Փաշինյանին մեղադրելն ու քննադատելը չեն ներվում

Փաշինյանին մեղադրելն ու քննադատելը չեն ներվում

Հայաստանում քաղբանտարկյալների թեման միշտ արդիական է։ Ներկայիս իշխանության ներկայացուցիչները եթե ժամանակին նախորդներին մեղադրում էին ընդդիմության նկատմամբ քաղաքական հետապնդումներ կիրառելու մեջ, հիմա տեղերը փոխվել են։ Ընդդիմադիրների դեմ հարուցված բոլոր գործերի ետեւում երեւում են իշխանության ականջները։

Քաղբանտարկյալների ցանկն այսօր ավելի փոքր չէ, քան նախկինների օրոք էր։ Մանավանդ եթե 2008 թվականի մարտի 1-ը բացառենք, որի արդյունքում մեծ թվով մարդիկ կալանավորվեցին, ապա մյուս շրջաններում քաղբանտարկյալներ քիչ են եղել։ Այսօր, 2018-ից սկսած, քաղաքական հետապնդումները դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը։

Այդ շարքում առաջինը Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանն է․ նա հայտնվեց կալանավայրում 8 ամիս առաջ՝ 2021-ի ամռանը, երբ խորհրդարանական ընտրությունների շեմին Առուշանյանը հստակ դիրքավորվեց «սեւերի» դաշտում եւ Սյունիքի մյուս համայնքապետերի հետ մտավ «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակ։ Իշխանությունը սկսեց ընդդիմադիր համայնքապետերին չեզոքացնելու գործընթացը, եւ ընտրություններից անմիջապես հետո Առուշանյանը կալանավորվեց։ Նրան մեղադրեցին «Հայաստան» դաշինքի օգտին քվեներ ապահովելու նպատակով երկու եւ ավելի ընտրողի կաշառք տալու մեջ։ Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Գնել Գասպարյանի կողմից։
Նախորդ ամիս վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ կալանավորվեց Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Նրան դեկտեմբերի 27-ին 70 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էին արձակել: Դատարանի այդ որոշման դեմ դատախազությունը բողոք էր բերել, որը փետրվարին բավարարվել է: Նա մեղադրվում է խարդախությանն օժանդակելու, կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու մեջ: Փարամազյանն էլ էր ժամանակին քննադատել Փաշինյանին եւ նրա վարած քաղաքականությունը։

Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը եւս 2021 թվականի նոյեմբերից՝ ՏԻՄ ընտրությունների շրջանից, կալանքի տակ է։ Նրա պաշտպանը նշում է, որ Մանուչարյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում․ «Հարություն Մանուչարյանին պատժել են նրա համար, որ նա 2020թ․ հունիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ գործող իշխանություններին չի հարել։ Պատժեցին, թե՝ գնա նստի, ոչինչ, որ հանցակազմ չկա, ոչինչ, որ վաղեմությունն անցած է, բայց քեզ պատժում ենք իշխանությունների օգտին չաշխատելու համար, քո առանձին քաղաքական հայացքներն ունենալու համար»։ Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիքի մեջ։
2021-ի դեկտեմբերին Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում իշխանության պարտվելուց հետո հանկարծ քրեական գործ հարուցվեց «Միասնական Վարդենիս»-ի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանի դեմ, որպեսզի նա համայնքապետ չընտրվի․ նա այժմ կալանավորված է։ Դեռ այն ժամանակ Հարությունյանի պաշտպանը հայտնել էր, որ կալանավորման միջնորդությունն ապօրինի է։ Նա եւս նստած է, եւ հայտնի չէ, թե որքան է նստելու։

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը նույնպես անազատության մեջ է․  դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո վարչակարգը ընտրություններում ամենաշատ ձայներ ստացած Ասլանյանին կալանավորեց, որ նա չդառնա համայնքի ղեկավար: Ընդդիմության դեմ իշխանության տեռորին միացել է նաեւ «Լուսավոր Հայաստանը», որն իր հարազատ քաղաքում չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը, բայց կարողացավ անհիմն հայցով դիմել դատարան եւ կասեցնել քաղաքում իշխանություն ձեւավորելու գործընթացը: 

Մյուս քաղբանտարկյալը դատավոր Բորիս Բախշիյանն է։ Դատավորի փաստաբանը հայտարարում է, որ նրա նկատմամբ հարուցված գործն ապօրինի է։ Դատավորի վերաբերյալ գործով քողարկված քննություն է կատարվել՝ առանց ԲԴԽ համաձայնությունը ստանալու։ Հիմքում այն է, թե Սյունիքի մարզի դատավոր Բորիս Բախշիյանը (լիազորությունները կասեցված են) համարձակվել է Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորել։ Ընդ որում՝ դատախազությունը չէր բողոքարկել այդ որոշումը եւ առանց բողոքարկման, դատական ակտը կայացնելուց ամիսներ անց, դատավորի նկատմամբ քրեական հետապնդում է նախաձեռնել։ Դատավորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու համար։

Կալանքի տակ է գտնվում նաեւ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, որն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է․ Պատգամավորն աչք է ընկել սուր ելույթներով, Նիկոլ Փաշինյանին հողատու եւ դավաճան է անվանել, եւ դրանից հետո իրավապահները նրա հոր՝ Արա Մկրտչյանի նկատմամբ քրեական հետապնդում են սկսել։ Համայնքապետը մեղադրվում է ենթադրյալ չարաշահումներ կատարելու մեջ, որոնք վերաբերում են հողատարածքների օտարմանը կամ վարձակալությամբ տրամադրելուն։ Դրանց հետեւանքով տարբեր անձանց հասցված վնասը, ըստ դատախազության, ավելի քան 43 միլիոն դրամ է կազմում։