«Հրապարակ». Ինչպես հարամ մուկն է հարամում մեղրի ողջ կարասը

«Հրապարակ». Ինչպես հարամ մուկն է հարամում մեղրի ողջ կարասը

Նախօրեին տեղեկացանք, որ արցախյան երկրորդ պատերազմում ընկած Մխիթար Գալեյանի հոր` Գարիկ Գալեյանի տնային կալանքը երկարացվել է եւս երկու ամսով: Դատարանը նաեւ մերժել է միջնորդությունը՝ Գալեյանին թույլ տալ շաբաթը մեկ անգամ այցելել Եռաբլուր՝ որդու շիրմին։ Գալեյանի կինն էլ` դատարանի վճռից հետո, Ֆեյսբուքում գրառում էր արել՝ հրապարակելով զոհված որդու լուսանկարը. «Խի՞, խի՞ գնացիր, ո՞ւմ համար, ինչի՞ համար, անթասիբ ազգի՞, չարժեն եւ ոչ մեկը»։ 

Գրառման տակ իշխանամետները հայհոյախառն մեկնաբանություններ էին գրում` զոհվածի ծնողների հասցեին, դրանց մի մասը, իհարկե, ֆեյքեր էին` իշխանական շրջանակների կողմից ֆինանսավորվող: Տպավորություն է, թե հայ ազգը վերածվել է զոհվածի ծնողին հայհոյող ու դատող մի ցեղատեսակի, որի համար այլեւս չկան կարմիր գծեր, սրբություններ ու արժեքներ: 

Արցախյան երկրորդ պատերազմում նահատակված Արման Օհանջանյանի մայրը` Ելիզավետա Բուդաղյան-Օհանջանյանը, մեզ հետ զրույցում նշում է, որ տեսնելով այս իրականությունը՝ ուղղակի ապրել չի ցանկանում։ «Լավ է որդուցս առաջ մահանայի, այս իրականությունը չտեսնեի»,- ասում է տիկին Ելիզավետան:

«Մեր հասարակությունը խիստ անտարբեր է դարձել: Վախենում եմ բանը հասնի նրան, որ մարդկանց տներ մտնեն, իրենց երեխաներին` իրենց աչքի առաջ մորթեն, իրենք նորից անտարբեր գտնվեն, ասեն` կարեւորը՝ Նիկոլը մնա, որ նախկինները հետ չգան…. Մեր հասարակությունն առաջ այսպիսին չէր, հիմա կորցրել է իր իրական դեմքը, իր կամքը, իր ուժը: Ոմն մեկը եկավ իշխանության, ու ինչպես հարամ մուկն է հարամում մեղրի ողջ կարասը, այդպես հարամեց հայ ազգը: Եկավ, թե բերեցին՝ չգիտեմ, բայց երկիր կորցրինք, տղաներ կորցրինք ու կորցրինք նաեւ մեր ժողովրդի դեմքը: Այսօր թուրքը ոնց ուզում, խոսում է մեզ հետ, ինչ ուզում, անում է, իսկ այստեղ այս թրքահպատակները ենթարկված ապրում ու փորձում են մեզ էլ ենթարկեցնել: Ես արդեն չգիտեմ էլ ինչ մտածեմ: Սա ո՞վ դարձավ, էս դասալիքը, որ մեր ազգն էսպես հանգիստ կործանման տանի: Առաջ բոլորը զոհվածի ծնողներին, զոհվածի մորը առանձնահատուկ հարգանքով էին վերաբերվում: Բոլորս գիտակցում էինք, որ տվյալ անձը զոհվել է մեր, մեր հայրենիքի համար, «հերոս» բառի արժեքը գիտեինք, հերոսին շարքային մարդուց տարբերում էինք բոլորս, իսկ այսօր ո՞վ է հերոսը` հարկատո՞ւն…. չգիտեմ ինչ բառեր ասեմ: «Հերոս» բառը, հերոսի պատկերը նպատակային աղավաղում են: Առաջ ի՞նչ պիտի անեիր, որ քեզ հերոս ասեին: Հերոսությունը հանուն հայրենիքի կյանքը զոհելն էր, հողեր ազատագրելն էր: Այսօր` քնած տեղից ով վեր է կենում` հարկ վճարելով, հերոս է դառնում, փաստորեն: Ինչ վերաբերում է զոհվածի ծնողին դատողին, ապա դրանք սատանայի ճտեր են, այլ բառ չեմ կարող ասել: Եթե մի մարդ կարող է զոհվածի հորը դատել, ուրեմն նա սատանայից ոչ մի բանով չի տարբերվում: Ինչպես սատանան է չար, այնպես էլ հերոսի ծնողին դատողը, դատարանի առաջ կանգնեցնողն ու կալանավորողը: Չարին պատճառներ պետք չեն: Ցավոք, կան հերոսի ծնողներ, որոնք արժանի չեն իրենց հերոսին, բայց կան նաեւ ծնողներ, որոնց օդը չի հերիքում ապրելու համար: Եթե պիտի սրանց հետ մեկ հարկի տակ ապրեի, գուցե ընդհանրապես չապրեի: Հիմա կարծես արցախցիներն են ակտիվացել: Հույս ունեմ, որ այդ ակտիվությունը կմեծանա: Թող գարնան հետ լույս բացվի, այս հրեշավոր իշխանություններից ազատվենք: Արցախցին որ կանգնեց, էլ ներում-բեկում չի լինելու, քանդելու են ամեն ինչ: Այդ մարդիկ ամեն ինչ կորցրել են: Հիմա մի երկու կոպեկ են տվել, կոպիտ ասած` լռեցրել, բայց չի ստացվելու: Մարդիկ որ այդ երկու կոպեկից էլ զրկվեն, չեն կարողանա ապրել` ստիպված ոմանք լռում են, բայց դա էլ երկար չի տեւելու: Էսքան անիրավություն մի երկրում ու անպատժելիություն՝ սարսափելի է»,- նշեց մեր զրուցակիցը: