Հոգեւորականները միշտ իշխանության կողմնակիցն են լինում, ուրեմն, պատկերացրեք, թե որքան օրհասական է վիճակը

Հոգեւորականները միշտ իշխանության կողմնակիցն են լինում, ուրեմն, պատկերացրեք, թե որքան օրհասական է վիճակը

«Հրապարակի» զրուցակիցն է նախկին ՀՅԴ-ական, կանադահայ իրավաբան, գրող Հայդուկ Շամլյանը: 
 

-  Դուք հետեւո՞ւմ եք Հայաստանում տեղի ունեցող քաղաքական իրադարձություններին: Ի՞նչ կարծիք ունեք «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին: Այն կունենա՞ հաջողություն:

-  Նախ ասեմ, որ 2020-ի վերջում տեղի ունեցած հայկական աղետից հետո այսպիսի ազգային զարթոնքի շարժում տեղի  չի ունեցել: Սա աննախադեպ է: Սպասելի էր, որ այսպիսի շարժում կլիներ 44-օրյա աղետալի պատերազմի ծանր հետեւանքներից հետո: Բայց, զարմանալիորեն, չեղավ: Դեռ ավելին` վերընտրվեց նույն վարչակարգը:  Պատմության մեջ նման բան չի եղել, քանի որ այլ երկրներում այսպիսի ձախողված անձերը արժանապատվության զգացողություն եւ պետական մտածողություն ունենալու պատճառով չեն ներկայացել ընտրություններում: Այլ երկրներում նման ղեկավարները չեն փորձել վերարտադրվել: Այստեղ ժողովրդին ենթարկեցին մանիպուլյացիայի: 

-  Բայց այստեղ էլ եղան շարժումներ` 2020 թվից հետո, բավականին մարդաշատ: 

-  Այս մասշտաբի չեղան: Ես կարծում են, որ այն շարժումների եւ այս շարժման մեջ կա տարբերություն: Այն շարժումների քաղաքական հիմքը սխալ էր, որովհետեւ մեկնաբանվում էր, որ մեկ հոգին է մեղավոր եւ պետք է կրի պատասխանատվություն: Դա սխալ էր: Նախ` այդ դավաճանության գաղափարն ազդեցություն չունեցավ: Դա ասողները ժամանակին թույլ տվեցին, որ սա գա իշխանության` ՀՀԿ-ն եւ, ցավոք, իմ կուսակցությունը` դաշնակցությունը, որոնք մաս էին կազմում նախկին  իշխանության. խորհրդարանում այս մարդուն ընտրեցին վարչապետ: Եթե նա դավաճան է, ուրեմն իրենք էլ դավաճան ընտրողն էին: Ավելին, նրանք քաղաքական զինամթերք տվեցին Նիկոլին, առիթ` նախկիններին մեղադրել տարբեր բաներում: Բացի այդ` կա շարժման առաջնորդի` Բագրատ Սրբազանի գործոնը. Փաշինյանը մոլորվել, է թե ինչպես վարկաբեկի այս մարդուն, որի չափ մաքուր անձ չի եղել հետխորհրդային Հայաստանի ու ազատագրված Արցախի ղեկավար կազմում: Ես ինքս  հավատացյալ եմ եւ կարծում եմ, որ այս մարդու մեջ երկրային ներշնչում կա, որ կարողանում է այս բաները անել: Վստահում եմ` եռանդ ունի, ոգի ունի, հոգի ունի, կդիմանա: Բագրատ Սրբազանն ավելի լայանածավալ շարժում է անում: Սա հույսի շարժում է, հավատքի, սիրո: Որակական առումով շատ բազմատեսակ, բազմաշերտ է, բոլոր ոլորտների անձինք կան` բժիշկներ, դասախոսներ,  արվեստագետներ, զինվորականներ: 2018-ին հակառակն էր` ամենավատ հատվածն էր: 

-  Դուք Սրբազանին ճանաչում եք, հավանաբար, այն ժամանակներից, երբ նա Կանադայի թեմի առաջնորդն էր: 

-  Այո, ավելին. նրա նստավայրը այն քաղաքում էր, որտեղ ապրում եմ ես: Բայց պետք է ասեմ, որ այստեղ մենք մտերիմ չենք եղել: Դեռ ավելին. ունենում էինք տարաձայնություններ: Բայց նա համայնքի կողմից հարգված եւ վստահելի գործիչ է: Հոգեւորականները, հիմնականում միշտ իշխանության կողմնակիցն են լինում: Ուրեմն, պատկերացրեք, թե որքան օրհասական է իրավիճակը, որ Բագրատ Սրբազանը դարձել է ընդդիմադիր շարժման առաջնորդ: 

-  Հասարակության մի մասը կտրուկ քայլեր են պահանջում Սրբազանից, մտավախություն ունենալով, որ նախորդ շարժումների նման սա էլ կմաշվի: Ի՞նչ կասեք այս առումով:

-  Շտապողականությունը ճիշտ չէ: Կտրուկ գործողությունների դիմելը արդյունք չի տա. ոստիկանությունը շատ գոհ է իր լափամանից եւ իրեն կերակրող տիրոջ ձեռքը չի կծի: Այս տեսակի շարժումների շարժիչ ուժը երկարատեւությունն է: Արցախի ազատագրում չէր լինի, շարժումն անգամ կմարեր, եթե համբերություն չլիներ: Մեզ ժամանակ է պետք: Կտրուկ քայլերի դեպքում Փաշինյանը ոստիկանության ուժերով կճզմի այս շարժումը: Բագրատ Սրբազանը բավականին հավասարակշռված քայլեր է անում: