում ես մեր տեղական կայքերը, հիմնականում՝ բողոքներ․ «Նիկոլ, դավաճան», հեռացի, հողատու և այլն։ Բնակչությանն արհեստականորեն կամ մտովի, կամ պատահաբար նախապատրաստում են այդ արտահերթ ընտրություններին։ Այսինքն՝ գիտակցության ու ընկալումների մեջ պաշտոնանկությունը, հեռացումն ու արտահերթ ընտրությունները դառնում են գերակա։ Եթե մի բան հազար անգամ կրկնես, մարդ դա ընդունում է։ Սոցիոլոգիայի մեջ դա կոչվում է «Էդիպի էֆեկտ»։ Սա, երբ գիտես, թե ավարտը ոնց է լինելու, գնում ես դեպի ավարտը։ Հիմա մեկը, որը տանը մեկուսացված՝ միակապ աշխարհի հետ հաղորդակցվելով, օրը 24 ժամ լսում է՝ Նիկոլ, հեռացիր, նրա մոտ ի՞նչ կարծիք պետք է ձևավորվի, և նա ի՞նչ ընտրություն պետք է կատարի։ Չնայած, ես հասկանում եմ, որ Նիկոլ Փաշինյանը հեշտությամբ իշխանությունը չի զիջի, որովհետև բավականին մեծ զոհաբերության հիմքով է եկել ու պահպանում է իր իշխանությունը։ Իսկ եթե ընդդիմությունը կարողանա միավորվել ու փորձի գնալ նույն ճանապարհով, որով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության՝ փողոցային դեմոկրատիայի միջոցով, գուցե մի բանի հասնի։ Թեպետ, Նիկոլ Փաշինյանն այնքան հեռատես է, որ նախագահ ու վարչապետ ընտրող ԱԺ-ն պահում է իր հսկողության տակ։ Իմքայլական մեծամասնությանը շեղելն էլ բավականին դժվար է։ Պատահական չէ, որ ընդամենը 5-6 իմքայլական է դուրս եկել, այն էլ պաշտոնյաներ, որոնք հասկանում են, որ իրենց քաղաքական կարիերայի վրա իրենց մնալն ազդելու է։

-Նիկոլ Փաշինյանը հիմա ի՞նչ վարկանիշ ունի ժողովրդի այն ստվար հատվածի մոտ, որն իր գլխի վրայով նրան փողոցից բերեց իշխանություն ու հիմա էլ նախկին կուռքին կոչում է «դավաճան» ու պահանջում, որ հեռանա։

-Նրա վարկանիշը դեռ մնում է ամենամեծը։ Նրա վարկանիշը 2 անգամ ավելի մեծ է, քան իր ընդդիմադիրներից հիմնական դեմքինը։ Չեմ ուզում անուն տալ, որ չասեն՝ ռեկլամ։ Բայց, ընդհանուր առմամբ, բավականին ցածր է հաղթելու համար։ Նաև կարևոր է, որ շատերը չեն ուզում նրա հեռացումը, քանի որ քանի մարդու աշխատանք է տվել, գումարներ, թոշակներ է բարձրացրել։ Ճիշտ ա՝ շատ քիչ, բայց մի վերաբերմունք կա։ Դրա համար, քանի դեռ պարզ չէ, թե իր դեմն ով է լինելու, նա ինչ խարիզմա ունի․․․ Հետո տեսեք՝ 16-17 կուսակցություն միավորվել են, մի հատ ծրագիր չկա, որում նշված լինի, թե ինչ քայլերով են իրականացնելու իրենց նպատակները։Հա, էս ընկերը թողեց գնաց, ո՞վ ա գալու, ինչո՞վ։

-Այսինքն՝ Ձեզ համար ևս ակտուալ է հարցը՝ «եթե ոչ Նիկոլը, ապա ո՞վ»։

-Իհարկե և ակտուալ է, քանի որ ոչ ոք իր վրա այդ պատասխանատվությունը չի վերցնում, որ ես եմ դառնում ընդդիմության առաջնորդը։ Ընդդիմությունն էլ այնքան միասնական չէ, որ Պողոսին կամ Պետրոսին դարձնի իր խորհրդանիշը և դարձնի այն ուժը, որով կարողանա փոխել իշխանությունը։

-3-4 հազարանոց թոշակների բարձրացման մասին եք խոսում, մինչդեռ այսօր 10 միլիոնանոց հայությունը գործ ունի հայրենիքի 25 տոկոսի կորստի հետ, 5000 զոհի, և 30 տարվա մեր բոլոր հավաքական ջանքերի, այսպես ասած՝ թաղման հետ։ Ինչո՞ւ եք այդ նախապատերազմյան գործոնները փոխարինում նշածս իրողություններով։

-Նշում եք գործոններից մեկը, կան նաև այլ գործոններ, որոնք հանրային կարծիքի վրա մեծ ազդեցություն ունեն։ Ասել եմ՝ համաճարակ, աշխատանքի չգնալ, վատ սոցիալական վիճակ և այլն։ Միայն պատերազմը չէ, որովհետև պատերազմի հետևանքների հաղթահարման համար էլ գումարներ են պետք լինելու։ Էլի աշխատանք։ Բացի այդ, մեզ սպասում է սով։ Նախորդ տարիների կուտակած գումարները կծախսենք։ Տեսեք՝ տարիներ առաջ Հայաստանի բանկերում մոտ 2․5 միլիարդ դրամի ավանդ կար, միջինը 1000 դոլար էր։ Վերջին տվյալներով՝ այս ցուցանիշն իջել է 1, 5 միլարդի։ Այսինքն՝ ավանդների քանակը արդեն իջել է, իսկ երբ գա սովը, դրանք ավելի են պակասելու։ Գերեզմանի փող, հարսանիքի փող, ծննդի փող, էդ գումարները ծախսվելու են ու գալու է պահ, որ մարդիկ ուտելիքի փող չեն ունենալու։ Հիմա դա ՞ է կարևոր, թե այն կորուստները, որ ունեցել ենք։ Գոյատևման խնդիր է առաջանալու, իսկ այդ խնդիրը սոցիոլոգիայում առաջնային է, մնացածը երկորդային։ Դրա համար, պետք է որոշել, թե այս ամենը ինչքան վնասներ է բերելու։

-Ըստ Ձեզ, Ինչ վարկանիշ ունեն ՀՀ առաջին, երկրորդ ևերրորդ նախագահները։ 

-Նախագահների վարկանիշն ունի երկու բաղադրիչ, մեկը իշխանական դիրքինն է, մյուսը՝ անձնական։ Երբ Լևոն ՏերՊետրոսյանի չընտրվելուց հետո իջավ 6 տոկոսի, իմ վրա հարձակվեցին՝ բա ասում էիր 56 տոկոս է։ Ասեմ, որ 50-ը պաշտոնի վարկանիշն ա։ Իսկ անձնական վարկանիշները մոտավոր են, կազմում են ընդհանուր վարկանիշի տասը տոկոս։

Մանրամասները՝ տեսանյութում։