«Հրապարակ». Աննա Հակոբյանը նվաստացրել է հայերին․ դասալիքները ոչ թե 11 հազար էին, այլ 2-ը

«Հրապարակ». Աննա Հակոբյանը նվաստացրել է հայերին․ դասալիքները ոչ թե 11 հազար էին, այլ 2-ը

Մոտ մեկ տարի առաջ՝ 2023 թվականի ապրիլին, Աճարկուտ գյուղում վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի արած այն հայտարարությունը, թե 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական բանակը 11 հազար դասալիք է ունեցել, ակնհայտ կեղծ է եւ շինծու։ 44-օրյա պատերազմից ավելի քանի 3 տարի անց պարզվում է, որ Աննա Հակոբյանի հայտարարությունն իրականության հետ որեւէ աղերս չունի, չնայած ՀՀ դատախազությունը 1 տարի առաջ փորձում էր Աննա Հակոբյանի մերկապարանոց եւ ապազգային հայտարարությունը փաթեթավորել որպես իրականություն։ Հիշեցնենք, որ Հակոբյանից օրեր առաջ այդ նույն թիվը հրապարակել էր Ադրբեջանի նախագահը։

«Հրապարակ» օրաթերթը 2023 թվականի ապրիլի 12-ին ՀՀ գլխավոր դատախազություն գրավոր հարցում էր ուղարկել` հետեւյալ բովանդակությամբ․ «Այս պահին 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո դասալքության մեղադրանքներով քանի՞ զինվորականի է մեղադրանք առաջադրված, նրանցից քանի՞սն են կալանավորված, այդ գործերից քանի՞սն են մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան, քանիսի՞ դեմ կա մեղադրական դատավճիռ, եւ քանի՞սն են արդարացվել»։

Դատախազությունից 2023-ի ապրիլի 25-ին ստացել էինք պատասխան՝ հետեւյալ բովանդակությամբ․ «ՀՀ զինվորական դատախազության սպասարկման տարածքում 2020 թ. 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), ինչպես նաեւ նշված հոդվածների հետ այլ հոդվածների համակցությամբ հարուցվել է 1786 քրեական վարույթ՝ 10 հազար 687 անձի վերաբերյալ։ Նախաքննության ընթացքում նշված քրեական վարույթների միացման արդյունքում ներկայում նախաքննական մարմնի վարույթում գտնվող վերոնշյալ հոդվածներով քննվող քրեական վարույթների թիվը 226 է: 2020 թվականի 44-օրյա պատերազմի եւ հայտարարված ռազմական դրության ժամանակահատվածում նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) որպես մեղադրյալ ներգրավվել է 180 անձ, 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը)՝ 132 անձ, 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը)՝ 444 անձ։ Հարուցված քրեական վարույթներից մեղադրական եզրակացություններով դատարան է ուղարկվել 118 գործ՝ 143 անձի վերաբերյալ: 118 գործից 97-ը՝ 102 անձի վերաբերյալ, եղել է նախկին Քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով (զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը), 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ՝ 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը), եւ 19 գործ 39 անձի վերաբերյալ՝ 364-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը): Դատարան ուղարկված 118 գործից 58 գործով 64 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է. կայացվել են դատական ակտեր, իսկ 60 գործ` 79 անձի վերաբերյալ, գտնվում է դատաքննության փուլում»։ Դատախազության պատասխանում հստակեցված չէր՝ 64 անձի վերաբերյալ կայացված դատական ակտերը մեղադրակա՞ն էին, թե՞ արդարացման։

Դեպքերից մեկ տարի անց` 2024 թվականի փետրվարի 5-ին, կրկին գրավոր հարցում էինք ուղարկել դատախազություն՝ տալով նույն հարցերը․ «Այս պահին 44-օրյա պատերազմի ընթացքում եւ դրանից հետո դասալքության մեղադրանքներով քանի՞ զինվորականի է մեղադրանք առաջադրված, նրանցից քանի՞սն են կալանավորված, այդ գործերից քանի՞սն են մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարաններ, քանիսի՞ դեմ կա մեղադրական դատավճիռ, եւ քանի՞սն են արդարացվել, քանիսի՞ն առաջադրված մեղադրանքներն են գտնվում դատաքննության փուլում»։

Փետրվարի 20-ին այս հարցերի պատասխանն ենք ստացել․

«ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մասով (դասալքությունը) նախատեսված հանցանք կատարելու համար 22 քրեական վարույթով 29 անձի վերաբերյալ հարուցվել է քրեական հետապնդում։ 17 քրեական վարույթ՝ 17 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: 2 քրեական գործով 2 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, եւ կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ 15 քրեական գործով 15 անձի վերաբերյալ դատաքննությունն ընթացքի մեջ է: 5 քրեական վարույթ՝ 12 անձի վերաբերյալ, գտնվում է նախաքննության փուլում: Կալանքի տակ գտնվող անձինք չկան»։ Հարց է ծագում` ի՞նչ եղավ 1786 քրեական վարույթը՝ 10 հազար 687 անձի վերաբերյալ:

Փաստորեն, 44-օրյա պատերազմից ավելի քան 3 տարի անց դատախազությունն ընդամենը 2 անձի նկատմամբ ունի դասալքության վերաբերյալ մեղադրական դատավճիռ, այսինքն՝ այս պահի տվյալներով՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական բանակն ունեցել է ընդամենը 2 դասալիք, ուստի ակնհայտ է դառնում, որ Աննա Հակոբյանի հայտարարած 11 հազարը որեւէ կապ չունի հայ ժողովրդի հետ, բանակը կռվել է, իսկ Աննա Հակոբյանը փորձել է պարտության մեղքը բարդել ժողովրդի վրա՝ զրպարտելով հայ ժողովրդին, նվաստացնելով նրա ազգային արժանապատվությունը եւ արդարացնելով սեփական ամուսնուն։