Արցախի գործոնը Հայաստանի համար կարեւոր դեր կարող է ունենալ

Արցախի գործոնը Հայաստանի համար կարեւոր դեր կարող է ունենալ

Նիդերլանդները, Իսպանիան եւ Իռլանդիան ճանաչել են Պաղեստինի անկախությունը։ Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, դիվանագետ Արման Մելիքյանից հետաքրքրվեցինք՝ այս նախադեպը կարո՞ղ ենք օգտագործել Արցախի դեպքում։ 

«Պաղեստինը սրան հասնելու համար ճանաչման երկար ճանապարհ է անցել։ Եվ այդ ճանապարհի առաջին քայլը կարելի է համարել Հատուկ առաքելությունների մասին կոնվենցիայի ընդունումը ՄԱԿ-ի կողմից, որը փաստացի ընդունվեց հատկապես Պաղեստինի համար եւ հնարավորություն տվեց Պաղեստինին՝ ուղիղ դիվանագիտական շփումների մեջ մտնել առանձին պետությունների հետ եւ իր ներկայությունն ապահովել ՄԱԿ-ում»,- ասաց Մելիքյանը։ Այդ ներկայացվածության մակարդակը տարիների ընթացքում աճեց։ Արցախի հետ կապված՝ Մելիքյանը կարեւորում է անկախության եւ ճանաչման ուղղությամբ քայլերի անհրաժեշտությունը, որոնք չեն արվել եւ չեն արվում։ Ասում է՝ խնդիրն այն է, որ պատերազմներում մեր հաջողություններն իրավական ձեւակերպում չստացան, որը կապահովեր Արցախի միջազգային ճանաչումը։ «Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր հարցերի շուրջ էին բանակցում։ Հայաստանը բանակցում էր Արցախի ճանաչման շուրջ․․․ Ադրբեջանը բանակցում էր բանակցային ձեւաչափի փոփոխության նպատակով, ինչին ի վերջո հասավ։ Իսկ այդ փոփոխությունը հանգեցրեց նրան, որ միջազգային հարթակներում Ադրբեջանն առաջ մղեց Հայաստանի՝ ագրեսոր պետություն լինելու մասին վարկածը, եւ վերջում բանակցողները դարձան սկզբում Արցախն ու Ադրբեջանը, հետո՝ Արցախ, Հայաստան, Ադրբեջան, Հայաստանին պարտադրվեց հակամարտության կողմ դառնալու համաձայնությունը շատ բիրտ կերպով՝ 1993 թվականի վերջին։ Հենց Հայաստանը դարձավ հակամարտության ճանաչված կողմ, հակամարտությունը միջազգայնացվեց, հենց Արցախը դուրս մղվեց բանակցություններից, դա դարձավ տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որում Հայաստանն ընկալվում էր որպես տարածք զավթած պետություն»,- ասաց Մելիքյանը։ 

Մենք իրավաքաղաքական տեսանկյունից գործն ավարտին չհասցրինք ու հիմա դրա պտուղներն ենք քաղում․ դա կարելի էր անել նաեւ 2018 թվականից հետո, սակայն չարվեց՝ կարծում է Մելիքյանը։ Իսկ շարունակությունը բերելու է նոր տարածքային կորուստների, ներքին անկայուն վիճակների։ Մելիքյանը շեշտում է, որ այս իշխանությունն իր շահը վաղուց ձեւակերպել է, ընդդիմությունը չի ձեւակերպում դրան հակառակ, հակազդող տեսակետ, չի ասում, որ սահմանազատում պետք չէ իրականացնել։ «Մի տարր ավելացնելը Հայաստանի սահմաններից դուրս Արցախի վտարանդի կառավարության ձեւավորումն է, ՀՀ սահմաններից դուրս դրա ձեւավորումը նպատակ ունի վերականգնելու, վերակենդանացնելու քաղաքական գործոնը, սակայն դա չկա՝ ղարաբաղցիներն իրենք չեն խոսում դրա մասին։ Դա իրենց հայրենիքի մասին է, Հայաստանի ապագա քաղաքական ապագայի մասին է։ Արցախի գործոնը Հայաստանի շահերի համար կարեւոր դերակատարում կարող է ունենալ։ Արցախի գործոնի ակտիվացումը կարող է բարերար ակտիվացում ունենալ նաեւ Բաքվի բանտերում ազատազրկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության համար»,- ասաց Մելիքյանը։ Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանի՝ Արցախի մասին հայտարարություններին, ԱՀ նախկին արտգործնախարարը նշում է, որ սրբազանը քաղաքական գործիչ չէ, ու նրա հայտարարություններն էմոցիոնալ բնույթ են կրում։