Մեծ սուտ
Հայաստանում սկսվել է մեծ ստի հերթական շրջափուլը: Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը վաղուց է ապրում Հովհ. Թումանյանի «Սուտասանը» հեքիաթի հանգույն. «Լինում է, չի լինում մի թագավոր: Էս թագավորը իր երկրումը հայտնում է. «Ով էնպես սուտ ասի, որ ես ասեմ` սուտ է, իմ թագավորության կեսը կտամ նրան»»: Այս հեքիաթը, չնայած բանահյուսական ժանրին, ճշգրտորեն արտացոլում է Հայաստանի հասարակական-քաղաքական գործընթացները, անցյալի եւ ներկայի իրողությունները, իշխանությունների՝ նախկինների եւ ներկաների քաղաքական վարքագիծը, հասարակության ինքնախաբեության հարաճուն ձգտումները, իշխանություն-հասարակություն հարաբերությունները, միով բանիվ՝ ստելու՝ ներհայաստանյան անկանգ մրցակցությունը: Հայաստանի հանրությունն ու իշխանությունները ոչ միայն չեն կարողանում դուրս գալ համահայաստանյան ստի ճիրաններից, այլեւ ավելի ու ավելի են հանձնվում ստի, կեղծիքի խաբեության պղտոր հորձանքին: Նրանք՝ իշխանությունն ու հանրությունը, ստի կործանարար հորձանուտն են հրել նաեւ մեր երկիրը՝ Հայաստանի Հանրապետությունը:
Սուտը միշտ ծնվում է մեկ այլ ստից՝ ծնելով նորանոր ստեր, տարածվելով ու բազմապատկվելով: Սուտը Հայաստանում ոչ միայն տարածվել է, այլեւ խրախուսվել է եւ պարգեւատրվել: Ներհայաստանյան կյանքում շարունակաբար ստել եւ ստում են իշխանությունն ու ընդդիմությունը, աղքատն ու հարուստը, ուսյալն ու անուսը: Թումանյանի հեքիաթի հերոսների պես՝ Հայաստանում ստել եւ ստում են ոչ միայն իշխանությունները, այլեւ հանրությունը, որը ստելու համար հերթի է կանգնել, իսկ մեծ ստի համար խոստացած պարգեւը միշտ եղել է իշխանությունը՝ «թագավորության կեսը կամ «մի կոտ ոսկին»»:
Սուտը Հայաստանում վաղուց արդեն միայն հեքիաթ չէ, այլ վերածվել է քաղաքական հասկացության եւ իրողության: Ստում են ամենուր եւ անդադար, ստում են ինքնաբուխ եւ հրահանգավորված: Հայաստանում ստել եւ ստում են երկրի կառավարիչները եւ ստելու համար հերթ կանգնած հանրության անդամները: Ստի հարաճուն այդ հերթը հայկական հերթի նման է՝ անկանոն եւ անհամբեր, բազմաճյուղ եւ բազմապատկվող:
Խորհրդային տարիների 70 տարվա ստի անառիկ ամրոցն ուժգնորեն սասանող եւ այն փլուզող Հայաստանի հանրությունը երկրի անկախությունից կարճ ժամանակ անց սկսեց կառուցել ստի, խաբեության եւ կեղծիքի նոր բերդը. 1995թ. հուլիսի 5-ին անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն ընդունվեց ընտրակեղծիքներով եւ վիճահարույց հանրաքվեով: Սահմանադրության հետագա փոփոխություններն իրականացվեցին եւ պաշտոնապես հաստատվեցին նույն ընտրական ստերով՝ 2005թ. նոյեմբերի 27-ի եւ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեների կոպտորեն կեղծված արդյունքներով: Անկախ Հայաստանի երեք տասնամյակների ընթացքում Սահմանադրությունը երեք անգամ մերժվեց հանրության կողմից եւ երեք անգամ կեղծվեց իշխանությունների կողմից՝ դառնալով արգելակ Հայաստանի ժողովրդավարացման եւ առաջադիմության ճանապարհին: Սահմանադրության կեղծմամբ Հայաստանը սկսեց ընթանալ քաղաքական մեծ ստի տարտարոսով եւ հայտնվեց այդ ստի կապանքների մեջ: Հայաստանի պետականության շենքը կառուցվեց մեծ ստի վտանգավոր հիմքերի վրա:
Դժվարն առաջին մեծ սուտն էր, որից հետո ստելը դարձավ առօրյա ու սովորական: Հայաստանում ստել են նոր բացված աշխատատեղերի, տնտեսական աճի ցուցանիշների, արտագաղթի իրական ծավալների, բնակչության իրական թվաքանակի, սոցիոլոգիական հարցումների արդյունքների, ընտրությունների եւ ընտրական քվեները հաշվելու ժամանակ: Ստում են երդմնակալության ժամանակ: Ստում են խաղաղության եւ պատերազմի ժամանակ: Ստում են բանակի եւ քաղաքականության մասին խոսելիս:
Ընտրությունից ընտրություն ստում են կուսակցությունները. կառավարող կուսակցությունները՝ չիրականացրած խոստումների եւ չունեցած ձեռքբերումների մասին, ընդդիմադիր կուսակցությունները՝ ձախողված իշխանափոխության, չունեցած գաղափարների եւ ծրագրերի մասին: Կուսակցական սուտը մոլախոտի պես արագորեն տարածվում է Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում՝ արեւից եւ կենսանյութից զրկելով քաղաքական միտքը, ճնշելով բարձր գաղափարներն ու սկզբունքները: Հայաստանում սուտը հեշտությամբ եւ արագորեն տարածում են նաեւ ԶԼՄ-ները՝ բազմապատկելով ստի ծավալներն ու ընդարձակելով չափերը:
Հայաստանում ստում են նաեւ սեփական՝ ՀՀ քաղաքացիության մասին: Այսպես. միայն 2020թ. ավելի քան 30 հազար ՀՀ քաղաքացիներ ընդունել են ՌԴ քաղաքացիություն: Երկքաղաքացիության ազգային սուտը Հայաստանը զրկում է իրական, երկրում ապրող քաղաքացիներից:
Հայկական սուտը ծնվում է նաեւ ինքնախաբեության քամիներից, իսկ ինքնախաբեությունը ծնել է օտարին ապավինելու եւ նրան ինքնամոռաց հավատալու ցնորամտությունը:
Հայկական ինքնախաբեությունը հորինել է «ռազմավարական դաշնակից», որն իրականում հայկական շահերի եւ ձգտումների մշտարթուն հակառակորդն է: Տասնամյակներ շարունակ հանրային մակարդակից այդ սուտը բարձրացել-հասել է պետական քաղաքականության մակարդակի: Խեղելով հանրային կողմնորոշիչները՝ «ռազմավարական դաշնակից եւ ՀՀ անվտանգության երաշխավոր Ռուսաստանին» ապավինելու հայկական մոլորությունն ու ինքնախաբկանքը ջարդել է հանրային եւ պետական դիմադրողականության ողնաշարը, արմատախիլ արել ազգային ինքնավստահության դարավոր կաղնին:
Հայկական ինքնախաբեությունը ծնվել է նաեւ անհուսությունից: Անհուսությունը ծնել է նաեւ փրկիչների, որոնք իրականում հայկական բանահյուսական եւ իրականության ստերի խտացումն են եղել: Նիկոլ Փաշինյանը ծնվել է հայկական ինքնախաբեությունից, հանրային անհուսությունից, նախկին կառավարիչների կեղծիքներից, խաբեությունից, ագահությունից, նրանց հանդեպ ատելությունից: Նիկոլ Փաշինյանը հայաստանյան մեծ ստի հավաքական խտացումն է: Ստելու հմտությամբ նա գերազանցել է անգամ իր նախորդներին:
Նա ստել է հեղափոխությունից առաջ, հեղափոխության ընթացքում եւ հեղափոխությունից հետո: Ստել է, թե քաղաքացին է երկրի տերը, սակայն ինքն է դարձել իշխանության եւ երկրի միակ տերը: Նա ստել է ժողովրդին երբեք պարտության չառաջնորդելու մասին, սակայն Հայաստանի պետությունն ու հանրությանը վերջին հարյուրամյակի ամենամեծ պարտությանն է հասցրել: Ստել է պատերազմական հաղթանակների մասին, մինչդեռ ստորագրել է ամոթալի պարտության խայտառակ պակտը: Ստել է հպարտ քաղաքացու մասին, սակայն քաղաքացուն թե՛ սեփական երկրում եւ թե՛ օտարի առջեւ թողել է ամոթահար գլխահակ եւ նվաստացած: Ստել է Ղարաբաղի եւ Հայաստանի միասնության մասին, սակայն Ղարաբաղն ու Հայաստանը հանձնել է Ադրբեջանին, Ռուսաստանին եւ Թուրքիային:
Հայաստանում ստով լցվել է թե՛ իրական, թե՛ վիրտուալ կյանքը: Մեր երկրում սուտը ծաղկում, փթթում ու տարածվում է, քանի որ ճշմարտությունն արհամարհվում է, անտեսվում, հալածվում, խեղդամահ արվում: Ճշմարտությունը միշտ էլ հաղթում է ստին, սակայն Հայաստանում սուտը դեռ հաղթում է ճշմարտությանը:
Ընդունված է կարծել, թե քաղաքականության մեջ ստում են բոլորը: Իրականում այդպես չէ, պարզապես Հայաստանում քաղաքականությանը շարունակ տիրացել են ստախոսները:
Չնայած հանրային վատ հիշողությանը՝ ՀՀ քաղաքացիները հիմնականում հիշում են մեր ժամանակների բոլոր մեծ ստերն ու ստախոսներին: Հիշելու են նաեւ Նիկոլ Փաշինյանին:
Եվ այդպես էլ շարունակելու են ապրել մեծ ստի քաղաքական նիրվանայում, եթե ճշմարտության արեւի շողերը չարթնացնեն Հայաստանը մեծ ստի՝ արդեն մահաբեր քնից:
Կարծիքներ