Իշխանությունը փորձում է սպառնալիքի լեզվով խոսել եկեղեցու հետ եւ շահարկել բոլշեւիկյան կարծրատիպը

Իշխանությունը փորձում է սպառնալիքի լեզվով խոսել եկեղեցու հետ եւ շահարկել բոլշեւիկյան կարծրատիպը

Եկեղեցու նկատմամբ երբեւէ ակնածանքով աչքի չընկնող Փաշինյանի իշխանությունը հերթական գրոհն է սկսել Մայր Աթոռի նկատմամբ եւ Բագրատ սրբազանի առաջնորդած հակաիշխանական շարժմանը փորձում է վախեցնել տնտեսական սպառնալիքներով:

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նախօրեին հայտարարեց, թե եկեղեցին պետք է հարկային դաշտ բերվի, եւ եկեղեցուն մեղադրեց մոմ, գինի, կոկա-կոլա վաճառելու, հարստանալու ու հարկ չվճարելու մեջ: Ասաց. «Ինչո՞ւ պետք է իրենք հարկ չվճարեն։ Օրենսդրական առումով մենք պետք է վերանայենք ու հասկանանք, թե ինչով է, օրինակ, եկեղեցականը, որի թաթիկը համբուրում են, ավելի օրենքից բարձր, քան հասարակ գործարարը, որը հարկ է վճարում, բանակի համար փամփուշտ է գնում, ինձ համար մեր մեծ հարկատուներն ամենակարեւոր մարդիկ են, իրենք ֆինանսավորում են ՀՀ անվտանգությունը»:

Ալեն Սիմոնյանը, իհարկե, մանիպուլացնում է իրականությունը, որովհետեւ Հայ առաքելական եկեղեցին վճարում է հարկեր: 2024 թ․ առաջին եռամսյակի տվյալներով՝ եկեղեցին երկրի հազար հարկատուների ցուցակում 488-րդն է եւ պետբյուջե է վճարել 147,475 մլն դրամ: 2023-ին Մայր Աթոռը 735,405 մլն դրամով 758-րդ հորիզոնականում է եղել: Միեւնույն ժամանակ, ինչպես աշխարհի շատ երկրներում, Հայ առաքելական եկեղեցին եւս ազատված է որոշակի հարկատեսակներից՝ ելնելով այն գործունեությունից, որն իրականացնում է կրթական, բարեգործական ու սոցիալական ոլորտներում: Այս ամենը կարգավորված է օրենսդրությամբ, բայց, չգիտես ինչու, ԱԺ նախագահը դա չի շեշտում:
Ապա նրա կուսակից Արթուր Հովհաննիսյանը եկեղեցուն ստվերի մեջ մեղադրեց, թե վաղուց էին ուզում քննարկել «բոլոր ստվերային ֆինանսական միջոցները ստվերից դուրս բերելու հարցը», եւ եկեղեցին մի շարք չօգտագործվող տարածքներ ունի, որոնք կարող են «օգտակար լինել պետության համար»։ Հայաստանի ներքաղաքական  փխրուն իրավիճակը հաշվի առնելով ու հենց այս փուլում եկեղեցու՝ հարկային պարտավորությունների թեման օրակարգ բերելով, իշխանությունը փորձում է ճնշել եկեղեցուն: ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը Ֆեյսբուքի իր էջում դա է ակնարկել. ««Սրբազան պատերազմի» ժամանակաշրջանում գտնվող Հայ եկեղեցու հարկման առաջարկը քաղաքական որոշում է»:

Նույն գնահատականն ունի նաեւ Մայր Աթոռը: «Հստակ է, որ ներկա իշխանությունը փորձում է սպառնալիքի լեզվով խոսել եկեղեցու հետ եւ նորից շահարկել բոլշեւիկյան կարծրատիպը, թե  եկեղեցին հարկեր չի վճարում ու արտոնյալ պայմաններում է: Սա կարծրատիպ է, որը միտված է անտեղյակ մարդկանց մոտ հարուցելու ատելություն կամ քննադատություն՝ դրա համար կեղծ հիմք ստեղծելով: Բոլոր տեղյակ մարդիկ, ովքեր տեղյակ են եկեղեցու գործունեությունից, գիտեն, թե եկեղեցին ինչ մասով է հարկվում եւ ինչ մասով է օրենքով սահմանված կարգով ազատված հարկերից, ինչպես շատ այլ կազմակերպոււթյուններ, որոնք օգտվում են օրենքի ընձեռած հնարավորությունից: Պարզ է, որ պետությունն այդ արտոնությունը տալիս է՝ ելնելով նրանից, որ  դրանից շահում է ՀՀ քաղաքացին, սա բարեմտության հարց չէ: Ընդհակառակը, բոլոր երկրներում, որտեղ ազգային եկեղեցին կամ դոմինանտ կրոնական կազմակերպությունը նույն տարածվածությունն ու նույն գործունեության դաշտն ունի, ինչ Հայաստանյայց առաքելական եկեղեցին, այդ կազմակերպությունները շատ ավելի լայն արտոնություններ ունեն, եւ նրանց գործունեությունը մեծ չափով նաեւ ֆինանսավորվում է պետության կողմից, քանի որ այն պետության համար ներքին անվտանգային խնդիրներ է լուծում: Այս առումով, պաշտոնյայի մեկնաբանությունն ընդամենը պարզունակ ու մանիպուլյատիվ տեղեկատվություն է»,- «Հրապարակ»-ին ասում է Մայր Աթոռի կաթողիկոսական գրասենյակի գործավար տեր Տիգրան քահանա Բադիրյանը:

