Մեր իշխանությունն այսօր ՌԴ նախագահն է, ռուսական կրիմինալը, ռուս պատրիարքն ու Կարմիր Խաչը

Մեր իշխանությունն այսօր ՌԴ նախագահն է, ռուսական կրիմինալը, ռուս պատրիարքն ու Կարմիր Խաչը

Նախօրեին տեղեկացել էինք, որ Հադրութի քաղաքապետ Վահան Սայադյանն է մասնակցում իրենց շրջանի քարտեզը գծելու գործընթացներին, փորձում է մի բան պոկել ադրբեջանցիներից՝ հնարավորինս բարենպաստ սահմաններ գծել, որ գոնե ինչ-որ բան հաջողվի փրկել։ Հադրութի շրջանի տասնյակ գյուղերից, ըստ նախնական տեղեկությունների, մեզ մնալու է ընդամենը երկու գյուղ՝ Հին թաղեր և Խծաբերդ գյուղերը։ Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանի հետ, ցավոք, չհաջողվեց զրուցել՝ նա անհասանելի էր։ Արցախում վերջին օրերին կապը շատ վատ է գործում։
Երեկ տեսանք, թե ինչպես է մեր Վարդենիսն ու Սոթքն անպաշտպան մնացել, որ թշնամին, կարելի է ասել, եկել ճեղքել է մեր սահմանը, կոտրել հանքի դարպասները, մտել մեր տարածք։ Սոթքի հանքի ռուս սեփականատերերն են խառնվել հարցի լուծմանը։ 

Օրեր շարունակ տեսանյութեր, հարցազրույցներ էին հրապարակվում, որտեղից երեւում էր, թե ինչպես են Քարվաճառից, Բերձորից հայերը մազապուրծ փախչում՝ կարծես 1915 թվի փախեփախը լիներ։ Մարդիկ անգամ չէին կարողանում իրենց գույքը հանել ամբողջությամբ, բանակցություններ էին վարում թշնամու բանակի զինվորների հետ՝ խնդրելով մի քանի ժամ ժամանակ տալ։ 
Անընդհատ տեղեկություններ են հասնում մեզ, որ Արցախում սահմանները գծվում են մի քանի թուրքի ու ռուսի կամայական համաձայնությունների արդյունքում՝ ոչ հայկական երկու պետություններից, ոչ մեր պետական կառույցներից որեւէ մեկը չի մասնակցում այդ գործընթացին։ Առավել եւս ոչ ոք չգիտի՝ սահմանը որտեղով է անցնելու, ինչը խոսում է այն մասին, որ եթե մենք նոյեմբերի 9-ից հետո նորմալ կառավարություն եւ վարչապետներ ունենայինք շատ բան հնարավոր կլիներ ստանալ։ Սակայն բարոյապես ջախջախված, պարտված, ռուսի կրնկի տակ մտած երկու վարչապետներն ի վիճակի չեն նման հարցեր լուծելու, ուստի այդ գործը մնաց ռուս խաղաղապահների խղճին ու բախտի քմահաճույքին։

Այսօր մամուլը գրեց, որ Վայոց Ձորի մարզին կապող և Ադրբեջանին սահմանակից  վիճելի դարձած հողակտորների հարցում էլ սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցելու են շտապել մոսկվաբնակ քրեական հեղինակություններ, որոնց <ջանքերի շնորհիվ տեղում կարգավորվել է խնդիրը, և խաղաղապահների ներկայությամբ որոշվել է Ադրբեջանի հետ սահմանակից հայկական գյուղի բլուրների և դաշտերի ճակատագիրը»։ Քրեական ենթամշակույթի դեմ պայքարող իշխանությունը հիմա հանգիստ դիտում է, թե ինչպես են ռուս քրեական հեղինակությունները մեզ համար ճակատագրական խնդիրների լուծմանը մասնակցում։

Բայց նախօրեին, այնուամենայնիվ, մի ուրախալի լուր իմացանք՝ հայտնի դարձավ, որ Քարվաճառի տարածքում մնացած Դադիվանքը շարունակելու է գործել եւ հայ հոգեւորականները շարունակելու են ծառայություն մատուցել ու հերթափոխով սպասարկել վանք այցելողներին, որոնց համար երաշխավոր է կանգնելու ռուսական բանակը։ Այս հարցում էլ, սակայն պարզվում է, ոչ թե ՀՀ վարչապետը կամ որեւէ իրավասու անձ է մասնակցել, այլ միջամտել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, ով կապվել է ռուս պատրիարք Կիրիլի հետ եւ խնդրել է միջամտել, վերջինս անձամբ խնդրել է ՌԴ նախագահ Պուտինին՝ կարգավորել այս հարցը։

Եթե սրան էլ հավելենք այն, որ գերիների ու անհետ կորածների հարցը, որոնք մատնվել են թշնամու կամայականությանը եւ համաձայնությունը կնքելուց 17 օր անց էլ դեռ նրանցից ոչ մեկը չի վերադարձվել հայրենիք, եւ նրանց հարցերով էլ զբաղվում է Կարմիր խաչը, Մարդու իրավունքների պաշտպանը, անհատ անձինք, ապա ստիպված ենք արձանագրել, որ մենք պետություն եւ պետական մարմիններ այս պահին չունենք։ 

Մինչդեռ այս բոլոր գործընթացները հենց պետության իրականացվելիքն են, նրա պարտականությունը։ Մենք՝ հարկատուներս դրա համար ենք այսքան պարազիտների աշխատավարձ վճարում, պահում, որ լուծեն պետության առջեւ ծառացած խնդիրները։ Իսկ նրանք կամ այդ խնդիրները լուծելուց հրաժարվում են կամ անկարող են եւ այս ամբողջ բեռը մնացել է ռուս իշխանավորների ու կրիմինալի, միջազգային կառույցների, կաթողիկոսի, օմբուդսմենների, մի քիչ էլ համայնքապետերի ու տարբեր անհատների վրա։ 

Փաստորեն, 21-րդ դարում հայ ժողովուրդն ապրում եւ իր խնդիրները լուծում է այնպես, ինչպես պետականություն չունեցած ժամանակներում՝ եկեղեցու, մտավորականների եւ այլ պետությունների ղեկավարների միջոցով։ 

Սվետա Մարտիրոսյան