Հստակեցնել Ռ․Պետրոսյանի կիրառած «տրորել» բառի կիրարկման կոնկրետ իմաստը՝ քաղաքացու պահանջը Փաշինյանից

Հստակեցնել Ռ․Պետրոսյանի կիրառած «տրորել» բառի կիրարկման կոնկրետ իմաստը՝ քաղաքացու պահանջը Փաշինյանից

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ մամուլին տված հարցազրույցը բարկացրել է նրա եղբոր կողմից բռնության ենթարկված քաղաքացուն՝ «Իրավունքի սահման» ՀԿ նախագահ Գևորգ Հովհաննիսյանին։

Hraparak.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ բաց նամակ է ուղարկել Փաշինյանին՝ դրա մի պատճենն էլ ուղարկելով Կոտայքի մարզպետարան։  

Նշենք, որ Ռոմանոս Պետրոսյանը եղբոր՝ Ռուբեն Պետրոսյանի և  Գևորգի միջև միջադեպը բացատրել էր վերջինիս կողմից մարզպետի քաղաքական գործունեությանն ուղղված միտումնավոր սադրանքով։ 

«Քանի որ ինքս, գործելով մեր տարածաշրջանում բազմաթիվ հարցերում, նաև իմ գործողություններում տրորել եմ շատ ուժեղ կենտրոնների շահեր, շատ կենտրոնների ինքնագործունեություն եմ կանխել և օրենքի գերակայության ջատագովն եմ իմ գործունեությամբ»,- ինքն իրեն և տարբեր «կենտրոնների» նման գնահատական էր տվել մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ 

Եվ հիմա Գևորգ Հովհաննիսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից ակնկալում է, որ խիստ հանձնարարական տա՝ պարզելու, ապա  «Իրավունքի սահման» ՀԿ-ին տրամադրելու այդ ուղղորդված սադրանքին ՀԿ նախագահի մասնակցությունը հիմնավորող կամ հերքող ապացույցներ՝ դրանք դատարան ներկայացնելու համար։

Մեկ այլ ակնկալիք ևս Փաշինյանից․ հստակեցնել Ռոմանոս Պետրոսյանի կիրառած «տրորել» բառի կիրարկման կոնկրետ իմաստն ու բովանդակությունը։ 

«Հիմք ընդունելով ՀՍՍՀ ԳԱԱ Հր․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի կողմից 1980 թ․ հրատարակված ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանում «տրորել» բառի բացատրությունը՝ հիմնավորապես կարող ենք պնդել, որ ժողովրդավարական և իրավական պետություն հռչակված մեր երկրում առավելապես բացասական երանգ ունեցող հասկացությունը իրավակարգի ջատագով հռչակված պաշտոնատար անձի բառապաշարում տեղ ունենալ չի կարող։ Հակառակ պարագայում ակնկալում ենք ներկայացնել այն շրջանակը, որտեղ այդ տերմինը կարող է կիրառել իր պատկերացրած իմաստով՝ ինչ-որ բան տրորելու մեր կազմակերպության կապը հիմնավորող կամ հերքող ապացույցներ»,-պահանջում է քաղաքացին։

Հիշեցնենք, թե ինչ էր տեղի ունեցել  նրա և մարզպետի եղբոր միջև։ Ըստ Գևորգի՝ Ռուբենը, դժգոհ լինելով իրենց ՀԿ-ի՝ մարզպետարան ուղարկած գրություններից, պարբերաբար սպառնացել էր նրան «տենալ», իսկ երբ պատահաբար հանդիպել էին, 6-7 անգամ հարվածել էր նրա աչքին, ապա մեքենայով հարվածել նրա վարած մեքենային ու հետապնդել որոշ ժամանակ։

Ռոմանոս Պետրոսյանը նաև ասել էր, որ Գևորգը եղբոր հետ կոպիտ ու ագրեսիվ է խոսել, իսկ եղբայրն էլ, տեսնելով, որ սադրանքը մեծանում է, նստել է մեքենան ու հեռացել։ «Դրանից հետո հետապնդելու իրավիճակ է ստեղծել այդ անձը, և նաև մեքենաներն են բախվել իրար»,- հայտնել էր Կոտայքի մարզպետը։

Հիմա Գևորգ Հովհաննիսյանը վերջինիցս պահանջում է հրապարակային բացատրություն ներկայացնել, թե ինչպես է ստացվել, որ եղբայրն իր մեքենայով ընթանալով իր հետևից և ընթացքի ժամանակ բախվելով իր մեքենային, որպես օրինապահ քաղաքացի՝ չի կանգնել, չի զանգահարել ապահովագրական ընկերություն և ոստիկանություն, այլ շարունակել է ընթացքն ու հետապնդումը։

Գևորգը Փաշինյանին տեղեկացրել է նաև, որ վարորդի պաշտոն զբաղեցնող Ռուբենը՝ մարզպետական եղբայրը, ԿԳ նախարարի հրամանագրով նշանակվել է Մրգաշեն համայնքի միջնակարգ դպրոցի կառավարման խորհրդի անդամ։

Գևորգի ղեկավարած հասարակական կազմակերպությունը խոստանում է շուտով հրապարակել Արարատի մարզպետի հովանավորությամբ կամ թողտվությամբ Գեղանիստ համայնքի ղեկավարի գործունեության հետ կապված ուշագրավ փաստեր, ինչպես նաև բանկերից մեկի կողմից տրամադրված գյուղատնտեսական վարկերի առնչությամբ։

Նամակն ավարտվում է Ավետարանից 2000-ամյա մի ուղերձի մեջբերմամբ, թե չկա որևէ ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և որ Կոտայքի մարզպետը, հավակնելով հարցաքննվել որպես սույն գործով վկա, նախազգուշացվում է կեղծ ցուցմունք տալու առնչությամբ։