Արտահերթ ընտրությունների մասին. ի՞նչ կար եւ ի՞նչ ունենք

Արտահերթ ընտրությունների մասին. ի՞նչ կար եւ ի՞նչ  ունենք

Նախ, փաստենք, որ Հայրենիքի փրկության շարժումն արդարացիորեն իր առջև չէր դրել էր արտահերթ ընտրությունների միջոցով խորհրդարանական կոնֆիգուրացիան փոխելու խնդիր։ 
Այսպիսի խնդիր դնելը խելամիտ կլիներ, եթե օրինակ՝ իշխանությունները տապալած լինեին երկրի տնտեսությունը կամ օրինակ՝ դատաիրավական բարեփոխումները, սակայն մենք լրիվ այլ՝ կատաստրոֆիկ իրավիճակից ելնելով ենք դուրս եկել փողոց։

Այդպիսի իրավիճակը չէր ենթադրում պարզ իշխանափոխութուն կամ էլ ավելի վատ՝ ուժերի հարաբերակցության որոշակի փոփոխություն։

Որո՞նք էին պայքարի հիմքում ընկած հիմնական նպատակները՝
ա/ Իշխանության հեռացում ու Արցախյան «եռացող» հարցում փոփոխություններ։ Այդ թվում՝ նոյեմբերի 10-ի փաստաթղթի կիրառման նկատմամբ գործուն ներազդեցություն /այս մասին հստակ հայտարերել է Վազգեն Մանուկյանը/։
բ/ Երկրի ներքաղաքական իրավիճակի կայունացում։ Այդ թվում՝ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի ու Ընտրական օրենսգրքի կոնսեսուսային տարբերակի մշակում՝ հիմքում ունենալով «հավասար և մրցակցային» հնարավորությունների սկզբունքը։ Ընդ որում՝ առանց սրա նորմալ խորհրդարան ձևավորել այս պահին հնարավոր չէ, եթե կուզեք՝ բացառվում է։ Ավելին, բազմաթիվ նոր ուժեր անգամ չեն հասցրել գրանցվել /Մենք վաղուց գրանցվել ենք և տեխնիկապես պատրաստ ենք, ես խոսում եմ այլ նոր ու թարմ, առաջադեմ ուժերի մասի/։
գ/ Երկրի առջև ծառացած «վառվող» հարցերի կարգավորում ու պրոցեսների ստաբիլացում։ Այն կատաստրոֆիկ սոցիալ-տնտեսական, մշակությաին ու «պսիխոպատ» իրավիճակում, որում գտնվում է մեր հանրությունը, ընտրություններ անցկացնելը ոչ այլ ինչ է, քան հանցագործություն։ Այս ընտրությունները լինելու են մանիպուլացիաների և ոչ թե ծրագրերի ընտրություններ։ Ցանկացած փոքր մանիպուլացիոն ու կեղծ ինֆորմացիա ունենալու է գերագնահատված էֆեկտ՝ ազդելով ընտրական պրոցեսի և հետևաբար արդյունքի վրա։
դ/ Ամենակարևորը՝ 44-օրյա պատերազմի արդար և հանգամանալից քննության կազմակերպու ու մեղավորների պատասխանատվություն։ Չէ՞, որ Շարժման միջոցառումներին ամենաշատ վանկարվող բառակապակցությունը «Նիկո՛լ, դավաճան»-ն էր։ Դա հո՞ մոդայի խնդիր չէր։

Ի՞նչ ունենք այսօր։
ա/ Այսօր ունենք արտահերթ ընտրությունների մասին հայտարարություն, որին դրական են արձագանքել որոշ ուժեր։
բ/ Արցախյան հիմնահարցի ներկա իրավիճակի վերաբերյալ 0 դիրքորոշում այդ նույն քաղաքական ուժերի կողմից։
գ/ Իրավունքի գերակայության ու օրինականության սկզբունքների հիմնահատակ ավերման հետևողական պրոցես։

Ամեն քայլափոխի իշխանության դելեգիտիմ ռեպրեսիվ ներգործության զոհ են դառնում՝ դատավորներ, պետական ծառայողներ, ցուցարարներ, ուժային կառույցների «հանդուգն» ծառայողներ և այլն։ Ոչ իշխանահաճո դատական ակտ կայացրած դատավորի «այցելում» են ԱԱԾ-ականներ ու որևէ մեկն այդ քաղաքական ուժերից որևէ հնարավորություն չունի ներգործելու իշխանության այդպիսի վարքը զսպելու գործում, էլ ուր մնաց՝ մի ամբողջ ընտրական պրոցես վերահսկի ու գործուն ներազդեցություն ունենա։

դ/ Անդադար ու օրական ռեժիմով խորացող սոցիալ-տնտեսական ճգնաժամ, որը միանշանակ օգտագործվելու է կաշառք բաժանող ուժերի կողմից։ Չկասկածեք, այժմ արդեն, երբ իշխանություններն ունեն բավարար դրամական «հանգանակություններ», նրանք օգտվելու են այդ հին ու չմոռացված հնարավորությունից։
ե/ Չունենք մրցակցային Ընտրական օրենսգիրք, ինչը բացառում է նորմալ ընտրությունների անցկացումն ու որպես հետևանք նորմալ՝ մրակցային ու ներկայացուցչական խորհրդարանի ձևավորումը։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ մենք դուրս չենք գալու ներքաղաքական տուրբուլենտ վիճակից ու շատ արագ պրոցեսները կրկին տեղափոխվելու են փողոց։
զ/ Հիմա ամենակարևորը։ Նիկոլի կազմակերպած ընտրությունները նույն այդ նիկոլի պատասխանատվության բացառման գրեթե 100%-անոց երաշխիքն են։ Կա ելքի 2 հավանական սցենար։ 

Այսպես, նիկոլը գործադրելով իշխանական ռեպրեսիվ ողջ մեքենան, թքած ունենալով օրենքի ու իրավունքի վրա (ի դեպ, նա դա բոլորից լավ է անում), հրապարակ նետելով նորանոր մանիպուլացիոն ստեր (իսկ սրանում նրան գերազանցող չկա պարզապես) կորզում է ձայների մեծամասնությունը (ոչ կայուն) ու պայմանավորվելով խորհրդարան անցած ուժերից մեկի հետ (սա էլ է լավ անում, բոլորս վկա) ձևավորում է իշխանություն։

Երկրորդ սցենարով, նիկոլին չի հաջողվում ձևավորել կայուն մեծամասնություն, սակայն բավարար ձայներ է հավաքում խորհդարանում 2/3-րդ ձայներով անցնող հարցերի վրա որոշիչ ազդեցությունը պահպանելու համար։ Ընդհուպ՝ ինքնուրույն կարողանալու է նախաձեռնել օրինակ՝ վարչապետին անվստահություն հայտնելու հարցի քննարկում։

Այս երկու սցենարներով էլ գրեթե բացառվում է նիկոլին ու իր իշխանախմբին պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը։ 
Ու ի՞նչ։ Այս առումով, փաստորեն՝ ոչինչ։

Փոխարենն ունենք այն, որ ջրերը պարզվել են ու ձուկ բռնելն էլ հեշտացել է և իմ անձնական դիրքորոշումն այն է, որ Շարժումը պետք է նոր թափով վերսկսի իր ակտիվ պայքարը։ Սա Արցախյան ու Հայրենիքի փրկության շարժում է, ոչ թե՝ քվեների բաշխման։ 
Համբերություն և հետևողականություն։

«Ազգային օրակարգ» կուսակցության «Պետություն, ներքին քաղաքականություն և մարդու իրավունքներ» հանձնախմբի համանախագահ Վարազդատ Հարությունյան