Եթե մենք ասում ենք` հեռացիր, դավաճան ես, ո՞նց կարող ենք պորտֆել վերցնել իրենից

Եթե մենք ասում ենք` հեռացիր, դավաճան ես, ո՞նց կարող ենք պորտֆել վերցնել իրենից

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ

- Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ-ին ու ԼՀԿ-ին առաջարկել է հուշագիր ստորագրել՝ վարչապետի հրաժարականից հետո թեկնածու չառաջադրելու մասին, որ ԱԺ-ն ցրվի, եւ գնան արտահերթ ընտրությունների։ Ընդդիմությունը մերժել է։ Տեղեկություն կան նաեւ, որ առաջարկել են պորտֆելներ վերցնել, ստանձնել ոլորտային պատասխանատվություն։ Որեւէ ֆորմատով հուշագրի ստորագրում հնարավոր համարո՞ւմ եք։

- Նախ անդրադառնանք հուշագրի բովանդակությանը, որն առաջարկվել է մեզ ու մերժվել։ Ինչու է մերժվել, որովհետեւ ուզում էր, որ քաղաքական 2 ուժերը գրավոր պատասխանատվություն վերցնեն, որ վարչապետի հրաժարականից հետո չաշխատի Սահմանադրության այն դրույթը, որ 2 յոթնօրյակում չառաջադրվի վարչապետի թեկնածու: Մենք դա աբսուրդային առաջարկ ենք համարել։ Ի՞նչն է խանգարում իրենց դա անել առանց հուշագրի։ Ես այդ հարցը տվել եմ նաեւ գլխավոր պաշտոնը զբաղեցնող պաշտոնյային։ Հարցրել եմ՝ խնդիր ունե՞ք ձեր մեծամասնության ներսում, 83 պատգամավոր, գումարած եւս 2 հայտնի պատգամավորներ, ի՞նչ խնդիր կա։ Ըստ երեւույթին, վստահ չեն, եթե վստահ լինեին, հաստատ կգնային։ Թե դրանից հետո ինչ պետք է առաջարկվեր, կարծում եմ՝ եթե լիներ, ես անպայման կիմանայի։ Ուստի կարծում եմ, որ նման թեմա չկա։ 

Քաղաքական գործընթացները տրամաբանություն պետք է ունենան, դուք տեսնում եք, որ փողոցում գործընթացներ կան, միգուցե եղանակային պայմաններով պայմանավորված, կազմակերպչական որոշ խնդիրներով՝ վերալիցքավորման անհրաժեշտություն․․․ փաստը, որ փողոցում այսօր քիչ մարդիկ են, դա չի նշանակում, թե դժգոհություն չկա։ Մենք պետք է ճիշտ գնահատական տանք, այն է՝ տեղի է ունեցել հայրենազրկում, պարտություն, իսկ պարտված ղեկավարությունը պետք է հեռանա։ Մյուս կողմից՝ մենք գտնում ենք, որ չի կարելի հասարակությանը հիմա տանել ընտրության, որովհետեւ հասարակությունը երկփեղկված է, շոկային վիճակում է, երեխա են կորցրել, տուն են կորցրել, տեսեք՝ օդանավակայանում ինչ է կատարվում։ Այդ վիճակով բերել ընտրական բախումների, նշանակում է՝ առանց այդ էլ թուլացած երկիրը տանել էլ ավելի թուլացման, այն պարագայում, որ այսօր Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ղեկավարությունը կարող է ամեն պահի առանց միջամտության շարժվել առաջ։ Զորավարժություններ են անում, ես ամեն գիշեր մտահոգություններ եմ ունենում, որ ամեն պահի կարող է պատերազմ սկսվի արդեն Հայաստանի տարածքում։ Մենք չենք տեսնում, որ այս իշխանությունը երաշխիք տա, թե նոր տեխնոլոգիաներով պատերազմի ժամանակ ոնց ենք դիմակայելու։ Այսպիսի թուլացած, ծնկի եկած վիճակ անկախությունից ի վեր երբեք չի եղել։ Դրա համար ենք ասում, որ պիտի հեռանան, գա նոր իշխանություն։ Լավ՝ չունե՞ք տղամարդկություն, որ ասեք՝ հեռանում ենք, ինչքա՞ն կարելի է վերակենդանացման նշաններ ցույց տալ։

- Կապիտուլյացիայի ստորագրումից 3 ամիս է անցել, Փաշինյանն ու իր թիմը ձեր պայքարի արդյունքում չեն հեռանում, հնարավո՞ր է մաս կազմեք կառավարությանը, փորձեք որոշ ոլորտներ զարգացնել, վերահսկողություն կունենաք մինչեւ ընտրությունները։

- Կարծում եմ` մեր հասարակության զգայարանների մեջ հստակ նստած է, թե ինչ է տեղի ունեցել, այլ բան է, որ զարթնելու, զգացածը գործողություն դարձնելու, հորդելու պահն ուշանա։ Թե որ պահին կհորդա, դա է հարցը․․․ հաստատ հորդալու է՝ կլինի մի ամիս, երեք ամիս․․․

- Կամ մեկ տարի, երեք տարի։

- Ոչ, շուտ է լինելու։

- Ի՞նչ գիտեք։

- Ես էլ եմ ժողովուրդ, շփվում եմ,  մարզեր եմ գնում, գյուղեր, ինչ-որ պահի հաստատ լինելու է, հանգիստ եղեք։

- Իսկ պորտֆելներ վերցնելու մասին ի՞նչ կասեք։

- Իմ անձնական կարծիքով՝ չի կարող նման բան լինել։ Դուք ո՞նց եք պատկերացնում, եթե մենք իրեն ասում ենք՝ հեռացիր, դավաճան ես, ո՞նց կարող է նման բան լինել։ Ես վստահ եմ, որ դա հայտնի շրջանակներից սպրդվող ինֆորմացիաներ են․․․։ 

- Քաղաքականության մեջ պատահում է, ասել եք՝ դու այսինչն ես, հետո գնացել ձեռք եք սեղմել։

- Սա այդ դեպքը չէ։ Մենք ասել ենք, որ ընտրությունը պետք է լինի որոշ ժամանակ հետո, առավելագույնը՝ մեկ տարի, որպեսզի երկիրը կայունանա, իրենք սխալներն ուղղեն, բայց տեսնում ենք, որ չեն կարողանում ուղղել։ Այսինքն՝ դուք մտածում եք, որ եթե քաղաքական վճիռ կայացնողը մնում է նույնը, մենք մի քանի պորտֆել ենք վերցնում, ի՞նչ է փոխվելու, այդ նախարարները պիտի ազդեցություն ունենա՞ն։ Բա «Բարգավաճը» որ դուրս եկավ 2012 թվին կոալիցիայից, ինչո՞ւ դուրս եկավ, որովհետեւ քաղաքական որոշումների վրա ազդեցություն չուներ։ Պիտի սպասենք, որ քաղաքական զարգացումները բնականոն զարգանան եւ հանգուցալուծվեն։ 

- Վերջին ընտրություններին 100 հազարից ավելի քվե եք ստացել, հիմա  ձեր էլեկտորատի 10-20 տոկոսին չեք կարողանում փողոց հանել։

- Ամեն հեղափոխություն կամ իշխանություն պարտադիր չէ, որ պաճենահանված լինի նախորդին։ Այսինքն՝ եթե 2018-ին դուրս են հորդել, պետք է հիշել, որ վերջին օրերին էին այդ ծավալի դուրս հորդել։ Բայց այն ժամանակ էլ չկային հասարակության մտավորական խավը, պետական բուհերը, կինոյի, արվեստի, ԳԱԱ-ն, Գրողների միությունը, քաղաքական  գրեթե բոլոր ուժերը եւ այլն։

- Նիկոլ Փաշինյանը Ձեր թվարկած  շերտերին ասում է՝ նախկին ռեժիմն է, արտոնությունից զրկվածներն են, որոնք ռեւանշի են ձգտում։

- Այդպես չէ։ Դրա համար եմ ասում, որ իրավիճակները տարբեր են, եւ այսօր գրեթե բոլոր խավերը հրաժարական են պահանջում։ Համբերեք՝ կլինի։ Նույն բանը դու կարող ես անել 40 հազարով եւ կարող է չկարողանաս անել 200 հազարով, այսինքն՝ թվաքանակը դեռ որակ չէ։ Ես անձամբ մտածում եմ, որ ճիշտը սահմանադրական ճանապարհով գնալն է։

- Դրա համար էլ քննադատում են ձեզ, ասում են՝ հայրենիքը սահմանադրական ճանապարհո՞վ են հանձնել, որ դուք էլ սահմանադրական ճանապարհով եք գնում։

- Երբ գործընթացներ են անում, դրա մասին չեն խոսում, անում են։

- Դուք չեք անում, այլ ասում եք․․․

- Այո, բա հո ուրիշ բան չէի՞ ասելու, ո՞ր մի քաղաքական գործիչն է ասել՝ մենք գնալու ենք հակասահմանադրական ճանապարհով։

- Լուրեր կան, որ Հայրենիքի փրկության շարժումն իրեն սպառել է, ԲՀԿ-ն հնարավոր է առանձնանա, ձեր առաջնորդը պասիվ է, չի շփվում, ջանք չի դնում պայքարի գործում։

- Մենք պասիվ չենք, ինչ վերաբերում է լուրերին՝ եթե նոր բան չի հայտարարվել, նշանակում է՝ այն է, ինչ ուժի մեջ կա։ Մենք լինում ենք մարզերում, այսօր էլ իմ երիտասարդ կուսակիցները մասնակցել են ԱԺ-ի դիմաց ակցիային։ Մենք պասիվ չենք։

- Իսկ հնարավո՞ր է վարչապետի միասնական թեկնածուի փոփոխություն, Վազգեն Մանուկյանն այնքան էլ ընդունելի չէ․․․

- Նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում։

- Մարզեր եք գնում, Վազգեն Մանուկյանն ընդունելի՞ է, չե՞ն առաջարկում, որ թեկնածուին փոխեք։

- Եկեք առաջ չանցնենք պրոցեսներից։