Սա բխում է նոյեմբերի 9-ի համաձայնագրից, պարամետրերը շատ կարևոր են

Սա բխում է նոյեմբերի 9-ի համաձայնագրից, պարամետրերը շատ կարևոր են

«Խոսքը ոչ թե կայացված որոշման մասին է, այլ համաձայնեցված տարբերակի: Սա բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից, միակ խնդիրն այստեղ երկաթուղու վերագործարկման պարամետրերն են: Պետք է անձնագրային ռեժիմին ու սահմանը հատելու սկզբունքներին ուշադիր լինենք, որովհետև կոմունիկացիաների ապաշրջափակումն ինքնին դրական երևույթ է, նորից եմ շեշտում` շատ կարևոր են պարամետրերը: Խնդիրները մանրուքների մեջ են լինում, պետք է պարզել, թե ինչ մարդկային և անձնագրային ռեժիմ է լինելու, փաստացի թե Հայաստանից, և թե Ադրբեջանից սահման են հատելու կողմերը, այդ բոլոր նրբությունները շատ կարևոր են, եթե դրանք միջազգային օրենսդրության շրջանակներում են, ապա լավ է, սակայն եթե Հայաստանի ինքնիշխանությունն այս պարագայում կասկածի տակ է դրվելու, վատ է»,- այս մասին «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն՝ անդրադառնալով Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցին:

Քաղաքագետի խոսքով` պարամետրերի մասին անհրաժեշտ են հրապարակային պարզաբանումներ, որից հետո միայն պետք է հարցին խորամուխ լինել:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության ղեկավարների` ս.թ. մայիսի 25-ին Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման նպատակով հունիսի 2-ին ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը: Նիստն անցել է կառուցողական մթնոլորտում: Գոհունակությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: