Ինչ կպատահի, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի-3

Ինչ կպատահի, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական չներկայացնի-3

Հոդվածի առաջին եւ երկրորդ մասերում խոսեցինք տնտեսության, դատական համակարգի, օրինականության շրջանակներում նախկին կոռումպացված պաշտոնյաների ունեզրկման, արժեհամակարգային խնդրի, հասարակությունը սեւերի ու սպիտակների բաժանելու գործընթացի եւ իշխանությունը բիրտ ուժով պահելու անթույլատրելի մեթոդների, ինչպես նաեւ ժողովրդավարության հաստատման գործընթացների վերաբերյալ: 

Այսօր ներկայացնենք ամենագլխավորը, այն է՝ պետության անվտանգության խնդիրը: Հանրապետության անկախացումն ու արցախյան առաջին գոյամարտը լրացրին մեկը մյուսին. որքան հիշում եմ, իրադարձությունների նման հերթագայում տեղի է ունեցել մեկ էլ Իսրայելում: Արցախյան հաղթական գոյամարտից հետո մենք դատապարտված էինք զարգացած տնտեսությամբ եւ հզոր բանակով երկիր կառուցել: Ընդհանուր առմամբ, այդ խնդիրը կատարվում էր, սակայն կոռուպցիան եւ պետական համակարգի ոչ արդյունավետ կառավարումը Հայաստանի Հանրապետությունը չդարձրին այնպիսի մի երկիր, որի հետ փորձում են բարեկամություն հաստատել եւ ոչ թե թշնամանալ: Հանրապետության ղեկավարությունը բաց թողեց նաեւ սպառազինության ասպարեզում, այսպես կոչված, 5-րդ սերնդի սպառազինության մուտքը, ինչի ամենաէական տարրն անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ-ների) գործարկումն էր, ինչը դրսեւորվեց արաբական Սիրիայում եւ Լիբիայում: 2018-ի հեղափոխությունից հետո իրավիճակը ոչ միայն չշտկվեց, այլեւ ավելի խորացավ. ԱԹՍ-ների եւ ՀՕՊ արդիական համակարգերի փոխարեն արտադրությունից հանված սպառազինության եւ չորս ՍՈՒ-30 կործանիչների անիմաստ ձեռքբերման հետ մեկտեղ իշխանությունը ծավալեց արցախյան հաղթական գոյամարտի հերոս հրամանատարներին հեղինակազրկելու եւ զինված ուժերից նրանց հեռացնելու գործընթացներ: Այդ ամենը կատարվում էր Ադրբեջանի կողմից ռազմական ոլորտին կատարվող հսկայական ներդրումներին զուգահեռ, ինչը, ի վերջո, ունեցավ իր բացասական հետեւանքները: Ի դեպ, 45-օրյա պատերազմը ցույց տվեց նաեւ, որ հսկայական խնդիրներ են առկա մոբիլիզացիոն գործընթացներում: 

Պատերազմում պարտություն կրելուց հետո ՀՀ գերագույն հրամանատարը թեեւ մի թեթեւ ընդունելով, որ ինքը պատասխանատվություն է կրում, չմոռացավ, իր սովորության համաձայն, մեղքը բարդել բոլորի վրա՝ արդարացնելով իր ապաշնորհ կառավարումն ու բոլոր ոլորտներում սխալ քաղաքականությունը: Եվ ողջ կառավարության հրաժարականի փոխարեն նախարարների պաշտոնանկ անելը վկայում է, որ այսուհետ եւս կշարունակվեն այն բոլոր բացասական երեւույթները, որ ուղեկցեցին Փաշինյանի վարչապետությանը: Այնինչ մեր հասարակությանն անհրաժեշտ է, որ մենք մեզ թափ տանք եւ փորձենք նոր մարդկանցով եւ նոր մոտեցմամբ շտկենք այն իրավիճակը, որում հայտնվել ենք այսօր:

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