Եկեղեցին արձանի հարցում չի կարողանում կողմնորոշվել

Եկեղեցին արձանի հարցում չի կարողանում կողմնորոշվել

Երեկ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնության վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել: Ըստ հաղորդագրության` մարտի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարվել է Գերագույն հոգեւոր խորհրդի հայաստանյան անդամների ժողով, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, «քննարկվել է նաեւ տիար Գագիկ Ծառուկյանի կողմից Հայաստանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու նախաձեռնությունը»:

Ծրագրի առնչությամբ մինչ այդ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը քննարկումներ է ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ՝ հայտնելով պաշտամունքային, առավել եւս՝ տերունի արձանաշինության վերաբերյալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդական մոտեցումները: Ապա Գերագույն հոգեւոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «Գերագույն հոգեւոր խորհուրդը բարձրորեն գնահատում է տիար Գագիկ Ծառուկյանի եկեղեցաշինական անուրանալի ծառայությունները, որոնցով նա մեծապես նպաստել է Եկեղեցու հոգեւոր-քարոզչական առաքելության արդյունավորմանը: Միաժամանակ Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական եւ պաշտամունքային ավանդույթին։

Եկեղեցու համար ընդունելի կարող է համարվել Փրկիչ մեր Տիրոջ հարթաքանդակի կառուցումը՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով: Գերագույն հոգեւոր խորհրդի հորդորն է նախաձեռնության հեղինակներին եւ մասնակիցներին՝ զերծ մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից եւ առաջնորդվել մեր ազգային-եկեղեցական մշակույթին, եկեղեցաբանական եւ աստվածաբանական սկզբունքներին համահունչ մոտեցումներով»:

Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցին ընդունելի չի համարում Ծառուկյանի գաղափարը: Հիշեցնենք, որ արձանի մասին գաղափարը հրապարակվելուց անմիջապես հետո մի շարք բարձրաստիճան հոգեւորականներ դեմ արտահայտվեցին Հիսուսի արձան կանգնեցնելու մտադրությանը եւ քննադատեցին այն, ապա ինչ-որ բան փոխվեց, եւ եկեղեցին Գ․ Ծառուկյանի կողմից ձեւավորված արձանի մրցութային հանձնաժողովի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով գործուղեց կաթողիկոսարանի արխիվի եւ թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ վարդապետ Կարապետյանին, ով հանձնաժողովի նիստում մի բոցաշունչ ելույթ ունեցավ․ «Ես ուրախ եմ, որ Հայոց հայրապետից շնորհ եւ օրհնություն ունեմ այսօր այստեղ լինելու։ Ինչպես մենք ենք բացառիկ, Աստվածընտրյալ ժողովուրդ, այդպես էլ մեր կերտած Քրիստոսը պետք է լինի յուրահատուկ եւ լիապես արտահայտի մեր ավանդական, մշակութային, արվեստաբանական մտածողությունը։ Մեր պատմության այս դժվարին փուլին այս գաղափարով մխիթարություն պիտի բերենք մեր ժողովրդին»։ Հետո՝ օրեր անց, փաստորեն, Էջմիածինը մտքափոխ է եղել։

Մենք կապվեցինք Գերագույն հոգեւոր խորհրդի անդամ Գեւորգ Դանիելյանի հետ։ Նախ նա մեզ հետ զրույցում հայտարարեց, թե չի կարող նման բան լինել, որ եկեղեցին ներկայացուցիչ ունեցած լինի այդ հանձնաժողովում, եւ նա ողջունի այդ գաղափարը։ Ապա լսելով մեր բերած փաստարկները՝ ասաց. «Ընդունենք, որ ինչ-որ եկեղեցական որոշել է ներառվել այդ կազմում: Եկեղեցին իր դիրքորոշումը հայտնել է, ամեն ինչ կընկնի իր տեղը․․․ Կարո՞ղ է, չէ՞, ինչ-որ մի հոգեւորական ինչ-որ մի հայտարարություն անել՝ չակնկալելով, որ վերադաս մարմինը կարող է ունենալ այլ դիրքորոշում: Հայտարարվեց եկեղեցու դիրքորոշումը, ուրեմն այդ հոգեւորականը չի ունենա այդ դիրքորոշումը եւ վերջ, եթե անգամ կա այդպիսի բան»:

Բայց նշանակում է, որ եկեղեցին հակասում է ինքն իրեն։ Մեր զրուցակիցը նշեց. «Դուք կարո՞ղ եք ընդունել, որ ինչ-որ շարքային մի հոգեւորական կամ ազդեցիկ մեկը կարող է ունենալ մի կարծիք, որը չհամապատասխանի վերադաս մարմնի դիրքորոշմանը։ Ուրիշ բան, եթե հայտարարություն անելուց հետո եկեղեցականը շարունակի իր համագործակցությունը»:

Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Տեր Ասողիկից, որպեսզի հասկանանք՝ իր նախորդ ելույթն ու հանձնաժողովի նիստին մասնակցելը ինքնագլո՞ւխ են եղել, թե՞ կաթողիկոսարանից են իրեն գործուղել, եւ արդյոք պատրաստվո՞ւմ է վերոնշյալ հաղորդագրությունից հետո շարունակել համագործակցությունը հանձնաժողովի հետ։ Սակայն մեր զանգերն անպատասխան մնացին: Տպավորություն է, որ եկեղեցին ցանկացած հարցում չունի հստակ դիրքորոշում, եւ դրանք քաղաքական պահի ազդեցության տակ փոխվում են՝ մե՛կ աջ, մե՛կ ձախ: