Վանեցյանը կմտնի քաղաքականություն`փողոցը քոչարյանականներից պաշտպանելու համար

Վանեցյանը կմտնի քաղաքականություն`փողոցը քոչարյանականներից պաշտպանելու համար

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հրաժարականի վերաբերյալ նոր վարկած է առաջ քաշում։

- Մի բան է պարզ, որ հրաժարականի այն ձեւը, որն ընտրել է, ցույց է տալիս, որ մտադիր է մտնել հրապարակային քաղաքականություն։ Չեմ կասկածում, որ եղել են որոշակի պայմանավորվածություններ Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ նրանց մտերմությունը, որը խորքային է, եւ նա Փաշինյանի նախորդ շրջանի ամենամտերիմ զինակիցն է, թույլ չի տալիս մտածել, որ ինչ-որ փոխհամաձայնություններ չեն եղել։ Եթե նկատել եք՝ իր քննադատություններում ակնարկում է ոչ այնքան Նիկոլ Փաշինյանին, որքան՝ թիմին։ Կա նաեւ ակնարկ, որով Վանեցյանը հանրային հեղինակություն դառնալու հող է նախապատրաստում՝ ասելով, որ մարմնավորում է սպայի պատիվը։ Սա նման է մեկ այլ գեներալի՝ այն ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականին, ով նույնպես պաշտոնից հրաժարվելուց հետո ամպագոռգոռ հայտարարություն արեց ու մտավ քաղաքական դաշտ: Եվ իր «ընդդիմադիր» գործունեության ամբողջ այդ ընթացքում նա բոլորին հայտնի Զորի Բալայանի միջոցով մշտական շփումների մեջ էր թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ ղարաբաղյան կլանի մյուս պարագլուխների հետ: Գաղտնի հավաքներն էլ տեղի էին ունենում մեր շենքում, որտեղ ես ծնվել ու մեծացել եմ, եւ որտեղ Զորի Գայկովիչը բնակություն է հաստատել Երեւան տեղափոխվելուց հետո, ուստիեւ մեր թաղի տղաների աչքից այդ հավաքները չէին կարող վրիպել, եւ նրանք ինձ պատկերը, թե ով եկավ ու գնաց, օպերատիվ կերպով ներկայացնում էին ամեն շաբաթ: 

- Բայց շատերը զարմացած են ԱԱԾ նախկին տնօրենի հրաժարականի տեքստից։ Մասնավորապես՝ կա՛նգ առ, Նիկոլ Փաշինյան։ Եվ մյուս կողմից՝ Վլադիմիր Կարապետյանի կոշտ արձագանքը, թե նրա հրաժարականի տեքստը քրեականների գրասենյակներում է գրվել։ 

- Այն, որ ՀԱԿ-ը, ավելի շուտ՝ ՀԱԿ-ի ՀՀՇ-ական կորիզը, չափազանց ակտիվ է այդ իրավիճակի մեկնաբանության հարցում, հասկանալի է, բայց դա Նիկոլ Փաշինյանը չի ասել։ Իսկ Փաշինյանը բավականին զուսպ էր։ Նա ասաց, որ Վանեցյանն ազատ է խոսելու՝ ինչ կամենա, որովհետեւ այլեւս պետական պաշտոնյա չէ․․․ իր կողմից ոչ մի դատապարտող արտահայտություն չի եղել։ Նույնն էլ՝ Փաշինյանի հասցեին՝ Վանեցյանի կողմից։ Նրա տեքստն ավելի շատ դրվածքին է վերաբերում, թիմին։ Այսինքն՝ պետական շինարարության մասին է խոսում․․․

 - Որն իրականացնում է Նիկոլ Փաշինյանը։

 - Ոչ, որն իրականացնում է «Իմ քայլը» քաղաքական թիմը, որը հաղթել է ընտրություններում։ Եվ Վլադիմիր Կարապետյանն էլ իր վրա վերցրեց այդ թիմին ուղղված մեղադրանքը, ինչը ցույց է տալիս, որ նրանք ճիշտ էլ հասկացել են, որ դա վերաբերում է ոչ թե Փաշինյանին, այլ նրա քաղաքական թիմին, եւ այստեղ կարելի է հիշել Դավիթ Սանասարյանի դիպվածը… 
Եթե Վանեցյանի ու Փաշինյանի միջեւ լուրջ կոնֆլիկտ տեղի ունենար, ես համոզված եմ, որ հայտարարությունը կլիներ այլ ոճի, Փաշինյանի արձագանքն էլ՝ այլ։ Հախուռնության, երկրորդայինն առաջնայինից չտարբերելու մասին հայտարարությունը վերաբերում է նրանց ընդհանուր աշխատանքի ոճին։ 
Ես տեքստ հարգող մարդ եմ եւ քաղաքական տեքստերի հետ աշխատանքի մեծ եւ անգնահատելի փորձ ունեմ։ Ես նայում եմ տեքստերը, հետեւել եմ Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Կարապետյանի մեկնաբանություններին: Վլադիմիր Կարապետյանն իրոք փորձում էր Վանեցյանին կապել հին ուժերի հետ, բայց Վանեցյանը սպառիչ ու համոզիչ պատասխան տվեց։ 

- Եվ, ըստ Ձեզ, Վանեցյանը կադրերի ռեզերվ է ուղարկվում, որ հետո վերադառնա՞։ 

- Ոչ, ուրիշ հարց կա։ Շատ ավելի կարեւոր։ Տեսեք՝ տեղի ունեցավ հանդիպումը «Սասնա ծռերի» հետ, այսինքն՝ այսօր Նիկոլ Փաշինյանը հասկացել է այն, ինչի մասին ես գրել եմ ամիսներ առաջ՝ իմ հարցազրույցում, որ նա պետք է համակերպվի այն մտքի հետ, որ փողոցում իր ազդեցությունը կորցնելու է։ Ինքը դատապարտված է զրկվելու փողոցի աջակցությունից, քանի որ ստիպված է լինելու գնալ ոչ պոպուլյար քայլերի․ կենսաթոշակային հիմնադրամ, օպտիմալացում, Ամուլսար, Ստամբուլյան կոնվենցիա եւ այլն: Եվ ես վարչապետին խորհուրդ էի տալիս կենտրոնանալ իր խորհրդարանական մեծամասնության արդյունավետ օգտագործման, այլ ոչ թե նորանոր փողոցային միջոցառումների կազմակերպման վրա։ Հիմա նոր է Նիկոլ Փաշինյանը հասկացել, որ այս ամբողջ ընթացքում, երբ ինքը ճիգեր էր գործադրում պահպանել իր ազդեցությունը փողոցի վրա, Ազգային ժողովը, փաստորեն, զբաղված էր միայն խորհրդարանական տուրիզմով եւ ոչինչ չարեց երկրում անցումային արդարադատություն եւ վեթթինգ իրականացնելու համար անհրաժեշտ օրենսդրության ընդունման ուղղությամբ, ինչի մասին վարչապետն անձամբ խոստումներ էր տվել հանրությանը: Ինչ է, Վանեցյա՞նը պետք է ստիպեր իմքայլական պատգամավորներին սեփական ուղեղներին զոռ տալ ու ֆռֆռալու փոխարեն ամիսներ առաջ, այլ ոչ թե հիմա՝ հապճեպորեն լուծել նույն Հրայր Թովմասյանի կամ ՍԴ մյուս անդամների հարցը, էլ չեմ խոսում վերից վար կոռումպացված դատական համակարգի մասին: Ափսոս այն քվեն, որն այդ անպատասխանատու ապիկարները ստացել են ժողովրդից՝ սեւերես անելով մեր վարչապետին: Հիմա Նիկոլ Փաշինյանը ստիպված է ընդունել Ժիրայր Սեֆիլյանին՝ հասկանալով, որ փողոցում իր ազդեցությունը կորցնում է, եւ այդ վակուումը կարող են լրացնել Ռոբերտ Քոչարյանն ու իր կողմնակիցները, ովքեր փորձում են փողոցը դարձնել Փաշինյանի դեմ ուղղված մահացու զենք։ Այդ հեռանկարից խուսափելու համար անհրաժեշտ է հրապարակում ուժեղացնել հանրային վստահության ռեսուրս ունեցող դեմքերին ու հեղինակության կենտրոններին։ Դրանցից մեկը «Սասնա ծռերն» են, մյուսը կարող է լինել Վանեցյանը, եթե գնա քաղաքական ուժի ձեւավորման ճանապարհով։ Դրանով հնարավոր կլինի հակակշռել նախկինների՝ ընդդիմություն դառնալու հայտը: 
․․․Եթե այսօր պարզ է, որ հակահեղափոխականներին իմքայլականները կամ առավել եւս լեւոնականներն ու հհշականները փողոցում էլ չեն կարողանում զսպել, ինչը վերջերս ցույց տվեցին քոչարյանականների դեմ փողոցային կռիվները, ուրեմն պետք է ապավինել այլ ուժերի՝ ինչպես կայացած, այնպես էլ նորաստեղծ: Վերջին իրադարձությունները դատարանի առջեւ ցույց տվեցին, որ ձեռքերը վեր բարձրացնելով պաշտպանվել չի հաջողվելու, իսկ սիրո ու համերաշխության պատրանքները հօդս ցնդեցին… 

- Վալերի Օսիպյանի հրաժարականը ե՞ւս այս համատեքստում է։ 

- Չէ։ Այն կապված է Ամուլսարի հետ։ Մարդը հասկանում է, որ իր ձեռքերով պետք է այդ սեւ գործն արվեր, եւ չի ուզում մտնի դրա պատասխանատվության տակ։