Կամակատարին, հնազանդին ի՞նչ իմաստ կա սպանելու

Կամակատարին, հնազանդին ի՞նչ իմաստ կա սպանելու

Քանի որ Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես պատմություն չգիտի, չգիտի նաեւ, որ, ըստ հայ պատմագրության, Պապ թագավորն է թունավորման միջոցով սպանել Ներսես Մեծ կաթողիկոսին եւ ոչ թե հակառակը: Բայց նրա «Պապ թագավորն այլեւս չի սպանվելու» հայտարարությունն ուրիշ բանի մասին է՝ իր սպանված լինելու վախերի մասին: Եթե իրեն նույնականացնելով Պապ թագավորի հետ, նա ասում է, որ ինքը չի սպանվելու՝ նկատի ունենալով իր ֆիզիկական գոյությունը, ապա իսկապես նրան դժվար թե որեւէ մեկը սպանի, որովհետեւ կամակատարներին, սպասարկուներին չեն սպանում, սպանում են այն գործիչներին, ովքեր ընդդիմանում են, դեմ են դուրս գալիս աշխարհի մեծերին, ընդհանուր հոսանքին: Սպանում են, երբ համոզվում են, որ հնարավոր չէ հպատակեցնել, հնազանդեցնել, իսկ հպատակվածին, հնազանդին ի՞նչ իմաստ կա սպանել: Պապ թագավորը սպանվեց, որովհետեւ դեմ էր դուրս եկել ոչ միայն Պարսկաստանի արքա Շապուհին, այլեւ Բյուզանդիային: Փաշինյանն ո՞ւմ դեմ է դուրս եկել․ ամսվա սկզբին Մոսկվա է վազում՝ Պուտինի մոտ, ամսվա կեսին՝ Իրան (Պարսկաստան), մնացած օրերին՝ Բրյուսել (Բյուզանդիա):

Եթե նույնիսկ շատ հետ չգնանք՝ մինչեւ Պապ թագավորի եւ Ներսես Մեծի ժամանակները, նայենք ժամանակակից պատմությունը, տեսնենք, թե որ երկրների ղեկավարներն են սպանվել, կամ ում դեմ են մահափորձեր իրականացվում, դժվար չէ տեսնել, որ դա արվում է այն մարդկանց նկատմամբ, ովքեր ինքնուրույն քաղաքական գիծ են որդեգրում, դեմ են դուրս գալիս կա՛մ իրենց երկրներում իշխող վերնախավին, կա՛մ հակադրվում են աշխարհաքաղաքական կենտրոններին: Օրինակ, 1963 թվականին սպանվեց ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդին: Նրա սպանության շարժառիթներից ամենահավանականը թերեւս այն էր, որ նա դուրս էր եկել ամերիկյան փողատերերի դեմ, դեմ էր դուրս եկել Ֆեդերալ ռեզերվային համակարգի դեմ՝ փորձելով վերացնել դոլար տպելու նրանց մենաշնորհը: Քենեդին ուզում էր այդ իրավունքը վերադարձնել պետությանը, որի համար վճարեց կյանքով: Մինչեւ այժմ էլ ԱՄՆ-ում դոլար տպելու մենաշնորհը պատկանում է Ֆեդերալ ռեզերվային համակարգին, որը պետական կառույց չէ: 

