«Հրապարակ». Խոսքի ազատության պաշտպանությա՞ն, թե՞ Լրագրողների վնասազերծման կոմիտե

«Հրապարակ». Խոսքի ազատության պաշտպանությա՞ն, թե՞ Լրագրողների վնասազերծման կոմիտե

ՀՀ-ում կա «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե» անունը կրող հասարակական կազմակերպություն, որի ղեկավարն Աշոտ Մելիքյանն է։ Նա պարբերաբար խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների վերաբերյալ զեկույցներ է հրապարակում։ Զեկույցը գրանտներով ապրող ՀԿ-ի գոյության հիմնական ձեւն է, զեկույցների միջոցով ՀԿ-ներն իրենց սպոնսորներին ցույց են տալիս, որ հենց այնպես չեն կերել նրա փողերը, այլ ինչ-որ աշխատանք են կատարել՝ գնացել-եկել են օֆիսներ, ինչ-որ բան են կարդացել, ուսումնասիրել, մոնիթորինգ արել եւ այլն։ 

Մի այդպիսի մոնիթորինգի արդյունքներ է օրերս հրապարակել Աշոտ Մելիքյանի ՀԿ-ն՝ ուսումնասիրելով 2022-2023 թթ․ ընդդեմ լրագրողների բերված հայցերով դատական գործերը։ Սպասվում էր, որ Մելիքյանը պետք է կենտրոնանար այն հանգամանքի վրա, որ իշխանության ներկայացուցիչները վերջին տարիներին ավելի հաճախ են դիմում դատարաններ` ընդդեմ ԶԼՄ-ների, ու ահռելի փոխհատուցումներ պահանջում։ Միայն իմ հոդվածների հետքերով վերջին 3 տարում 5 դատական հայց է քննվել` ընդդեմ «Հրապարակի», որտեղ հայցվորները կա՛մ չինովնիկ են եղել, կա՛մ իշխանության հետ սերտորեն առնչվող անձինք։ Մինչեւ 2018 թվականը 2 այդպիսի դատական գործ է եղել։ 

Այսօր դատարան դիմելը մի բաժակ ջուր խմելու նման բան է պետական չինովնիկի համար, որը մոռանում է, որ պետք է որոշակի հանդուրժողականություն դրսեւորի քննադատության հանդեպ, ոչ թե, խոշորացույցով զինված, տեսնի, թե որ ԶԼՄ-ն իր մասին ինչ է գրել` վազի դատարան եւ փոխհատուցման փող պոկի։ Նույն՝ Աշոտ Մելիքյանի կազմակերպության զեկույցում նշվում է, որ, օրինակ, 2018 թվականին մամուլի դեմ 13 գործ է քննվել, հետո՝ ըստ տարիների, 66, 48, 66, 32, 34։ Բայց այս աճը, ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, պայմանավորված է ոչ թե նրանով, որ չինովնիկներն անհանդուրժող են դարձել ազատ մամուլի ու իրենց հասցեին հնչող քննադատության հանդեպ, այլ «հասարակական-քաղաքական իրավիճակով. երբ այն լարված է, ավելանում են նաեւ դժգոհություններն ու ճնշումները ԶԼՄ-ների նկատմամբ, այդ թվում՝ դատական հայցերի տեսքով»։ 

Մելիքյանի աշխատողները, թվերը վերհանելուց հետո, եզրակացրել են, որ հայցերի աճն այսպիսին չէր լինի, «եթե ցածր չլիներ լրագրողների մասնագիտական կարողությունների եւ իրավական գիտելիքների ընդհանուր մակարդակը», սրանով էլ հող են պատրաստել հաջորդ գրանտը ստանալու համար` մեդիագրագիտություն ուսուցանելու համար։ Դեմ չենք` թող գրանտներ ստանան, բայց սա ազատ խոսքի պաշտպանություն չէ, այլ՝ կառավարության, նիկոլական իշխանության փիառշչիկի գործունեություն։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցի ներածական մասում այդպես էլ գրված է՝ որ մոնիթորինգը կարեւոր է՝ պարզելու, «թե ինչ ազդեցություն են ունենում իշխանության կողմից վերջին տարիներին հայտարարված լայնածավալ դատական բարեփոխումները լրագրողներին եւ լրատվամիջոցներին առնչվող դատական գործերի վրա»: 

Զրպարտության, վիրավորանքի առանձին գործերին անդրադառնալով՝ զեկույցի հեղինակները քննադատում են լրագրողներին։ «Սերոբ Սարգսյանը՝ ընդդեմ լրագրող Լիանա Սարգսյանի՝ թիվ ԱՐԴ1/0156/02/22 գործով դատարանը գնահատող դատողություն է որակել «ստոր» եւ «պիտի թքեք այս արարածի երեսին» արտահայտությունները: Այնինչ դրանով պատասխանողը կոչ է արել՝ հայցվորի նկատմամբ կատարել որոշակի գործողություն, որը դուրս է իրավաչափության եւ հանդուրժողականության սահմաններից»,- գրված է զեկույցում։ Աշոտ Մելիքյանը պետք է իր կազմակերպությունը վերանվանի «Լրագրողների վնասազերծման կոմիտե»։ Այս դեպքում զեկույցի տոնայնությունը, ներքին բովանդակությունն ավելի արտահայտված կլինեն։ 

«Հրապարակի» դեմ գործերով էլ, որոնցով, ի դեպ, հաղթել ենք, Մելիքյանի կոմիտեն փորձում է զգուշորեն պաշտպանել հայցվորներին եւ սխալ է հանում դատավորներին։ Զեկույցում գրել են. ««Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն ընդդեմ «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ի եւ Սյուզան Սիմոնյանի դատական գործում հայցադիմումը ներկայացվել է ընդդեմ Սյուզան Սիմոնյանի, այնինչ հեղինակի իրական անունը Սուսաննա Սիմոնյան է: Հետագայում հայցվորն ուղղել է իր սխալը, սակայն ուղղման պահին անցած է եղել հայցային վաղեմության ժամկետը, արդյունքում դատարանը մերժել է հայցը՝ առանց անդրադառնալու գործով ներկայացված պահանջներին: Մեկ այլ գործով, որը նույն ԱՆԻՖ կազմակերպության հայցով էր քննվում, նույն հեղինակը նույնականացվել է, մինչդեռ մեկ այլ դատական գործով նույն Սյուզան Սիմոնյանը նույնականացվել է: Այս հակասությունները խոսում են դատարանների կողմից գործը ոչ պատշաճ քննելու մասին»,- որոշում է Աշոտ Մելիքյանի կազմակերպությունը` դատարանների նկատմամբ դատավորի դեր ստանձնելով եւ հօգուտ լրատվամիջոցի կայացված որոշումները քննադատելով։ Մանրուքների հետեւից ընկնելով, ֆորմալ ձեւով հարցերին մոտենալով՝ մամուլի էքսպերտները չեն ուզում տեսնել գործի էությունը։ Մինչդեռ «Հրապարակը», որքան որ հնարավոր էր, ուսումնասիրելով «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» կիսակառավարական, կիսամասնավոր ՓԲԸ-ի գործերը, բացահայտել էր ահռելի կոռուպցիոն ռիսկ, չափից դուրս բարձր աշխատավարձեր եւ պետական բյուջեի վատնում։ 

Նույն բանը դեկտեմբերին հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանը` բացահայտելով կոռուպցիա եւ ուռճացված աշխատավարձեր։ Ասաց, որ Fly Arna-ի համահիմնադիրը` պետությունը, ուսումնասիրելով պետությունից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի ստացած փողերը, որոնք 2019-2023 թթ. կազմել են ոչ ավել, ոչ պակաս՝ 5 միլիարդ դրամ, արդյունավետ չի ծախսել։ Ըստ Պետրոսյանի՝ ԱՆԻՖ-ում անցյալ տարի 2-2,5 մլն դոլարի աշխատավարձ են բաժանել։ Մի այդքան էլ նախատեսված է բաժանել 2024 թվականին։ Քրեական գործընթաց է սկսվել, ֆոնդի ղեկավարը երկրում չէ: Fly Arna-ն, որը պետությունից 5 մլրդ դրամ է ստացել եւ սնանկացել, ստեղծվել է Պետական հետաքրքրությունների ֆոնդի կողմից, որը «Հրապարակի» դեմ երեք հայց է ներկայացրել։ Եվ ով է փոխհատուցելու պետությանը հասցված վնասը՝ հայտնի չէ։ Մինչդեռ եթե իշխանությունն ավելի ուշադիր լիներ մեր հրապարակումների նկատմամբ, իսկ մենք դեռ անցած տարի էինք այդ մասին գրում, ահազանգում, այդ խնդիրը կարող էր ավելի շուտ կանխվել, եւ պետական շահերին նման վնաս չհասցվեր։ 

Աշոտ Մելիքյանը լավ լրագրողական կրթություն է ստացել ԽՍՀՄ տարիներին՝ սովորելով Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանում։ Բայց նա այն լրագրողներից է, որոնք նորանկախ Հայաստանի ազատ մամուլը չեն ներկայացնում։ Չէ, սխալ արտահայտվեցի` աշխատել են, բայց միայն պետական թերթերում՝ «Коммунист», «Комсомолец», «Республика Армения», «Հայաստանի Հանրապետություն», այլ թերթերում։ «Комсомолец»-ում նույնիսկ բաժնի վարիչ է եղել Սովետի ժամանակ, իսկ 1994-2001 թվերին ռուսական պարբերականներից մեկի սեփական թղթակիցն է եղել Հայաստանում։ Բայց եթե նա ստանձնել է ժամանակակից մամուլը մոնիթորինգ անելու, այսօրվա լրագրողների շահերի պաշտպանությունը, պետք է այսօրվա չափանիշներով գործի, այլ ոչ թե 70-ական թվականների սովետական մամուլի: