Բալային համակարգ. առաջընթա՞ց, թե՞…

Բալային համակարգ. առաջընթա՞ց, թե՞…

ՀՀ ոստիկանությունը չի կարողանում հիմնավորել՝ հունվարի 1-ից ներդրված վարորդներին տուգանելու նոր՝ բալային համակարգը, ի վերջո, առաջադիմական քա՞յլ է, թե՞ որեւէ այլ նպատակ է հետապնդում: Բանն այն է, որ ոչ ոք առանձնապես հիացած չէ այդ համակարգով, բայց համակարգը ներդրվեց այնպիսի փութաջանությամբ, ասես դրանից էր կախված մեր ապագան: Հիմնավորեք, խնդրում եմ, եւ ոչ թե լոլոներ կարդացեք այն մասին, որ հետո լավ է լինելու, որ դրանից շահելու է ճանապարհային երթեւեկության (ՃԵ) անվտանգությունը: Ո՞վ է, առհասարակ, բալային համակարգ կոչված այդ նու-հաուի շահառուն:

Պատկերացրեք այսպիսի իրավիճակ՝ տիկին Շողերը հետիոտն է, քաղաքում էլ տեղաշարժվում է հասարակական տրանսպորտով: Նրա ամուսինն իմ հարեւան Շմավոնն է, որ տաքսի է վարում: Խնդրում եմ բացատրել՝ նրանցից ո՞ւմ է ձեռնտու բալային համակարգը, եթե վերջնահաշվում տուժելու է ընտանիքը, քանի որ Շմավոնն արագ լրացնելու է իր 9 բալը եւ ստիպված է լինելու «բազմոց քշել»:

Ինչո՞ւ հենց տաքսիստ Շմավոնին ու նրա տիկնոջը օրինակ բերեցի: Բանն այն է, որ ամենաշատը մեքենա են վարում տաքսիստները, եւ, հետեւաբար, հենց նրանք են կազմում վարորդական իրավունքից զրկվողների ամենառիսկային խումբը: Նույնը կարելի է ասել նաեւ երթուղային գազելների վարորդների մասին: Նրանք առավոտից մինչեւ երեկո կռիվ են տալիս կանգառներ մտնելու եւ կանգառներից դուրս գալու համար: Ճարահատ՝ երբեմն էլ կանգառ են կատարում երկրորդ շարքում: Տուգանելո՞ւ եք նրանց, թե՞ տուգանելու եք այն վարորդներին, որոնք երկրորդ շարքում կանգնած հասարակական տրանսպորտին շրջանցելու համար ստիպված են լինում դուրս գալ հանդիպակաց երթեւեկության գոտի՝ հատելով հոծ գծերը:

Մտածե՞լ եք արդյոք ապրանք մատակարարողների մասին: Նրանց թիվը տասնյակ հազարների է հասնում: Ահավասիկ, Հանրապետության փողոցում «Կոկա-կոլա»-ի մեքենան կանգնել եւ կենարար ըմպելիք է դատարկում խանութի դիմաց: Այդ փողոցի (միակողմանի) աջ եւ ահյակ մեյթեզրերը բռնված են կայանած ավտոմեքենաներով, իսկ «Կոկա-կոլա»-ի հսկա ֆուգոնը կանգնած է փողոցի մեջտեղում: Ի՞նչ անել, հարգելի ՃՈ, սպասե՞լ մինչեւ ապրանքը դատարկեն, թե՞ հետընթաց կատարել եւ փորձել շրջանցիկ ծակեր գտնել բակերով: Հա՛ա՛ա՛, միակողմանի երթեւեկությամբ փողոցներով չի կարելի հետընթաց կատարել: Ուրեմն՝ էլի տուգանային բալ կվաստակես: Իսկ «Կոկա-կոլա»-ին կտուգանե՞ք: Չեք համարձակվի, երեւի, որովհետեւ քաղաքը կմնա առանց այդ ըմպելիքի եւ, առհասարակ, առանց որեւէ տեսակի ապրանքի: Սա հաշվի չե՞ք առել ձեր նորարարության մեջ:
Ահա, գրել եք, որ եթե ինձ բռնեք առանց վարորդական իրավունքի, կտուգանեք 25 հազար դրամ, բայց բալ չեք ավելացնի: Եթե դա կոպիտ խախտում է եւ ենթադրում է այդքան մեծ տուգանք, ինչո՞ւ տուգանային բալ չեք նշանակում: Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ բռնելու դեպքում ենթարկում եք քրեական պատասխանատվության, եւ դարձյալ բալ չկա: Ինչո՞ւ: Ինչո՞ւ ոչ մի տուգանային բալ չեք նշանակել ավտոտեսուչի կանգ նշանին չենթարկվելու համար, բայց հաճույքով պահանջում եք 200 հազար դրամ տուգանք վճարել: Ի՞նչ տրամաբանությամբ, եթե չի բացառվում, որ վարորդի ուշադրությունը շեղվի, եւ նա չնկատի, որ ոստիկանն իրեն կանգնելու ազդանշան է տալիս: Այդպես կարող է ցանկացած ոստիկանական մեքենա կտրել քաղաքացու ճանապարհը եւ հայտարարել, որ նա չի ենթարկվել կանգնելու ազդանշանին: Սրանից, իմ կարծիքով, նույնիսկ կոռուպցիոն ռիսկի հոտ է գալիս:

Ամենաշատ տուգանային բալեր նախատեսված են արագության գերազանցման դեպքերի համար՝ 2, 3, 4: Ողջունում եմ: Բայց որեւէ մեկը ձեզ իրավունք տվե՞լ է մարդուն միեւնույն խախտման համար երկու պատիժ նշանակել՝ 20 հազար եւ 2 բալ, 25 հազար եւ 3 բալ, 29 հազար եւ 4 բալ: Կարծում եմ՝ իրավաբանորեն ճիշտ չէ:

Մեր մյուս քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Վաղարշապատ, Աբովյան, Հրազդան եւ այլն, գուցե հնարավոր է խուսափել «ավելորդ բալեր» վաստակելուց: Բայց ի՞նչ անել, եթե դու մեքենա ես վարում Երեւանում, որտեղ ընդհանրապես հնարավոր չէ առանց խախտումների երթեւեկել: Մայրաքաղաքի բոլոր փողոցների աջ շարքերը 24 ժամ զբաղված են կայանված ավտոմեքենաներով, շարունակվում է «ստայանչիկներով» կայանատեղիներ զավթելու պրակտիկան, զանազան առարկաներով «տեղ են պահում» օֆիսի կամ խանութի շեֆի համար, խաչմերուկներում մեծ կուտակումներ են, խայտառակ վիճակ է քաղաքից դուրս եկող ու քաղաք մտնող պողոտաներում, որտեղ, եթե, աստված չանի, մի փոքրիկ վթար էլ տեղի ունենա, հաշված րոպեների ընթացքում հարյուր հազարավոր ավտոմեքենաներ են խցանվում, գրեթե ոչ մի խաչմերուկից հնարավոր չէ աջ դառնալ աջ շարքից, որովհետեւ այդ շարքում խաչմերուկին մոտ ավտոմեքենա է կանգնած: Եվ, վերջապես, գլուխը ո՞ր քարով տա վարորդը, որ կանաչ լույսով հատել է «կանգ» գիծը, բայց ստիպված է եղել հետեւի անիվներով կանգնել հետիոտնային անցումի վրա, որովհետեւ խաչմերուկը չի դատարկվել, որ շարունակի ճանապարը: Եվ ենթադրենք՝ վերոնշյալ խառը վիճակներում հայտնվում է մի քայլարած ակտիվիստ ու նկարում է «խախտում անող» ավտոմեքենան՝ պետք է վարորդին տուգանե՞ք, տուգանային բալերն էլ վրադիր:

Ի դեպ, ես ունեմ նաեւ կոնտր-առաջարկներ: Անվտանգ երթեւեկության տարրական հնարավորություններ չընձեռելու համար վթարի ենթարկված եւ ամեն օր խցանումների մեջ հայտնված բոլոր վարորդների հավաքած տուգանային բալերը գումարել իրար եւ հավասարապես բաշխել ՃՈ-ի եւ ԱՊՊԱ գործակալների վրա, որոնց անճարակության պատճառով մարդիկ ամեն օր ուշանում են աշխատանքից, թռիչքից, հանդիպումներից եւ այլ տեղերից: Ո՞վ է կողմ…

ՀԳ. Մի անհավատալի դեպք պատմեմ իմ կյանքից, իսկական կինո: Ուրեմն կարմիր լույսի տակ սպասում էի, երբ կողքի գեղեցկության սրահից դուրս թռավ մի աղջիկ ու առանց հարցուփորձ անելու՝ գնդակի պես ներս ընկավ:
- Կներեք, դուք ո՞վ եք, գուցե շփոթե՞լ եք Ձեր ավտոմեքենան:
- Չէ, հոպար, չեմ շփոթել, շտապում եմ, խնդրում եմ, էլի, հասցրեք տեղ, ճանապարհին կասեմ:
Լույսը փոխեց, սկսեցի շարժվել.
- Հոպար, մի քիչ արագ, էլի, այստեղից ձախ, մյուս խաչմերուկից էլ աջ, ու կմտնեք առաջին բակը:
Հիմա հոպարը քշում է ու հայելու միջից հարցական նայում «անկոչ ուղեւորուհուն».
- Հոպար ջան, նշանդրեքս է, խնամիները ճամփին են, մի քիչ արագ, էլի, որ ես ավելի շուտ հասնեմ…
Այդտեղ հոպարն իրեն հավաքեց ու ոտը դրեց գազին: Փաստորեն, կարեւոր գործ էի անում: Մեկ էլ զանգ եկավ աղջկա հեռախոսին:
- Գագո, հասնում եմ, դուք ո՞ւր եք… Լսի, ձերոնց Կիեւյանով բեր, հա, երկար ճանապարհով, մինչեւ ես հասնեմ… Հոպար ջան, մի քիչ էլ արագ, էլի…
Հասանք բակ: Խնամիները դեռ չէին եկել: Մեկ էլ էս աղջիկը հետեւից փաթաթվեց ինձ, թուշս պաչեց ու մի 10 հազարանոց դրեց կողքիս նստարանին.
- Շնորհակալ եմ…
Հասցրեցի ձեռքը բռնել, 10 հազարանոցը դրեցի ափի մեջ.
- Շնորհավորում եմ, աղջիկս, երջանիկ լինես…
ԳԱԻ-ի ծանուցումը չուշացավ: Երեք ակտ՝ երկրորդ շարքում ուղեւոր ես վերցրել, երկրորդ շարքից, հոծ գիծը հատելով ձախ ես թեքվել, Կոմիտասի վրա էլ արագություն ես գերազանցել՝ բարի եղիր վճարել… Դե արի ու ԳԱԻ-ին բացատրիր, որ աղջիկ ես հասցրել նշանադրեքի:


Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
«Լրագրող վարորդների իրավունքների պաշտպան» ՀԿ-ի ինքնընտիր նախագահ