Որոշ խմբեր փորձ կատարեցին շարժման ղեկը թեքել դեպի իրենց, սակայն դա նրանց չհաջողվեց

Որոշ խմբեր փորձ կատարեցին շարժման ղեկը թեքել դեպի իրենց, սակայն դա նրանց չհաջողվեց

«Հրապարակի» զրուցակիցը քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանն է:

- Պարոն Բադալյան, մայիսի 26-ին տեղի կունենա մեծ հանրահավաք` Բագրատ սրբազանի գլխավորությամբ: Ամենայն հավանականությամբ վարչապետի թեկնածուն հենց սրբազանն է լինելու, բայց հասկանալի է, որ միայն սրբազանը չի կարող երկրում իրադրություն փոխել, բանակցել ու իրավիճակը բարելավել: Նրան նախ անհրաժեշտ է թիմ` նախարարներ, փոխնախարարներ: Օրինակ` Պաշտպանության նախարարի պաշտոնում կարող է լինել Գրիգորի Խաչատուրովը, Արդարադատության նախարար` Արման Թաթոյանը, Արտաքին գործերի նախարար` Վարդան Օսկանյանը: Ինչո՞ւ մինչ այս պահը դեռևս չի խոսվում նոր ձևավորվելիք կառավարության անդամների մասին: Ըստ Ձեզ` կա՞ նոր քաղաքական թիմի ձևավորման անհրաժեշտություն:

- Քաղաքական գործընթաց է տեղի ունենում, ինչպես նախընտրական պրոցեսները, կուսակցության հիմնադրումը և այլն: Յուրաքանչյուր քաղաքացիական անհնազանդություն ևս քաղաքական գործընթաց է և մենք տեսնում ենք, որ քաղաքական տվյալ պրոցեսում ամեն բան ծրագրված է ըստ փուլերի: Թե որ փուլում ինչ կարող է տեղի ունենալ, սա հստակ է: Պայմանականորեն ասված` պետք է ձևավորվի ստվերային կառավարություն: Բագրատ սրբազանը նշել է, որ ստվերային կառավարության մասին կխոսվի մայիսի 26-ին` հանրահավաքի ժամանակ, որտեղ նաև կարծում եմ կտրվի այն հարցերի պատասխանները, թե ինչ թիմով են գալու, ինչ սկզբունքներով և այլն: Կադրերը շատ կարևոր են, բայց սկզբունքն ավելի կարևոր է այս պարագայում: Հավանականությունը մեծ է, որ ամսի 26-ին կխոսվի նաև սկզբունքի մասին, ինչու չէ, որոշ նախարարների անուններ էլ կարող են հնչել: Եթե ասենք, ով է լինելու ԿԳՄՍ նախարարը, դա այնքան էլ ակտուալ չէ, սակայն թե ով է լինելու Արտաքին գործերի, կամ պաշտպանության նախարարը, այ սրանք շատ կարևոր են: Չեմ ուզում որևէ ոլորտի ստորադասել, սակայն տրամաբանական է, որ այսօր ուժային կառույցներն ու ԱԳՆ-ն են առավել կարևոր: Մի այպիսի խնդիր կա, քաղաքական գործընթացքում դու պետք է հստակ կարողանաս տարբերել կարևորն անկարևորից, եթե որոշակի ինֆորմացիա շուտ հայտնեն, դա կկորցնի իր փիար էֆեկտը: Սկզբում ասված խոսքը չի ընկալվում և սպասումներ չի առաջացնում, իսկ եթե չկա սպասում, մարդիկ փողոց դուրս չեն գա: Թե որ բովանդակությունը որ փուլից հետո պետք է ասպարեզ բերես, սա շատ կարևոր է: Եթե ամենասկզբում ասեր` վարչապետը ես եմ լինելու, սրանք էլ իմ նախարարներն են, հավատացեք մարդիկ քննարկելու էին գործիչներին` մի կողմից լավ, մի կողմից` վատ և ողջ շարժման էությունը անէանալու էր:

- Մայիսի 9-ին շարժումը մեկնարկեց, բավականին մեծ թվով մարդիկ հրապարակ դուրս եկան, սակայն մինչ օրս չկա որևէ հստակեցում: Բայց արդյո՞ք այդպես ճիշտ է:

- Այս շարժումը տարբերվում է նախորդ քաղաքական գործընթացներից: Կարող ենք ասել, որ երկարատև շարժումներ կարող ենք համարել «Հայրենիքի փրկության» և «Դիմադրության» շարժումները, ավելի հետ չգնանք: ՀԱԿ-ը նույնպես երկարատև շարժում իրանացրեց, ինչը նույնպես արդյունք չտվեց: Եթե համեմատության մեջ դնենք այսօրվա պրոցեսները վերոնշյալ շարժումների հետ, ապա այս շարժում էականորեն տարբերվում է: Այս շարժումը փակ է, չի ներկայացնում, թե ինչպես է իշխանափոխություն իրականացնելու, հավանաբար հաշվի առնելով նախորդ փորձերըր: Երբ կոնկրետ ընթացք է ներկայացվում, քաղաքական հակառակորդներին թույլ է տալիս ձեռնարկել համապատասխան քայլեր` գործընթացը կասեցնելու համար: Եթե ասվի մեր քայլերը լինելու են հետևյալ սկզբունքով, բնական է, որ իշխանությունները իրենց վարչական ռեսուրսներով, ոստիկանական ուժերով ու տարբեր ռեպրեսիվ մեթոդներով կկասեցնեն, իմ տպավորությամբ` հենց այդ պատճառով էլ հստակություն չի մտցվում: Այսինքն` մրցակցին սրբազանը չի տալիս իր քայլերը կասեցնելու հնարավորություն: Եվ հետո խորհրդավորությունը միշտ գրավչություն է առաջացնում, իսկ հասարակության մի զգալի մաս գնում է այդ ամենի հետևից, հասկանալու համար, թե վերջում ինչ է լինելու: «Բա վերջը ի՞նչ կլինի», այ այս հարցը շատերին է հուզում, ինչը հետաքրքրություն է առաջացնելու: Ինչպես են մարդիկ կինո նայում, հետաքրքիր զարգացումները բացահայտելու համար, նույնն էլ սա է: Սա հոգեբանական պահ է: Սպասումները միշտ մեծ զարգացումներ են առաջացնում: Այս շարժումը նաև ունի լուրջ ու խանդոտ մրցակիցներ:

- Ո՞ր շրջանակներում:

- Ընդդիմադիր: Գաղտնիք չէ, որ կան շահեր ներկայացնող խմբեր, որոնք ունեն ցանկություն իրենք առաջնորդել այս շարժումը, իրենց ներկայացուցիչներին ասպարեզ բերել:

- Ովքե՞ր են նրանք և հետո` մարդիկ կգնա՞ն իրենց հետևից:

- Կան խմբեր, որոնք փորձ կատարեցին անգամ իրենց ներկայացուցիչներին մտցնել այս շարժման մեջ և շարժման ղեկը կամաց-կամաց թեքել դեպի իրենց, սակայն դա նրանց չհաջողվեց: Այդ գործընթացները կասեցվեցին: Այժմ այդ խմբերը կարող ենք խանգարել շարժմանը, որպեսզի այն չհաջողի: