Բոլորին, բոլորին, բոլորին

Բոլորին, բոլորին, բոլորին

Հայոց տիկնանց եւ այրերին, Հայաստան երկիր սիրող հայրենասերներին, երկրապահ ջոկատներին, լուսավորության եւ կրթության բոլոր աշխատողներին, երիտասարդությանը, ուսանողներին եւ զինվորներին, ինչպես նաեւ հուսալքված եւ հիասթափված ընդդիմությանը եւ այլ խավերին, որոնք հիասթափվել են այս իշխանություններից։
Իմ պատվարժան, հարգարժան հարազատներ, ներող եղեք, որ իր վերջին օրերն ապրող ծեր թոշակառու մանկավարժս ինձ թույլ եմ տալիս ձեզ դիմել այսպիսի կոչով։ Դա ինձ ստիպել է այսօր մեր երկրում տիրող իրավիճակը։ Ինձ ստիպել է այն հանգամանքը, որ հայոց աշխարհի ապագան մշուշապատ է եւ վտանգված։

Իսկ դրա պատճառը միայն ու միայն մեր ապաշնորհ եւ անմիտ կառավարությունն է, որը ղեկավարում է աշխարհի իրադարձություններից անտեղյակ, իր խարխուլ աթոռին կառչած, վախկոտության մեջ հավասարը չունեցող խեղճ ու կրակ, անհայրենիք Նիկոլը։ Մի վարչապետ, ով իր ձեռքը կրակն է ընկել ու չգիտի, թե ինչ անել։ Աշխարհի քաղաքականությունից զրո է, երկիրը կառավարելուց անգետ է, արդյունաբերությունից՝ ոչինչ չհասկացող, շինարարությունից ու գյուղատնտեսությունից՝ անտեղյակ։ Կարճ ասած՝ ոչ մի բանի պիտանի չէ։ Ահա թե ում ենք վստահել երկրի ճակատագիրը, ժողովրդի կյանքն ու անվտանգությունը։ Իշխանության գալուց անմիջապես սկսեց բարձրագոչ խոստումներ տալ ապագայի մասով։ Արդեն վեց տարի է՝ ղեկավարում է  երկիրը միայն սուտ խոստումներով, խաբելով եւ ժողովրդի աչքին թոզ փչելով։ 

Ասում էր, որ. 
- Արցախը Հայաստան է եւ վերջ։
- Մարտի 1-ի գործը բացված է։ Շատերն էլ սկսեցին հույս փայփայել, թե Ազգային ժողովի տեռորի գործն էլ կբացվի։
- Երկրում կվերացվի կաշառակերությունը։
- Ժողովուրդը կունենա աշխատանք եւ բարեկեցիկ կյանքով կապրի։
- Ուսումն ու առողջապահությունը մեծ առաջընթաց կունենան։
- Մինչեւ 2050թ․ հանրապետության բնակչության թիվը կհասնի հինգ միլիոնի։
- Կտնկվի 10 միլիոն ծառ։
- Եվ շատ ու շատ այլ խոստումներ։
Պարզվեց, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ»-ն ընդամենը կոչ էր Ադրբեջանին, որ սկսի պատերազմը։ Պատերազմի ընթացքում հանդես եկավ իր ողջ թուլամորթությամբ, անտեղյակությամբ եւ անպատասխանատվությամբ։ Նիկոլը պաշտպանության համակարգի բարձրագույն ղեկավարության հետ պատերազմ վարելու ո՛չ ստրատեգիա, ո՛չ էլ տակտիկա մշակեց։
Զորահավաքն անգամ ձախողեց պատերազմի օրերին, խնդրելով դիմում էր զորացրված զինվորներին, որ ռազմաճակատ մեկնեն։ Եթե ինքն իր տեղում լիներ, ապա առաջին զորահավաքին պարտադիր կմասնակցեին 2015-2019 թթ․ զորացրվածները, իսկ երկրորդ զորահավաքին, որը պետք է տեղի ունենար մի ամիս հետո, կզորակոչվեին 2010-2014 թթ․ զորացրված զինվորները։
- Կաշառակերությունն այսօր ծաղկում է երկրում, քան երբեւիցե։
- Ժողովրդի կենսամակարդակը՝ օրըստօրե աճող գների պայմաններում, ավելի ու ավելի է վատանում։
- Կատարվեց հայոց պատմության մեջ ամենաահավոր հանցագործությունը՝ Արցախը նվիրեցին թշնամուն։

Հիմա էլ յուրաքանչյուր մարզից մի քանի գյուղ է թշնամուն հանձնում, որովհետեւ դողում է Ալիեւի բռունցքը տեսնելուց։ Մեր ժամանակների վախկոտ Նազարն այսօր էլ այս ահավոր պայթյունավտանգ պայմաններում ողջ ՔՊ-ով եւ Ազգային ժողովի մեծամասնության հետ զբաղված է միայն իրենց աթոռների պաշտպանությամբ՝ ավելի շատ, քան երկիրը փրկելով։

Եվ վերջապես, այդ երբվանի՞ց է, որ միայնակ վարչապետ կոչեցյալն իրավունք ունի երկիրն ինքնագլուխ, առանց ժողովրդին տեղյակ պահելու մասնատել, երկու թշնամի պետությունների հրահանգները կատարելով՝ հող հանձնել։ 
Մեր նախկին կառավարությունները դեմ չեն եղել Թուրքիայի հետ սահմանները բացելուն։ Բայց նրանց մտքով երբեւէ չի անցել, որ դրա համար պետք է հրաժարվել է 1915թ․ ցեղասպանությունից, կամ թուրքերի հրահանգով պետք է փոխեն Հայաստանի սահմանադրությունը։

Իսկ ՔՊ-ական մեծ-մեծ խոսող պատգամավորները գոնե հասկանո՞ւմ են, թե այս ամենից հետո Թուրքիան ինչ քաղաքականություն կվարի Հայաստանի նկատմամբ։ Մի քանի տարվա ընթացքում Թուրքիան ներդրումների (ինչի համար Նիկոլի ուշքը գնում է) պատրվակով կտիրանա երկրի գյուղմթերքի լայնածավալ արտադրությանը եւ մի քիչ էլ էժան վաճառելով՝ հայ գյուղացուն կզրկի սեփական հողը մշակելուց։ Եվ հազարավոր ֆերմերային տնտեսություններ կքայքայվեն։ Նույնը կանի արդյունաբերության եւ շինարարության բնագավառներում, հատկապես Երեւան եւ Գյումրի քաղաքներում։ Դարձյալ ասպարեզից դուրս կմղի հայ գործարարին ու հայ շինարարին։
Գուցե նաեւ կստիպեն ՀՀ քաղաքացիներին՝ զիջել իրենց բնակարանները կամ մեծ թվով թուրքերի գրանցել իրենց բնակարաններում, իբրեւ թե փախստականներին հանձնելով իրենց նախկին սեփականությունները։ Արդյունքում կստացվի այն, որ «բարեկամություն» հաստատելուց 8-10 տարի հետո տասնյակ հազարավոր (գուցեեւ հարյուր հազարավոր) քաղաքացիներ կունենանք, որոնք կգան Հայաստան, կստեղծեն կուսակցություններ, երկրի օրենսդիր մարմնում տեղեր կզբաղեցնեն, ՏԻՄ ընտրություններին կմասնակցեն եւ․․․

Հետեւաբար, մի անգամ եւս հայցելով ձեր ներողամտությունը, հորդորում եմ՝ օգտվել վերջին հնարավորությունից, եւ մայիսի 26-ին հրապարակ դուրս գալով՝ ազատվենք այս անբան կառավարությունից, ստեղծենք ժամանակավոր կառավարություն, որը կկարողանա ամրապնդել երկրի անկախությունը եւ կհրաժարվի թշնամուն տալ մեր տասնյակ գյուղերը, հարյուրավոր կիլոմետրերի տարածքները։ Լավ կլինի, եթե բուհերի ուսանողական խորհուրդները, հայրենասեր դասախոսների մասնակցությամբ, նույնպես մասնակցեն շարժմանը։
Աստված ձեզ հետ եւ մեծ հաջողություններ ձեր հայրենանվեր սուրբ գործին։

Ձեր խոնարհ ծառա՝ 
Գուրգեն Մշեցի