Տիգրան քահանա Բադիրյանը շեշտում է՝ բոլոր մարդիկ, որոնք աշխատում են Հայ առաքելական եկեղեցում, օրենքով սահմանված կարգով հարկվում են, իսկ եթե, ըստ պաշտոնյայի, եկեղեցին որեւէ մասով խուսափում է օրենքով սահմանված հարկերից, ապա հարցն իրավական դաշտում պետք է քննարկվի, հակառակ դեպքում՝ հայտարարությունն անպատասխանատու է:

«Չնայած մեր քաղաքական մշակույթում այդ ավանդույթը ձեւավորվել է՝ անընդհատ անպատասխանատու հայտարարություններ անել եւ ոչ մի պատասխանատվության չենթարկվել՝ ո՛չ իրավական, ո՛չ հանրային պարսավանքի, բայց կարծում եմ՝ պետք է հստակ պատասխանատվության ենթարկվեն այն մարդիկ, որոնք, զբաղեցնելով նման բարձր պետական դիրք, ՀՀ թիվ 1 քաղաքական ամբիոնից անպատասխանատու հայտարարություններ են անում եւ փորձում չհիմնավորված սպառնալիքի լեզվով խոսել՝ ավելացներով ատելությունը»,-շարունակում է Տիգրան քահանա Բադիրյանը:

Ինչ վերաբերում է առանձին հոգեւորականների ունեցվածքի ու մեծ կարողությունների մասին տարիներ շարունակ հնչած հայտարարություններին, Մայր Աթոռի կաթողիկոսական գրասենյակի գործավարն ասում է․ բոլոր մարդիկ՝ լինեն հոգեւորական, թե աշխարհական, անկախ իրենց գործունեությունից եւ ծառայությունից, եթե օրենք են խախտել ու ապօրինի հարստացել, գույք եւ ունեցվածք ձեռք բերել, դատական քննությամբ պետք է պատասխանատվության ենթարկվեն, իսկ առանց փաստական հիմքի որեւէ հայտարարություն, ըստ մեր զրուցակցի, մերկապարանոց է:
Տիգրան քահանա Բադիրյանը շեշտում է՝ այդ թեզերը  խորհրդային վաղ տարիներին են ստեղծվել ու հիմա շրջանառվում են, բայց բոլոր լծակներն ու գործիքակազմն օրվա իշխանությունն ունի՝ ստուգելու եւ ապացուցելու:
«Հրապարակ»-ի զրուցակիցը հարցը դիտարկում է նաեւ զուտ բարոյական տեսանկյունից ու ասում՝ Հայ առաքելական եկեղեցում ծառայող շուրջ 230 հոգեւորականներից գուցե ընդամենը 5-ը կողմնակի աղբյուրներից ու նվիրատվություններից ապահովվածություն ունենան: «Եկեղեցու ծառայողների ճնշող մեծամասնությունն օրավուր հացով ապրող մարդիկ են, եւ հարստության մասին խոսելուց առաջ նախեւառաջ պետք է  տեսնել իր վերաբերմունքը նյութին, թե ինչպես է վերաբերվում եւ վերցնում այդ նյութը: Եթե որոշ հոգեւորականներ ունեն ունեցվածք, գուցե չափազանցված, ու եթե դա չի արվել օրենքի կամ բարոյական նորմերի խախտմամբ, ապա շահարկումները կրկին մի բանի մասին են՝ ատելություն գեներացնել»,- նշում է հոգեւորականն ու հիշեցնում, որ խորհրդային այդ կարծրատիպը հակադրվում է աշխատանքի մասին քրիստոնեական պատկերացումներին: Ըստ հոգեւորականի՝ իր աշխատանքով բարեկեցության հասած մարդը Հին կտակարանով Աստծո օրհնության կրողն է, իսկ Նոր կտակարանով՝ դա հնարավորություն է՝ նյութի միջոցով փրկությունը ժառանգելու:

«Ես իմ օրինակով կասեմ՝ շատ հոգեւորականներ անգամ կենցաղային անհրաժեշտություն հոգալու խնդիրներ ունեն՝ լինի բնակարանային, թե առողջապահական: Մեր ծառայությունը հիմնված է առ Աստված եւ առ հայրենիք մեր նվիրումի եւ հավատի վրա»,- եզրափակում է Տիգրան քահանա Բադիրյանը: