Ամենադաժանն ԱԱԾ-ն չէ, ամենադաժանը մարդու աչքերին նայելն է

Ամենադաժանն ԱԱԾ-ն չէ, ամենադաժանը մարդու աչքերին նայելն է

Մեդիադաշտում մրցակցությունն ուժգնանում է, եւ դրան համահունչ՝ ավելի դաժան է դառնում գույների պատերազմը։ Այսօր հեռուստաընկերություններ չեն փակում, լրագրողներին մութ վայրերում չեն ծեծում, բայց աշխատում է ֆեյսբուքյան «սպեցնազը»՝ ֆեյքերի բանակը, անտեսանելի «գենշտաբից» կառավարվող։ Անձնական վիրավորանքներ, ատելության մթնոլորտ։ Այս թեմայով ենք զրուցել «5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանի հետ։ Կարճ ժամանակում հեռուստաընկերությունը վարկանիշներ չափող «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության աղյուսակում հայտնվել է հինգերորդ տեղում, այն կիսելով «Կենտրոն» հեռուստատեսության հետ։ Չորրորդ տեղում Հանրային հեռուստաընկերությունն է, այն դեպքում, երբ Հանրայինը ՀՀ բյուջեից տարեկան ստանում է 7 մլրդ դրամ, իսկ «5-րդ ալիք»-ի բյուջեն ավելի քան 20 անգամ փոքր է։

Ի դեպ, «Ադմոսֆեր Արմենիա» ընկերության տվյալներին հեռուստագործիչները քիչ են հավատում։ Կան ավելի իրատեսական սոցհարցումներ, որոնց տվյալներով՝ «5-րդ ալիքը» երրորդ հորիզոնականում է։ Առաջին տեղում «Արմենիա»-ն է, երկրորդում՝ «Շանթը», հետո «Հինգն» է, ապա՝ Հանրայինը։

- Անզեն աչքով երեւում է, որ «5-րդ ալիքի» դիտողականությունը բարձր է։ Ինչո՞վ եք բացատրում դա, ինչպե՞ս եք գոյատեւում նեղ հեռուստաշուկայում։

- Բնականաբար, շուկան փոքր է, եւ այս շուկայի համար հեռուստատեսությունները շատ են, համաձայն եմ։ Բայց ցանկացած հեռուստատեսություն, եթե ազատ է գործում ու խնդիր չունի որեւէ մեկին սրբացնելու, ժողովրդի կողմից ընկալելի է։ Բացի դա, կարեւոր է ասել բաներ, որոնց մասին լռում են մյուսները։ Հաճախ ասում են՝ ընդդիմադիր հեռուստաընկերություն։ Մենք ընդդիմադիր չենք, մենք ազատ ենք։

- Բայց ձեզ մոտ մարդիկ գալիս են ու խոսում իշխանության դեմ։ Հետո, որ ասում եք՝ չսրբացնել, դուք էլ Ռոբերտ Քոչարյանին եք բարձրացնում։ Ես չեմ տեսել որեւէ քննադատական հաղորդում նրա դեմ։

- Այո, մենք կալանքի տակ գտնվող մարդու նկատմամբ իրավունք չունենք լինել լկտի, ինչպես մյուսները։ Այ, հիմա, ասենք, Դավիթ Սանասարյանին եթե կալանավորեն, մենք նրան գոտկատեղից ներքեւ չենք հարվածի։ Սա մենթալիտետ է, հայկական, ավելի ճիշտ՝ հատկապես հայկական։ Ես ծնվել ու մեծացել եմ Սիլաչիում, մի թաղում, որտեղ եթե ոստիկանությունից գալիս էին, մարդկանց ձերբակալում էին, այդ թաղի բնակիչները հավաքվում, գնում էին կարեկցելու, անգամ եթե այդ ընտանիքի հետ մտերմություն չունեին։ Եվ ամբողջ ընթացքում, երբ տանտերը ձերբակալված էր, այդ ընտանիքին լավ աչքով էին նայում, որովհետեւ նրանք արդեն նեղության մեջ են։ Ես դաստիարակվել եմ այդպես, ոչ թե՝ Ֆեյսբուքով նստեմ-գրեմ, հետո տեսնեմ մարդուն, ճանապարհս փոխեմ։ Էդ գրողները փողոցում ինձ հանդիպում են, ճանապարհը փոխում են, բայց Ֆեյսբուքում առյուծ են կտրում։

- «5-րդ ալիքի» դեմ իշխող ուժի կողմից Ֆեյսբուքում արշավ կա՞ եւ ինչպե՞ս է դրսեւորվում։

- Այո։ Տեսեք, ասում եք՝ բերում եք մարդկանց, որոնք քննադատում են իշխող ուժին։ Բայց մենք նրանց էլ ենք հրավիրում եւ ավելի շատ, քան մնացածներին։ Բայց երբ որ նրանք իրենց հատկացված ժամանակը չեն օգտագործում, մենք չենք կարող եթերում «full screen» դնենք ու ասենք՝ այսօր հրավիրված էր էսինչ մարդը ՔՊ-ից, բայց քանի որ նա չի եկել, հիմա մեզ մոտ «ստոպ կադր» է։ Մենք պետք է լրացնենք եթերաժամը։ Սուրբ տեղը դատարկ չի լինում, չէ՞։

- Բայց հիշո՞ւմ եք, ժամանակին Տիգրան Նաղդալյանը հրավիրել էր Դեմիրճյանին, նա չէր եկել, եւ դատարկ աթոռն էր դրված եթերում։

- Մենք այդ հարցը քննարկել ենք, ուզել ենք մի նման բան անել, բայց որոշել ենք, որ պետք չի։

- Կա՞ արգելք ձեզ մոտ գալու՝ իշխող ուժի կողմից։

- Ես նախկինում ասում էի՝ չկա, չի կարող նման բան լինել մի երկրում, որի վարչապետն անընդհատ ասում է, որ լրատվամիջոցներն ազատ են։ Ուզում էի հավատալ ու հավատում էի։ Հիմա ես ասում եմ՝ այո, կա արգելք, ես դա զգում եմ։ Մենք հրավիրում ենք, նրանք սիրով համաձայնում են, հաջորդ օրը նրանց ինչ-որ մեկն ասում է, որ չպիտի գան, եւ նրանք հրաժարվում են մեզ մոտ գալուց։ Դա հիմա արգե՞լք է, թե՞ արգելք չէ։ Եթե երկու, երեք անգամ լինի, կհամարենք, որ մարդ է, զբաղված է, չի կարող գալ։ Բայց պարբերաբար նույնն է։ Եվ եթե նրանք չեն ուզում գալ, օգտվել այս հարթակից, դրանից օգտվում են ուրիշները։ Եվ հետո՝ ոչ ոք մեղավոր չէ, որ նրանց պատգամավորները չեն կարողանում խոսել կամ խոսում են այնպես, որ հետո իրենց վրա ծիծաղում են։ Ես մի պահ այնքան ներվայնացա, որ մեր Ագնեսին՝ Խամոյան, ասեցի, որ հարց չտա նրանց, որ հաղորդումը բացի ու ասի՝ այսօր մեր հյուրն է ՔՊ-ից էսինչը, խնդրեմ՝ դուք խոսեք։ Թող 20 րոպե խոսի-գնա։ Դու հարց ես տալիս, իրենք խճճվում են, հետո դառնում է թեմա, ու մեզ են մեղադրում, հաջորդ օրն էլ գնում են «Ազատություն»՝ սրբագրվելու։

- ՔՊ-ից կա՞ մեկը, ում հավանում եք, համարում եք, որ լավ է խոսում։

- Իհարկե, կան։ ՔՊ-ից եկել են Վարազդատ Կարապետյանը, Միքայել Զոլյանը, Սոֆյա Հովսեփյանը ու շատ գոհ գնացել են, Փամբուկչյան Արմենը, Հայկ Գեւորգյանը, Թագուհի Թովմասյանը, Վահագն Թեւոսյանը։ Այսինքն, եթե մարդն ունի գիտելիք, պաշար, խոսքի կառուցվածք, եթե իրենք տիրապետում են իրենց ոլորտին, նաեւ քաղաքական իրավիճակին, երբեք ապուշություններ դուրս չեն տալիս։ Ես չեմ կարող մյուս լրատվամիջոցների նման՝ անուններ չտամ, նախապես հարցուպատասխանը սարքեմ, իրեն հարցը տամ, ինքը կարդա կամ անգիր արած լինի, հետո էլ դնեմ Ֆեյսբուքում ու գրեմ՝ մի հրաշալի անձնավորություն։ Ես լրատվամիջոց եմ, ոչ մեկին գնահատական տալու իրավունք չունեմ։

- Մի ժամանակ Դուք իշխանական ալիքում էիք, եւ ընդդիմությունը, ընդդիմադիր լրատվամիջոցներն էին վատ վիճակում, A1Plus-ի դեմ էր արշավանք, այնտեղ չէին գնում։ Հիմա Դուք զգո՞ւմ եք Ձեր մաշկի վրա, թե՞ այլ կերպ եք աշխատել այն ժամանակ։ Էդ դիկտատն էլի եղել է, չէ՞։

- Ես աշխատել եմ իշխանամերձ լրատվամիջոցում եւ մինչեւ այստեղ գալս էլ ընդդիմադիր թերթի խմբագիր եմ եղել։ Միշտ իմացել եմ ինչ անել։ Ես ինձ համարում եմ պրոֆեսիոնալ։ Տարիներ շարունակ հեռուստատեսությունում աշխատել եմ, տեսել եմ ե՛ւ վատը, ե՛ւ լավը, ե՛ւ միջինը, ե՛ւ հաջողված, ե՛ւ վատ հաղորդումներ, ե՛ւ ինձ ճանաչողները գիտեն, թե ես ինչ կռիվների մեջ եմ եղել իշխանական ուժերի հետ ու ինչպես եմ հաջողացրել եթեր մտցնել այն, ինչն այնքան էլ ցանկալի չէր։ Ունեցել եմ սահմանագիծ, որտեղ արել եմ առավելագույնը։

- Պետական բյուջեից սնվող լրատվամիջոցը կարո՞ղ է բացարձակ ազատ լինել։

- Ոչ, չի կարող, եթե խոսենք Հանրային հեռուստատեսության մասին, այն կարող է լինել պրոֆեսիոնալ, ազատ, բայց ազատության իր չափի մեջ պետք է պետությանը չվնասի։ Վարչապետը կամ որեւէ պաշտոնյա ասուլիսի ժամանակ կարող է մի բան ասի, որը պետական շահին չի համապատասխանում։ Պետությունն ունի իր ուղղությունը։ Բայց այն չպետք է լինի թելադրողի ու արգելանք դնողի դերում։ Ես դրա դեմ պայքարել եմ։

- Դուք ընդունում եք, չէ՞, որ ազատ եք աշխատում։ Կոշտ ձեւերով ճնշում չկա։ Ես ֆեյքերի լարումը, ատելության քարոզը նկատի չունեմ, դա ճնշում չէ։

- Այո, ես ազատ եմ աշխատում։ Ես չէի ասի, որ ֆեյքերին իշխանությունն է, այսպես ասած՝ քսի տալիս, բայց կան իշխանությանը մոտ կանգնած մարդիկ, որոնք ուզում են Հռոմի պապից կաթոլիկ լինեն եւ դրանով խփում են իշխանության վարկանիշին։ Ինձ վրա կոնկրետ «քսի են տվել»։ Ես դրանից վատ չեմ զգում։ Թող տան։

- Ի՞նչ կասեիք այն մարդկանց, որոնք այսօր հիշել են, որ Դուք մի քանի ամիս Հոկտեմբերի 27-ի գործով կասկածյալ եք եղել, եւ ամեն օր այդ մասին գրում ու նյութեր են տարածում։

- Դուք ասում եք՝ կասկածյալ, իսկ նրանք վստահաբար գրում են, որ ես մեղադրյալ եմ եղել, ու դա միտումնավոր է արվում։ Ի՞նչ պետք է ասեմ։ Նրանց թելադրում են, իրենք էլ գրում են, Հոկտեմբերի 27 նրանք չեն տեսել։ Ընդամենը կցանկանամ, որ իրենք էլ գնան մի քիչ նստեն։ Ուղղակի ժամանակն է փոխվել։ Այսօր այնպես չեն վերաբերվում ազատազրկվածի հետ, ինչպես այն ժամանակ։ Ամեն դեպքում, իրենց պետք է նստել։ Մի անգամ որ նստեն, խելքները գլուխները կհավաքեն։

- Եթե սպառնալիքը, վիրավորանքները հասնեն գագաթնակետին, Դուք ԱԱԾ կդիմե՞ք ֆեյքերի դեմ։

- Ամենադաժանն ԱԱԾ-ն չէ, ամենադաժանը մարդու աչքերին նայելն է։ Ես այն ժամանակ քննիչին էլ եմ ասել՝ ես դաստիարակվել եմ մի թաղում, որտեղ գործ չէին տալիս մարդկանց վրա։ Իմ Սիլաչին իմ առաջին համալսարանն է։ Ես ջուր ծախող ու սարի ծամոն ծախող եմ տեսել իմ թաղամասում, Լոբի Ժոռ եմ տեսել ու օրենքով գողեր եմ տեսել էդ թաղամասում, իմ կյանքն իմ թաղն է եղել։ Հիմա այս մարդիկ «փաբերից» այն կողմ բան չեն տեսել։ Հիմա ես ԱԱԾ-ին ասեմ, ի՞նչ։ ԱԱԾ-ն ինքը չի՞ տեսնում։ Բայց առիթ կլինի, ես իրենց աչքերի մեջ կնայեմ։

- Իշխանության մեջ, շուրջը տեսնո՞ւմ եք այն մարդկանց, որոնք այն ժամանակ Ձեզ խոշտանգում էին բերդում։

- Նրանք ցանկացած իշխանության ժամանակ հայտնվում են տվյալ իշխանության շրջապատում։ Իհարկե, կան, անուններ չեմ տալու։ Էս ատելության մթնոլորտը, որ ստեղծում են սոցցանցերով, իրենց է վնասելու։ Դաժան է լինելու վերջաբանը։ Իշխանությունը բարություն ապահովելու համար է։ Հակառակ դեպքում, միշտ կլինեն «Մարտի 1»-եր ու «Հոկտեմբերի 27»-ներ։ Հետո որդը մեզ կսկսի միջից ուտել։ Հատուկ ծառայությունները պարապ չեն, որ իրենց ներկայացուցիչներին հասցրել են խորհրդարան։