Ամերիկյան հատուկ ծառայությունները մի քանի հարյուր մահափորձ են իրականացրել Կուբայի առաջնորդ Ֆիդել Կաստրոյի դեմ՝ փորձելով Կուբան հետ վերադարձնել ամերիկյան ազդեցության գոտի: Իսկ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը, չնայած պաշտոնապես մահացավ քաղցկեղից, բայց իր հիվանդության համար մեղավոր էր համարում ամերիկյան հատուկ ծառայություններին՝ իր հակաամերիկյան քաղաքականության համար: Աշխարհում պետությունների ղեկավարների տասնյակ, հարյուրավոր սպանությունների դեպքեր կան, եւ բոլոր դեպքերում սպանվել են այն մարդիկ, ովքեր հանդգնել են ինքնուրույն քաղաքականություն վարել՝ չենթարկվելով աշխարհի մեծերին:
1999-ին Հայաստանի խորհրդարանի շենքում սպանվեցին Հայաստանի վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, եւս 6 բարձրաստիճան պաշտոնյաներ եւ պատգամավորներ: Վազգեն Սարգսյանը եւ Կարեն Դեմիրճյանը համարում էին, որ Հայաստանի իշխանության հարցը պետք է որոշվի Հայաստանում եւ ոչ թե դրսում: Դա չափազանց մեծ հանդգնություն էր, եւ դրա համար նրանք վճարեցին իրենց կյանքով՝ նախապես իմանալով, թե ում դեմ են ապաստամբել, եւ ինչ վտանգներով է դա հղի: Բայց նրանք կատարել էին իրենց ընտրությունը, ինքնուրույն եւ արժանապատիվ, թե խամաճիկ ու կամակատար լինելու միջեւ ընտրել էին առաջինը:

Ամենաթարմ օրինակը մեր հարեւան Իրանի նախագահի եւ արտգործնախարարի մահն է, որը շատերը համարում են սպանություն, քանի որ կան տեղեկություններ, որոնք հերքում են ենթադրությունը, որ վթարի պատճառ կարող էին լինել եղանակային վատ պայմանները կամ ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը: Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հայտնի էր իր հակաարեւմտյան կոշտ դիրքորոշմամբ, նա Իրանի ինքնիշխանության եւ Արեւմուտքի ճնշումներին դիմադրելու քաղաքական գծի կողմնակից էր: Հիմա նման կոշտ հակաարեւմտյան քաղաքական գիծ են վարում հարեւան Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն եւ«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, ովքեր ոչ միայն չեն ենթարկվում ամերիկյան թելադրանքին, այլեւ սկսել են մեղադրել ԱՄՆ-ին եւ ԵՄ-ին՝ ժողովրդավարության եւ ազատության արժեքներից շեղվելու մեջ:

Որեւէ մեկը կարո՞ղ է հավատալ, որ աշխարհաքաղաքական կենտրոններից մեկը կարող է ոտնձգություն կատարել Փաշինյանի կյանքի դեմ: Մի՞թե նրանից ավելի հնազանդ ու կամակատար գործիչ կարող է լինել, ով երբեք եւ որեւէ երկրի դեմ չի ըմբոստացել: Փաշինյանը կարող է ասել՝ բա Ռուսաստանը, Պուտինը, նա է ուզում ինձ սպանել: Եթե ուզենար սպանել, երեւի վաղուց սպանած կլիներ, եթե Փաշինյանն իսկապես Պուտինի կողմից սպանվելուց վախենար, հաստատ Ռուսաստան չէր գնա: Եվ Ռուսաստանի ինչի՞ն է պետք Փաշինյանին սպանելը, նա իր հակառուսական քաղաքականությամբ վնաս է հասցնում բացառապես Հայաստանին, իսկ Ռուսաստանին դրանից ոչ մի վնաս չկա:
Գուցե սպանել ասելով Փաշինյանը նկատի ունի ընդդիմության՝ իրեն իշխանությունից հեռացնելու համար ծավալած պայքա՞րը: Փաշինյանն իշխանությունից զրկվելը հավասարազոր է համարում մահվան, նա իր կյանքն անհնար է համարում առանց իշխանության, իշխանազրկումը հավասարազոր է սպանության: Այդ դեպքում ասելով՝ «Պապ թագավորն այլեւս չի սպանվելու», նա ուզում է ասել, որ չի զիջելու վարչապետի աթոռը, մնալու է այնքան, մինչեւ իր մահով մեռնի եւ զրկվի իշխանությունից: Եթե նա այդ իմաստով է խոսում չսպանվելու մասին, նշանակում է մտածում է անմահության մասին: Ինչպես ասում են՝ երազելը վտանգավոր չէ:

Ավետիս Բաբաջանյան