«Հրապարակ». Այդ մարդը խաթարում է մեր պետականությունը, խաթարում է Երեւան քաղաքի աշխատանքը

«Հրապարակ». Այդ մարդը խաթարում է մեր պետականությունը, խաթարում է Երեւան քաղաքի աշխատանքը

Նախորդ շաբաթ Երեւանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամ Նանա Ամալյա Սարգսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ պատրաստվում է ավագանու մանդատը վայր դնել` առողջական խնդիրների պատճառով: Այս հայտարարությունից օրեր են անցել, սակայն նա դեռ մանդատը վայր չի դրել: Մենք «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանին հարցրինք. «Ամալյա Սարգսյանը վայր դրե՞ց մանդատը: Ասում էր, որ պետք է վայր դնի»:

- Բայց ինչո՞ւ եք ինձնից հարցնում:

- Խմբակցության ղեկավարը Դուք եք, ո՞ւմ հարցնենք` Դուք տեղյակ չե՞ք: Դուք առաջինը կիմանաք այդ մասին:

- Ավագանու անդամները երբ ուզում են դառնալ անկախ, դա իրենց սուբյեկտիվ հարցն է:

- Անկա՞խ, բայց նա ասում էր, որ վայր է դնում մանդատը:

- Նանա Սարգսյանը մանդատը վայր չի դնելու:

- Անլուրջ չէ՞, երբ նախ մանդատը վայր դնելու մասին են ձեր խմբակցության անդամները հայտարարում, հետո պարզվում է` վայր չեն դնում: Սա արդեն երկրորդ դեպքն է:

- Հարցի լրջությունից կախված` լուրջ է: Հիմա Դուք քննարկում եք ուզում անել ինձ հետ, չեմ հասկանում: Եթե հարցը լուրջ է լինում, լինում է նաեւ ժամկետ` 5 օր, որոշումը փոփոխելու համար, կարող են այդ ընթացքում հանգամանքներ փոխվել եւ այլն: Ես չեմ ուզում հիմա շատ բան ասել: Դուք էլ եք հետեւում այդ ահաբեկիչին:

- Ո՞ւմ:

- Ում գովքը միացրել եք, ես հիմա տենդենց եմ տեսնում, որ Դուք նրա կողքն եք կանգնել:

- Ո՞ւմ մասին եք խոսում, ի՞նչ գովք, ինչի՞ մասին է խոսքը:

- Դե, տպավորություն է, թե էպատաժնի թեմա եք ման գալիս: Պարզ չէ՞ր, որ մարդկանց ահաբեկել է, մարդիկ էդպես են որոշել, հետագայում ինչ-որ բաներ են փոխվել:

- Ո՞վ է ահաբեկել` Վարդան Ղուկասյա՞նը: Ինչո՞ւ անունը չեք ասում:

- Դուք չգիտե՞ք Դոգի շանտաժի ձեւերը, չե՞ք լսել: Այ, նման հարցեր բարձրաձայնեք՝ կա մի անձնավորություն, ով կարողանում է ահաբեկել, փորձում է ինչ-որ բաների հասնել, բայց չի հասնում:

- Դե ավելի հստակ խոսեք, ինչպե՞ս է ահաբեկել: Խոսե՞լ եք Ամալյա Սարգսյանի հետ:

- Իհարկե խոսել եմ, նա իմ սանիկն է, ինչպե՞ս կարող էի չխոսել: Եթերներով ահաբեկում է գնացել` գնալ-չգնալու, մանդատը դնել-չդնելու:

- Կոնկրետ ի՞նչ է սպառնացել:

- Չե՞ք լսել, թե մանկահասակ երեխաների մասին ինչեր է ասում:

- Չէ, ես Դոգ չեմ լսում…

- Դե, շնորհավորում եմ Ձեզ:

- Այդ դեպքում ինչպե՞ս եղավ, որ որոշեց սպառնալիքներից հետո վայր չդնել մանդատը:

- Հաստատ վայր չի դնելու մանդատը, այդքան բան կարող եմ ասել:

- Իսկ անկախանալո՞ւ է, թե՞ մնալու է ձեզ հետ:

- Ո՛չ մանդատն է վայր դնելու, ո՛չ էլ անկախանալու է: Այստեղ հարցն այն էր, թե ինչու էր ուզում վայր դնել մանդատը, մարդուն ինչի կարող են դրդել, այն էլ՝ Հայաստանում` դեմոկրատական երկրում, ո՞նց կարող են ավագանու անդամի դեմ ուլտիմատումներ դնել: Այդ մարդը խաթարում է մեր պետականությունը, խաթարում է Երեւան քաղաքի աշխատանքը…. Մնացած հարցերը շատ քիչ են հետաքրքրում:

- Բայց այդ մարդու հետ Դուք եք ճանապարհ գնացել, Դուք եք ընտրել:

- Չէ, մենք չենք այդ մարդուն ընտրել որպես առաջնորդ, մենք ունենք մի գաղափար, որի շուրջ հավաքվել էինք, բայց երբ դավաճանում ես գաղափարիդ, ամեն ինչ փոխվում է: Վարդան Ղուկասյանը` Դոգ կոչեցյալը, ճողոպրեց մեր գաղափարից, իսկ մենք մեր գաղափարներին ընդառաջ ենք գնում: