Ում լսել, ում չլսել

Ում լսել, ում չլսել

Լավ է գիտունին գերի, քան անգետին սիրելի, ասում է ժողովրդական իմաստնությունը։ Այս ասացվածքը հավանաբար Նիկոլ Փաշինյանը չի լսել՝ նա առաջնորդվում է ամենացածր, ամենաանգետ խավի ուղղորդումներով՝ անտեսելով խելոքների, գրագետների խորհուրդները եւ իրեն համարելով հենց այդ խավի ներկայացուցիչը։ Իսկ անգետները ոչ միայն շատ ավելի ագրեսիվ են, քան գրագետները, այլեւ ինքնակազմակերպվելու ավելի մեծ ունակություն ունեն։ Գաղտնիք չէ, որ մտածող մարդիկ անհատականություններ են եւ կոլեկտիվ միջոցառումներից խուսափում են, իսկ հիմարները խմբերով են գործում, որի անունը նաեւ ամբոխ է։ 

Հիմա մեր վարչապետին ոչ թե անհատների, անհատականությունների, ընտրյալների կարծիքն է հետաքրքրում։ Այն մարդկանց, ովքեր ինչ որ բանի են հասել իրենց կյանքում, ինչ որ բան են ստեղծել, ճանապարհ են անցել, այլ ամբոխի, որը կարող է լատինատառ, ատելությունից կուրացած գրառումներ անել ֆեյսբուքում, ի դեպ, որտեղ արդեն հնարավոր էլ չէ պարզել՝ ով է ֆեյք, ով իրական։ 

Այս իշխանության գլխավոր թերություններից մեկը ֆեյսբուքը չարաշահելն ու գերագնահատելն է, ֆեյսբուքյան «սռաչներով» կողմնորոշվելը։ Եւ դա գալիս է ծրագիր, կայուն աշխարհայացք չունենալուց, էմոցիոնալ անկայուն հոգեվիճակից, պարզապես՝ չկայացածությունից եւ քաղաքական  մարդիկ վստահ են իրենց ճշմարտացիության մեջ եւ հանրային աղմուկից չեն տատանվում, չեն նահանջում՝ գնում են դեպի իրենց նպատակները, որքան էլ դա դժվար լինի։ Մեր վարչապետն ու թիմը, որ ողջ օրը նստած ֆեյսբուքն են մոնիտորինգ անում, առավոտյան մի բան են ասում, կեսօրին՝ ուրիշ բան, երեկոյան բոլորովին այլ բան, ինչը ցնցումների է տանում երկիրը, մարդկանց հանում հունից, անկայունության եւ անկանխատեսելիության միջավայր ձեւավորում երկրում։ Այս միջավայրից փախչում են եւ մարդիկ, եւ կապիտալը, եւ հույսն ու հավատը։ 

Երեկ այդ «աշխարհացունց» միջոցառումը, որ նախաձեռնեց Նիկոլ Փաշինյանը եւ մի հազարի չափ անբանների հավաքեց դատարանների մոտ, միանգամից եւ հուժկու մերժման արժանացավ մտածող մարդկանց կողմից։ 

Միջազգային կառույցների եւ արեւմուտքի հետ աշխատող կազմակերպությունների ու կուսակցությունների արձագանքից էլ հասկացվեց, որ այն նաեւ դրսում է անընկալելի։ Երեկ գրեթե բոլոր կուսակցությունները դատապարտող հայտարարություններ արեցին, անգամ Փաշինյանին աջակցող ԲՀԿ-ն, «Հանրապետությունը», Ազատ դեմոկրատները, որը ամիսներ շարունակ ընդհատակ էր անցել։ Մեր դիտարկումներով, Փաշինյանի երեկվա ակցիան ողջունեց միայն ՔՈ կուսակցությունը, որը ԲՀԿ առաջնորդին մանդատից զրկելու առաջարկով անցել է իշխանական դաշտ եւ ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը։ Նաեւ կարծես թե ՀԱԿ-ը  լռեց՝ անհատների եւ կուսակցության մակարդակով։ 

Հայտարարություններ արեցին Մարդու իրավունքների պաշտպանը, Փաստաբանների պալատը, Բարձրագույն դատական խորհուրդը, ԱՄՆ դեսպանությունը։ Այդ հայտարարությունները՝ մեկը խիստ, մյուսը՝ մեղմ, սակայն բոլորն էլ նախազգուշացնող, որ սխալ ուղղությամբ է գնում երկրի վարչապետը, որ դատական համակարգի աշխատանքը խոչընդոտելը, դատարանների դռները փակելը անհետեւանք չի անցնելու, հիշեցնում էին, որ իշխանության երեք ճյուղերը մեզանում տարանջատված են եւ դա գործադիր իշխանության ներխուժում է դատական իշխանության իրավասությունների մեջ։ 

Բայց Նիկոլ Փաշինյանը իր կոմպլեքսների եւ իր պատկերացումների գերին է՝ նա առաջ էլ էր կաշվից դուրս գալիս, որ համոզի՝ ինքը կապ չունի իշխանության հետ․ Ազգային ժողովում նրա հայտարարությունների մեծ մասն ուղղված էր Սերժ Սարգսյանից եւ Միքայել Միասյանից տարանջատվելուն, անգամ անառիթ հայհոյում էր, որ ապացուցի իր անկախությունը։ Հիմա էլ, փաստորեն, նեղվում է, որ իրեն կասկածում են թույլ լինելու, իրավիճակը չտիրապետելու, դատարանների նկատմամբ ազդեցություն չունենալու մեջ եւ դրան են ուղղված նրա գործողությունները։ Խնդիրն այն է ապացուցել, որ ինքն ուժեղ է, անկախ է, ազնիվ է, ծրագիր ունի, կարող է երկրում իրավիճակ փոխել։ Ինքը չի միջամտում դատարանների որոշումներին, բայց դատավորները լավ գիտեն, թե ինչ է ուզում եւ իր կամքն իրականացնում են առանց իր միջամտության եւ այլն, եւ այսպես շարունակ։

Վարդուհի Ղազարյան