Ինչո՞ւ եւ ովքե՞ր են ուղղորդում դպրոցների տնօրենների մրցույթները

Ինչո՞ւ եւ ովքե՞ր են ուղղորդում դպրոցների տնօրենների մրցույթները

ԴՊՐՈՑՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹՆԵՐԸ

«Դպրոցների տնօրենների ընտրության կարգը հատուկ են խճճել, որ սողանցքների միջոցով մարզպետարանները հնարավորություն ունենան տնօրեն դարձնել իրենց ուզած մարդուն»․ անդրադառնալով Էջմիածնի Գարեգին Նժդեհի անվան 8-րդ դպրոցի տնօրենների աղմկոտ մրցույթին, ասաց կրթության փորձագետ Կամո Լալայանը։
Ըստ նրա՝ սխալ է, որ տնօրենները 5 տարի ժամանակով են ընտրվում։ «Դա կարճ շրջան է՝ դպրոցի զարգացման ծրագրերի չնչին մասն անգամ իրագործելու համար։ Ես կողմ եմ, որ տնօրեններն ավելի երկար ժամկետով կառավարեն»։ Կրթության փորձագետի կարծիքով՝ սխալ է նաեւ դպրոցի կառավարման խորհրդի զույգ թվով կազմը, առավել եւս՝ այդ կազմում կառավարության ներկայացվածությունը։ Ըստ նրա՝ դա նախկին ռեժիմի «նախագիծն» է՝ մրցույթն իրենց ուզածով ուղղորդելու համար։ «Թող խորհուրդը բաղկացած լինի 7 հոգուց՝ ուսուցիչներից եւ ծնողներից։ Ի վերջո, եթե իրենք են աշխատելու, շփվելու տնօրենի հետ, ուրեմն ընտրությունն էլ իրենցը պետք է լինի»։
Կառավարման խորհուրդները բաղկացած են 8 անձից։ Երկուսը ներկայացված են մարզպետարանի կողմից, մեկը՝ համայնքի, մեկը՝ ԿԳՄՍ նախարարության, երկուսը՝ դպրոցի եւ երկուսը՝ ծնողական խորհրդի։ 
Ըստ էության, չորսը մարզպետարանի, ասել է թե՝ կառավարության ներկայացուցիչներն են, իսկ չորսը՝ դպրոցի։ Փորձը ցույց է տալիս, որ տնօրենի երկու թեկնածու ունենալու դեպքում կառավարության ներկայացուցիչները, որպես կանոն, քվեարկում են իրենց նախընտրած թեկնածուի օգտին։ Այսինքն՝ ձայները հավասար բաժանվում են, եւ մրցույթը համարվում է անվավեր։ Կանոնակարգի համաձայն, նման դեպքում խնդիրը հանգուցալուծում է փոխվարչապետը։ Նա էլ, բնականաբար, հաշվի է նստում մարզպետի հետ, եւ արդյունքում տնօրեն է դառնում մարզպետարանի հովանավորյալը։ 
Դեպքեր էլ են լինում, երբ կառավարման խորհուրդը մրցույթին մասնակցում է 7 հոգանոց կազմով, ինչպես եղավ Արմավիրի 5-րդ եւ Էջմիածնի 8-րդ դպրոցներում։ 4-3 ձայների հարաբերակցությունը եւս որեւէ կողմի հաղթանակ չի ապահովում՝ նվազագույն 5 կողմ ձայն չհավաքելու հիմնավորմամբ։
Այս դեպքում էլ է փոխվարչապետի գրասենյակը միջամտում՝ դարձյալ հաշվի նստելով մարզպետի հետ։ Նորից նույն կարուսելը․ տնօրեն է նշանակվում այն անձը, ում համար պայքարում է մարզպետարանը։
Հարց է առաջանում՝ եթե սկզբից էլ պարզ է, թե ով է ստանձնելու տնօրենի թափուր պաշտոնը, ապա ինչի՞ համար են մրցույթները։ Ինչո՞ւ են պառակտում հասարակությանը, հատկապես գյուղական համայնքներում ինչո՞ւ են ընտանիքներին իրար դեմ հանում, թշնամանք սերմանում։ Ուղղորդված մրցույթների պատճառով է, որ դպրոցի տնօրեն փոխելը կամ ընտրությունը ուղեկցվում է տարատեսակ ակցիաներով։ Վերջին 6 ամսում միայն Արմավիրի մարզում առնվազն 10 դեպք կարելի է թվարկել, երբ տնօրենների ուղղորդված ընտրության հետեւանքով դասադուլներ ու միտինգներ են եղել, ճանապարհներ փակվել։ Այդ թվում Բագարանի, Շահումյան թռչնաֆաբրիկայի, Հովտամեջի, Արմավիրի 5-րդ, Էջմիածնի 3-րդ եւ մի շարք այլ դպրոցների հետ կապված։
Գարեգին Նժդեհի անվան 8-րդ դպրոցը հերթականն է։ Ճիշտ է՝ երեխաների շահերից ելնելով դասադուլն այստեղ դադարեցրել են, բայց ծնողները մարզպետարանի հրամցրած տնօրենի առաջ դուռը փակ են պահում։ Նրանք դեմ են, որ նախաքննության փուլում գտնվող, երկու քրեական գործ շալակած, Քրեական օրենսգրքի 311 եւ 312 հոդվածների 1-ին մասերով մեղադրվող Շուշանիկ Ոսկանյանը ղեկավարի դպրոցը։ Ու զարմանում են, որ թավշյա կառավարիչները, որոնք կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ անողոք պայքարի մասին ամպագոռգոռ հայտարարություններ են անում, զուգահեռ հովանավորում են Բաղրամյան գյուղի դպրոցում աշխատած տարիներին կաշառք ստանալու, ինչպես նաեւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ մեղադրվող Շուշանիկ Ոսկանյանին։