Նիկոս Դենդիաս. «Թուրքիան գոյաբանական սպառնալիք է Հունաստանի համար»

Նիկոս Դենդիաս. «Թուրքիան գոյաբանական սպառնալիք է Հունաստանի համար»

Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Դենդիաս. «Եթե կա մի հարևան երկիր, որը ոչ միայն ինքնիշխանության իրավունքների, այլ նաև ինքնիշխանության կարգավիճակի և փոքրամասնությունների հստակեցման հետ կապված միջազգային համաձայնագրերն է բողոքարկում, ապա այդ եկիրը բացեիբաց գոյաբանական սպառնալիք է: Մեր երկրի իրավական և աշխարհագրական սահմանները սպառնալիքի տակ են»: Եթե «Հրապարակ»-ի նիկոլական ընթերցողները գլխի չընկան, թե հարևան որ երկրի մասին էր խոսում պարոն Դենդիասը՝ անմիջապես ասեմ. խոսքը Թուրքիայի մասին է: Կրկնեմ՝ Թուրքիան, ըստ Հունաստանի պաշտպանության նախարարի, գոյաբանական սպառնալիք է Հունաստանի համար: Մեկ անգամ էլ կրկնեմ՝ Թուրքիան գոյաբանական սպառնալիք է Հունաստանի համար:

Իսկ հիմա հիշեցնեմ՝ թե՛ Թուրքիան և թե՛ Հունաստանը ռազմաքաղաքական դաշինքի՝ ՆԱՏՕ-ի անդամ են: Ինչը ենթադրում է, որ մեկը կամ մյուսը պետք է պաշտպանեն միմյանց՝ երբ նրանցից որևէ մեկի վրա հարձակվի երրորդ մի երկիր: Էլ չեմ խոսում Հյուսիսատլանտյան դաշինքի կանոնադրության 5-րդ կետի մասին: Ըստ այդ կետի, միմյանց պաշտպանելը ոչ միայն այդ երկուսի, այլ դաշինքի մնացած 30 անդամ երկրների պարտավորությունն է: Ինչ-որ պահի նրանց կգումարվեն ևս երեքը (Բոսնիա և Հերցոգովինա, Վրաստան, Ուկրաինա), որ ցանկություն են հայտնել միանալ այդ դաշինքին: Ինչպես տեսնում ենք, հզորագույն ռազմաքաղաքական դաշինքի անդամ լինելը չի երաշխավորում անդամ երկրների անվտանգությունը: Դա կարող են երաշխավորել միայն այդ երկրների տնտեսությունը, բանակը և ազգաբնակչության ոգին:

Ասվածն ի գիտություն Նիկոլի, Ալենի և քպկական մնացած «գործիչների»: Շարունակենք՝ վերհիշելով այդ «գործիչների» կողմից այդքան չարչրկված ՀԱՊԿ-ի թեման: Ավելացնեմ՝ եթե ՆԱՏՕ-ի անդամ լինելը չի ապահովում որևէ երկրի անվտանգությունը, ապա ո՞րն էր ՀԱՊԿ-ի հեղինակությունը գցելու նիկոլական ջանքերի իմաստը: Հիշեցնեմ, որ Հունաստանն, ի տարբերություն Հայաստանի, ապահովված է ամերիկյան արտադրության ժամանակակից սպառազինությամբ: Եվ ինչը շատ ավելի կարևոր է՝ Միացյալ Նահանգների քաղաքական հովանավորությամբ: Այն, ինչը բացակայելու է Հայաստանի դեպքում ՀԱՊԿ-ի հետ կապերն ամբողջությամբ խզելու դեպքում:

Իհարկե, ինձ կարող են առարկել, որ Նիկոլն ի՞նչ իմանար (խեղճ Նիկոլ), որ այդ աստիճան սրված են հույն-թուրքական հարաբերությունները: Պատասխանեմ՝ որպես ՀՀ վարչապետ նա պետք է դա իմանար ու կարծում եմ նաև, որ գիտեր դրա մասին: Չեմ կարծում, որ նրա հետ հանդիպելիս հունական կողմը չբարձրաձայներ այն, ինչ Հունաստանի խորհրդարանում ասել է երկրի պաշտպանության նախարարը: Ուղղակի մեզանում իշխանություն ունեցողների կողմից սովորույթ է դարձել իրենց «շլանգի» տեղ դնելը: Երբ ներքին կյանքում փիառի նպատակով անհրաժեշտ է հերոս ձևանալ՝ նրանք վերածվում են «դուխով»-ների կամ գոնե «պողպատե» մանդատավորների: Եվ հակառակը, երբ ներքին ու արտաքին աշխարհի առումով չիմացողի ու միամիտի դեր պետք է կատարեն՝ նրանք վերածվում են մանուկների: «Միամտությունը մանուկների հիանալի զենքն է»,- ասել է չինացի հեղինակ Լաո Շեն դաստիարակության վերաբերյալ իր երգիծաբանական «Երկնային նվերի պատմությունը» վեպում: