«Հրապարակ». Խոսակցություն կա, որ անկլավային գյուղերի հանձնման վերջնաժամկետն օգոստոսի 15-ն է

«Հրապարակ». Խոսակցություն կա, որ անկլավային գյուղերի հանձնման վերջնաժամկետն օգոստոսի 15-ն է

«Հրապարակ»-ի զրուցակիցն Աճարկուտի ավագանու նախկին անդամ, ՀՅԴ-ական Կարեն Ղազարյանն է, ով վերջին տեղեկություններն է հայտնում Կիրանցում տեղի ունեցող զարգացումներից։ 

- Իշխանությանը հաջողվեց ուժ կիրառելով՝ վերջին սյուները տեղադրել Կիրանցում, եւ գյուղը 2 մասի բաժանվեց։ Տեղեկություն կա, որ դրանց վրա գրված է «AZE»։

 - Այո, սյուները տեղադրված են 3 տեսանելի հատվածներում, ԱԱԾ ստորաբաժանման ծառայողները՝ մինչեւ ատամները զինված, հսկում են այդ սյուները։ Սպիտակ սյուները մի քանի հարյուր մետրից էլ նկատելի են։ Մեկը հենց բնակչի այգում է՝ միջպետական ավտոճանապարհից մի 10-15 մետր հեռավորության վրա։ Ես չեմ տեսել, թե վրան ինչ կա գրված, բայց սյուները տեղադրված են։ Թույլ չեն տալիս մոտենալ դրանց։

- Իսկ ադրբեջանական համազգեստով ուժայիններ կա՞ն տարածքում։

- Դեռ՝ ոչ։

- Սեփականություն կորցնող կիրանցեցիներին իշխանությունը փոխհատուցում է առաջարկում։ Հայտնի՞ է, թե կոնկրետ ինչ են առաջարկում։

- Փոխհատուցման մասով, որքանով տեղյակ եմ, մի քանի օր առաջ մարզպետն էր եկել՝ ժողովրդի հետ հանդիպման, խոսել է այդ մասին։ Ես եւս փորձեցի հանդիպել այդ տականքի հետ, ինձ չթողեցին։ Ես Աճարկուտի բնակիչ եմ, ներս չթողեցին, ուզեցա դրսում մի քանի հարց տալ, չպատասխանեց իմ հարցերին, բայց որքան ես տեղյակ եմ, 50 տոկոսով ավելացրել են այդ փոխհատուցման չափը, որը կառավարությունը որոշել էր կիրանցեցիներին տալ՝ սեփական գույքի համար։ Մարդիկ երբ բողոքի ցույց արեցին, որոշվել է, որ նախատեսված գումարին եւս 50 տոկոս ավելացնեն։ Դեռ ոչ մեկի չի տրվել փոխհատուցում, բայց քանի օր է՝ այդ լարվածությունը կա գյուղում։ Գյուղացիների մեջ կան մարդիկ, որոնք պրովոկացիա են անում, մնացածին փորձում են համոզել, թե պիտի վերցնենք՝ ուրիշ ելք չունենք։ Ընդամենը մի 4-5 հոգի են նման պրովոկացիա անում, մնացածն ընդհանրապես դեմ են փոխհատուցմանը եւ մեկնաբանում են, թե մենք թուրքին ծախելու հող չունենք։ 

- Թղթերի վրա ի՞նչ է գրված, որն առաջարկում են ստորագրել գյուղացիներին։

- Հայտնի չէ։ Մարդկանց, որոնք դեմ են արտահայտվել, դեռ այդ թերթիկը չեն տվել։ Գիտենք միայն, որ ինչ-որ բան են տվել, որ ստորագրեն, ենթադրում եմ՝ երեւի առքուվաճառքի պայմանագիր կլինի։ Մարզային իշխանություններն ամենօրյա ռեժիմով այցելում են Կիրանցի գյուղապետարան, փակ հանդիպումներ են ունենում մի քանի հոգու հետ ու հեռանում։

- Իսկ գումարի չափն ասո՞ւմ են։

- Խոսակցություն է գնում մինչեւ 100 հազար դոլարի մասին։ Չգիտեմ, թե որքանով է ստույգ, բայց նման խոսակցություն գնացել է։

- Մինչեւ հունիսի 24-ը ժամկետ էին տվել մարդկանց՝ տներն ազատելու համար։ Ի՞նչ է լինելու նրանց հետ հետո։

- Այդ մարդիկ որոշել են դուրս չգալ իրենց տներից, չնայած որ ասել են՝ ուժով կհանեն։ Հույս ունենք, որ մինչեւ էդ կփոխվեն էս հայրենավաճառները, ու ոչինչ տեղի չի ունենա։

- Գյուղում դեռ ուժայիննե՞ր կան։

- Այո, ոստիկանության ծառայողները՝ լիքը, ավտոբուսները՝ բացահայտ կանգնած։ Տարբեր գույների բերետավորներ, ներքին զորքերի այլ ծառայողներ լցված են, գյուղը պաշարված վիճակում է։ Դեպի Նոյեմբերյան, Նոյեմբերյանից դեպի Իջեւան՝ Ոսկեպարի հատվածում եւս հենակետ են տեղադրել, պարտադիր ստուգում են մեքենաները՝ ընդդիմադիրների հավանական մուտքը կանխելու համար։

- Այս ամենից հետո գյուղում ի՞նչ տրամադրություններ են տիրում, մարդիկ կոտրվա՞ծ են։

- Կոտրված չեն, մինչեւ հիմա էլ հույս ունեն, որ ինչ-որ բան կփոխվի։

- Մյուս գյուղերի, այսպես կոչված, անկլավային գյուղերի բնակիչներն ի՞նչ են ասում, հետեւո՞ւմ են Կիրանցի զարգացումներին։ Գիտակցո՞ւմ են, որ հաջորդն իրենք են լինելու։

- Նրանք էլ հույս ունեն, որ կփոխվեն էս սրիկաները, ու ծրագիրն ի կատար չի ածվի, բայց եթե մնաց, խոսակցություն է գնում, որ դրա վերջնաժամկետն էլ օգոստոսի 15-ն է, ու եթե սրանք մնացին իշխանության, օգոստոսի 15-ին կհանձնվեն այդ գյուղերը։

- Իսկ Ձեր գյուղում՝ Աճարկուտո՞ւմ, կպած է, չէ՞, Կիրանցին։

- Մի քանի րոպեի ճանապարհ է, Աճարկուտը վերջանում է, սկսվում է Կիրանցը։ Հիմա մեր տնից մինչեւ Կիրանցի այդ հատվածները մոտ 25-30 րոպեի ոտքի ճանապարհ է։

- Ձեր տունն էլ է, ըստ էության, թշնամու թիրախում հայտնվում։

- Իհարկե, մանավանդ, երբ անկլավային գյուղերը հանձնեցին, Աճարկուտը երեք կողմերից խոր թիկունքից՝ անտառի հատվածից, ընկնում է բլոկադայի մեջ։ Աճարկուտցիները եւս պայքարում են, մասնակցել են բոլոր գործընթացներին։ Հույս կա՝ որ իշխանություն փոխվի, այս ռիսկերը կչեզոքացվեն։