Պարզվում է՝ մեր մասին են մտածում

Պարզվում է՝ մեր մասին են մտածում

Իշխող  «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ առաջարկում են փոփոխություններ կատարել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում, մասնավորապես՝ արգելել հղում կատարել անանուն աղբյուրներին։ «Անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր»,- գրել են նրանք: Նախագծի վեց հեղինակից հինգը նախկինում աշխատել են որպես լրագրող։ Արթուր Հովհաննիսյանն աշխատել է Para TV-ում, Առաջին լրատվականում, Սարգիս Խանդանյանը՝ CivilNet-ում, Հայկ Կոնջորյանը՝ lragir.am-ում, Վահագն Հովակիմյանը՝ «Հայկական ժամանակ», «Ժողովուրդ», panorama.am, Թագուհի Ղազարյանը՝ armsport.am: Միայն Համազասպ Դանիելյանը նախկին լրագրող չէ։

«Նոր նախագիծն օգնելու է տարանջատել բարեխիղճ լրագրությունն անբարեխիղճից։ ԶԼՄ-ներին անհայտ իրավակազմակերպչական ձեւ, անհայտ ծագումնաբանություն ունեցող ինչ-որ ռեսուրսներից, որոնք այսօր, ցավոք սրտի, երբեմն ավելի հայտնի են, քան բուն լրատվական գործունեություն ունեցող կազմակերպությունները»,- երեկ խորհրդարանում ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայտնի, խմբագրակազմ ու քրտնաջան աշխատանք իրականացնող աշխատակազմ ունեցող ԶԼՄ-ները երբեմն հղում են տալիս անհայտ ծագմամբ թելեգրամյան ալիքներին, ֆեյսբուքյան էջերին, ինչի արդյունքում, ըստ նրա, գովազդվում են այդ էջերը, ինչն էլ առաջացնում է մի շարք խնդիրներ։ «Բոլոր այն լրատվական գործունեություն իրականացնողները, որոնք չունեն նույնականացման տվյալներ, բոլոր այդ աղբյուրների վրա հղում անելը եւ օգտագործել այդ աղբյուրի անունը` գովազդելով այդ աղբյուրին, արգելվելու է նոր նախագծով նախատեսված կարգավորմամբ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ այս նախագծով չի սահմանափակվում տեղեկատվություն տարածելու ազատությունը: 

Հարցրինք՝ իսկ որեւէ ԶԼՄ ներկայացուցչի կամ խմբագրի հետ խորհրդակցե՞լ են, ինչ-որ մեկը տրտնջացե՞լ է, որ տուժում է այլ աղբյուրներից տարածվող ինֆորմացիայից եւ հայցե՞լ է պատգամավորների աջակցությունը։ Պարզվեց՝ ոչ, բայց պատրաստ են լսել ցանկացած առաջարկ եւ դիտողություն։ Եթե քողարկված նպատակներ չեն հետապնդում, ինչո՞ւ են նախաձեռնել։ Ասաց, թե պատերազմի օրերին նման ալիքները կեղծ ինֆորմացիաներ էին տարածում, որոնք սպառնալիք էին մեր անվտանգությանը։ Բայց ամենաշատը ինֆորմացիոն աղբ եւ ապատեղեկատվություն կառավարության ֆեյքերն ու ՊՈԱԿ-ի վերահսկողության տակ գտնվող կասկածելի աղբյուրներն են տարածում՝ «պերֆեկտ թիվիներ»․ ինչո՞ւ չեն պայքարում դրանց դեմ։ Հովհաննիսյանը՝ որպես ՊՈԱԿ-ի նախկին ղեկավարի տեղակալ, վստահեցրեց, թե նման կեղծ էջեր չեն վերահսկվում ՊՈԱԿ-ի կողմից։