SOS. սադրանք է

SOS. սադրանք է

«Հանուն Արցախի» շարժումը կոչ է հղել Արցախի հերոսներին, Մարտական խաչի ասպետներին, գեներալներին, սպայակազմին, արցախյան ազատամարտի մասնակիցներին,կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին եւ նախաձեռնություններին, ինքնիշխան Արցախի արժանապատիվ քաղաքացիներին, համայն հայությանը՝ «դատապարտել Արցախի Հանրապետության ազատությունն ու ինքնիշխանությունը վտանգող որեւէ դրսեւորում եւ հավաքական կերպով չեզոքացնել հայկական երկրորդ պետությանը նետված ցանկացած սպառնալիք»:

Առիթը Հայաստանի ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանի՝ լրագրողների հետ հանդիպմանն արտահայտած այն տպավորությունն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «որեւէ խնդիր չի տեսնում, որ Ալիեւի հետ միասին որեւէ պատվիրակության անդամ, այդ թվում նաեւ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական, չգիտեմ, համայնքը, թե իրենց ժառանգները, թե իրենք իրենց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք համարող մարդիկ գան իր հետ պատվիրակության մեջ»: (տես՝ նույն հղումով)

Հայտարարության հեղինակը գտնում է, որ «պատգամավոր Հովհաննես Իգիթյանը, ի լուր աշխարհի հայտարարում է, որ Հայաստանն այլեւս չի խոչընդոտի Ադրբեջանի իշխանության ցանկությանը՝ Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի, որպես հակամարտության բանակցային կողմ ճանաչելու մասին՝ դրանով իսկ սպասարկելով Ադրբեջանի պետական շահերը՝ ի հաշիվ Արցախի եւ Հայաստանի ժողովրդի»: (տես՝ նույն հղումով) ։

Խնդրի կապակցությամբ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Մամեդյարովը հստակ ձեւակերպել է, որ «Հայաստանը խոչընդոտում է Լեռնային Ղարաբաղի հայ եւ ադրբեջանական համայնքների միջեւ երկխոսությանը»:  Սա՝ Բրատիսլավայում Հայաստանի արտգործնախարարի հետ երեք ու կես ժամ բանակցություններից հետո: Կասկածել պետք չէ, եթե Ադրբեջանն այդ հարցում անգամ ամենաթռուցիկ տպավորություն ունենար, որ Հայաստանը համաձայն է Լեռնային Ղարաբաղի «ադրբեջանական համայնքը» հակամարտության եւ բանակցությունների կողմ ճանաչելուն, ապա Մամեդյարովը մեծ ուրախությամբ սեփական ժողովրդին եւ միջազգային հանրությանը կներկյացներ այդ դիվանագիտական հաջողությունը:

Հայաստանի արտգործնախարարը ԵԱՀԿ նախարարական խորհրդաժողովի ելույթում կետ առ կետ ձեւակերպել է ԼՂ կարգավորման պաշտոնական մոտեցումները: Դրանցում «միջհամայնքային երկխոսության» կամ բանակցություններին ԼՂ «ադրբեջանական համայնքը ներգրավելու» մասին ակնարկ իսկ չկա: Ինչ վերաբերում է պատգամավոր Իգիթյանի ասածին, ապա հարկ է ուշադրություն դարձնել, որ նա խոսում է Ադրբեջանի նախագահի գլխավորած պատվիրակության կազմում որեւէ մեկին, որ իրեն համարում է ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչ, ընդգրկելու, ոչ թե ԼՂ «ադրբեջանական համանքի պատվիրակության» մասին:

Իրականում սրանք սկզբունքորեն տարբեր բաներ են: Եթե վաղն Ադրբեջանի նախագահը որոշի, որ Հայաստանի վարչապետի հետ բանակցությունների է գնում մի պատվիրակությամբ, որտեղ օգնականի կամ խորհրդատուի կամ սղագրողի կարգավիճակով ընդգրկված կլինի ԱԳՆ աշխատակից Թուրալ Գյանջալիեւը, որն իրեն համարում է ԼՂ «ադրբեջանական համայնքի ղեկավար»՝ Հայաստանը դրան չի առարկի: Սա է Հովհաննես Իգիթյանի ասածի իմաստը:

Հայտարարության հեղինակը հազիվ թե այս պարզ ճշմարտությունը չի հասկանում, չի ընկալում, որ դա «միջհամայնքային երկխոսության»ադրբեջանական առաջարկի դիվանագիտորեն ձեւակերպված մերժում է: Իհարկե, հասկանում եւ ընկալում է, բայց նրա շահերից է բխում հակասություն սադրել Հայաստանի եւ Արցախի միջեւ, ուստի դիմում է ԱՀ նախագահ Բակո Սահակյանին՝ «որպեսզի վերջինս (ինքնիշխան երկրի առաջնորդին դիմելու «օրիգինալ» ձեւ է՝ Վ. Ա.) վերահաստատի 2016 եւ 2019 թվականներին իր արտահայտած տեսակետը վերոնշյալ խնդրի կապակցությամբ, ինչը հակընդդեմ է Հայաստանի ներկայիս իշխանավորների արտահայտած մոտեցումը (այդպես է տեքստում՝ Վ. Ա.)»:

Ահա եւ բուն նպատակը՝ Հայաստան-Արցախ դիմակայություն սադրելու անթաքույց փորձ: Թե ինչ շրջանակներից է դա ուղղորդվում, մեկնաբանելու հարկ, թվում է, չկա: Բավական է կարդալ Արցախի առաջին, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ մի քանի օր առաջ «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցը:

Հ. Գ. Եթե հիշողությունս չի դավաճանում, Կազանի հանդիպումից առաջ Արցախ էր այցելել ադրբեջանական մի պատվիրակություն, որի անդամներից առնվազն երկուսը՝ ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Բյուլբյուլ-օղլին եւ Բաքվի կոնսերվատորիայի ռեկտոր Բադալբեյլին իրենց հայտարարել էին ԼՂ «ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ»: Ստեփանակերտում նրանք արժանացան ընդունելության, կազմակերպվեց այցելություն Շուշի, հնարավորություն ընձեռնվեց, որ Բյուլբյուլ-օղլին լինի իր պապենական տանը: Որքան հայտնի է, այդ կապակցությամբ Արցախի հերոսներից, Մարտական խաչի ասպետներից, գեներալներից, ազատամարտի մասնակիցներից, կուսակցություններից, հասարակական կազմակերպություններից ոչ մեկը հարց իսկ չբարձրացրեց, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում արմատներով շուշեցի երկու ադրբեջանցիների այցն Արցախ եւ ի՞նչ քննարկումներ ունեցան նրանք տեղում: