ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, G7-ը եւ Ուկրաինայի հակահարձակումը

ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն, G7-ը եւ Ուկրաինայի հակահարձակումը

Երեկ նույնիսկ Բրյուսելի չափանիշներով, որը ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի կենտրոնակայան լինելու հանգամանքով սովոր է անվերջ թվով գագաթնաժողովների, համաժողովների, վեհաժողովների գումարման, եւ դրանք այնքան հաճախակի ու պարբերական բնույթ են կրում, որ վաղուց որեւէ մեկին որեւէ կերպ չեն տպավորում, այդուհանդերձ, անգամ Բրյուսելի չափանիշներով 2022թ. մարտի 24-ը բացառիկ ու տարբերվող օր էր: 

Տարբերվող օր էր այն պատճառով, որ Բրյուսելում նույն օրը միմյանց հաջորդելով գումարվում էին միանգամից ՆԱՏՕ-ի, G7-ի եւ ԵՄ բարձրագույն ղեկավար մարմնի` Եվրոպական խորհրդի արտահերթ գագաթնաժողովներ, որոնք կոչված էին ամրագրելու քաղաքակիրթ աշխարհի դիվանագիտական, տնտեսական եւ ռազմական միասնությունն ընդդեմ Ռուսաստանի ռազմական արկածախնդրության: Հանրագումարում այդ գագաթնաժողովները վերջակետ էին դնում Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Եվրոպայում հաստատված խաղաղության եւ հովվերգության դարաշրջանին, երբ մարդիկ մոռացել էին, թե ինչ է պատերազմ, երբ բարեկամաբար էին վերաբերվում Ռուսաստանին եւ հավատում էին, թե հնարավոր է բարությամբ չարիքը հաղթահարել: 

Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը վերջակետ դրեց յոթ տասնամյակ տեւած քաղաքական հովվերգությանը: Ուկրաինական տասնյակ քաղաքների վրա տեղացող ռուսական հրթիռները, ռումբերն ու մարտագլխիկները ցույց տվեցին, թե ինչպես կարելի է մի քանի օրում դժոխք ստեղծել միլիոնավոր մարդկանց համար ու վտանգել Եվրոպայի խաղաղությունը: Իբրեւ պատասխան այդ դաժան իրականության՝ բնականաբար, ՆԱՏՕ-ն պետք է վերջապես գիտակցեր, որ խաղաղությունը Եվրոպայում երաշխավորված չէ, եւ այն պաշտպանելու համար հարկավոր են գործուն քայլեր: Երեկ այդ քայլերը քննարկվում էին Բրյուսելում, եւ գոնե մի քայլի մասին հանրությանը հայտարարվեց: ՆԱՏՕ-ի պաշտպանիչ համակարգերը՝ ընդդեմ քիմիական, կենսաբանական եւ միջուկային տակտիկական զինատեսակների, բերվում են բարձրագույն պատրաստականության, եւ այդ համակարգերի բաղադրիչներ տրամադրվելու են նաեւ Ուկրաինային: 

Բնականաբար, նաեւ շարունակվելու եւ ընդլայնվելու է հակատանկային, հակահրթիռային եւ այլ մահաբեր զենքերի մատակարարումն Ուկրաինային, մանավանդ ի տես հանգամանքի, թե ինչ արդյունավետությամբ են ուկրաինական զինված ուժերը դրանք գործադրում: Վլադիմիր Զելենսկին, ով տեսակապով դիմել էր ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցներին, խնդրել էր, որ ՆԱՏՕ-ի տիրապետած զինանոցի մեկ տոկոսը տրամադրվի Ուկրաինային` տանկերի 1%-ը, ինքնաթիռների 1%-ը,  կործանիչների 1%-ը եւ այլն: Հաշվի առնելով, թե ինչ քանակությամբ եւ ինտենսիվությամբ է զենք մատակարարվում Կիեւին, Զելենսկու խնդրանքը, թվում է, իրագործման ճանապարհին է:
Համաժողովների արդյունքներով ընդունված հայտարարություններ կհրապարակվեն, եւ հայտնի կդառնա, թե ինչ նոր պատժամիջոցներ են մտածել ՌԴ-ի դեմ: Սակայն ուշագրավ մի տեղեկություն երեկ տարածվեց` պատժամիջոցների ներքո, ի թիվս այլոց, հայտնվել է նաեւ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի` Մեծ Բրիտանիայում բնակվող դուստրը (կարծես, խորթ դուստրը): 

Փոխարենը երեկ ուկրաինական ռազմաճակատներից շարունակ տեղային հաղթանակների մասին տեղեկություններ էին տարածվում` հավանաբար, նշանավորելու համար ՌԴ-ի դեմ երկրի ցուցաբերած դիմադրության միամսյակը եւ արձանագրած առաջընթացը: Ամենից ուշագրավը, իհարկե, Կիեւի շուրջ ուկրաինական զինուժի կողմից բնակավայրերի ետ գրավումն է եւ ռուսական բանակի մնացորդներին Կիեւից համարյա 100 կիլոմետր հեռացնելը: Ասվում է, թե Կիեւի շրջակայքում ներկա պահին գտնվում է ՌԴ մոտ 12-15 000 զինծառայող, սակայն Բուկա կոչվող բնակավայրի մոտակայքում նրանցից մի քանի հազարը հայտնվել է շրջափակման մեջ` համարյա առանց սննդի եւ վառելիքի: Ենթադրելի է, եթե համաձայնություն չկայացվի ռուսական կողմի հետ նրանց հեռացումը թույլ տալու վերաբերյալ, մի քանի հազար ռուս զինվորական կարող են այդ շրջափակման մեջ իրենց մահկանացուն կնքել: Պետք է հուսալ՝ ռուսական կողմը բավարար սրտացավություն կցուցաբերի իր զինվորականների հանդեպ, որոնք արդեն հազարներով մահացել են Ուկրաինայում, եւ նոր զոհեր չի ավելացնի սեփական կորուստներին:

Ուկրաինական ուժերին հաջողվել էր ռուսական վերահսկողության տակ անցած Բերդյանսկ նավահանգստում ռուսական ռազմանավեր հրդեհել՝ ոչնչացնելով բեռնված զենքերը: Կատարվածը ցույց է տալիս, թե ինչ պայմանական ու խաբուսիկ է ռուսական առաջխաղացումն Ուկրաինայում, որտեղ թշնամանքն է աճում ռուսների հանդեպ, որը հաղթահարելու համար շատ ջանքեր ու ժամանակ կպահանջվեն: