«Բարգավաճ Հայաստան»-ի ներսում տարաձայնություննե՞ր են․ հրաժարվում է ՏԻՄ ընտրություններից

«Բարգավաճ Հայաստան»-ի ներսում տարաձայնություննե՞ր են․ հրաժարվում է ՏԻՄ ընտրություններից

Մեր տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններից հրաժարվելու որոշում է կայացրել։ Կուսակցությանը մոտ կանգնած մեր աղբյուրի պնդմամբ, ի սկզբանե Գագիկ Ծառուկյանն ու իր թիմակիցները տրամադրված են եղել մասնակցելու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությանը եւ գոնե խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, վերցնել ավագանու մանդատներ։ Սակայն կուսակցության առաջնորդի եւ թիմակիցների քննարկումներն ու հանդիպումները ցանկալի արդյունք չեն տվել։  

Տարաձայնություններն առաջ են եկել մասնավորապես քաղաքապետների թեկնածուների շուրջ։ Գյումրիում եւ Վանաձորում «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչների միջև մրցակցություն է ծավալվել, թե ով կառաջադրվի քաղաքապետի թեկնածու։ Կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իրավիճակը չսրելու նպատակով, առաջարկել է այս էտապում առհասարակ հրաժարվել ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց։ Եւ հետեւել երկրում իրադարձությունների զարգացմանը, որոնք առաջիկայում կարող են սրվել եւ իրավիճակը կարող է անսպասելիորեն նորից փոխվել։ ԲՀԿ-ն չի փոխել իր դիմագիծը, չի կորցրել իր վարկանիշը եւ համակիրների բանակը, կարող է նաեւ որոշ ժաանակով թայմ աուտ վերցնել եւ զբաղվել ներքին կուսակցաշինությամբ։

Անդրադառնալով Հանրապետության երկրորդ քաղաքին՝ նշենք որ Գյումրիում ԲՀԿ քաղաքապետի թեկնածուների մի քանի անուններ էին շրջանառվում՝ նախկին պատգամավոր Վարդևան Գրիգորյան, ներկայիս ավագանու անդամներ Արմեն Բադեյան կամ Ռոման Սարգսյան։ Ավելի ուշ Վարդևան Գրիգորյանը մեր թղթակցի հետ զրույցում նշել էր, որ ինքը չի առաջադրվի, իսկ ահա Արմեն Բադեյանն այդպես էլ մեր հեռախոսազանգերին չպատասխանեց։ Մեր հարցերին պատասխանեց Գյումրիում կուսակցության ներկայացուցիչ Հասմիկ Վիրաբյանը՝ առաջարկելով  սպասել կուսակցության պաշտոնական հայտարարությանը։  

Ճշգրտող հարցին, թե գուցե ներսում տարաձայնություննե՞ր կան, Հասմիկ Վիրաբյանն ասաց․ «Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայաստանյան քաղաքական դաշտում կայացած եւ բավական ամուր թիմ ունեցող կուսակցություն է։ Հետեւաբար, ներքին խժդժությունների մասին խոսակցությունները, ինչպես հայտնի դասականը կասեր՝ պետք է դասել «օդում կախված լուրերի» շարքին։ Այդուհանդերձ, կարծում եմ, որ այժմ մեր երկրի ներսում եւ մեր երկրի հետ կապված շատ ավելի լուրջ եւ բարդ խնդիրներ կան, ուստի նույնիսկ անդրադառնալու կարիք էլ չկա «օդում կախված լուրերին»։ Իսկ առհասարակ, ինչպես ասացի, ամենից ճիշտը մի փոքր սպասելն է, մինչ կուսակցությունը ՏԻՄ ընտրությունների իր մասնակցության կամ չմասնակցության, կամ մասնակցության կազմի առնչությամբ հայտարարությամբ հանդես կգա»։