Ինչ է տեղի ունենալու հուլիսի 31-ին

Ինչ է տեղի ունենալու հուլիսի 31-ին

Վաղը Մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու դատավորների հերթական ընդհանուր ժողովը, որի օրակարգը բավականին հարուստ է․ ՍԴ, ԲԴԽ անդամի ընտրություն, էթիկայի եւ կարգապահական հարցերի, ուսումնական հարցերի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովների դատավոր-անդամների ընտրություն։ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ակնկալում են, որ բոլոր դատավորները ներկա կլինեն ժողովին․ «Մենք ունենք 244 դատավոր, որից 2 հաստիք ունենք թափուր, 6 դատավորի լիազորություններ այս պահին կասեցված են, այսինքն՝ գիտենք, որ 8 դատավոր ընդհանուր ժողովին ներկա չի  լինելու՝ իրավիճակով պայմանավորված, հետեւաբար ակնկալում ենք, որ մյուս՝ 236 դատավորներն ընդհանուր ժողովին ներկա են լինելու»։

- Ինչքա՞ն մասնակցություն է պետք՝ քվորում ապահովելու համար։

- Կեսից մեկ ավելին։ Եթե մենք ունենանք 119 դատավոր, ապա քվորում լինելու է, եւ ընտրությունները մեկնարկելու են։ Թե արդյունքն ինչ կլինի, վստահ եմ՝ տեղյակ կլինեք։

- Հանձնաժողովներում ընդգրկվելու համար քանի՞ դատավոր է դիմել։

- ՍԴ եւ ԲԴԽ անդամի թեկնածություն եւ 3 հանձնաժողովների անդամների թեկնածուներ, դատավոր-անդամներ եւ ոչ դատավոր-անդամներ․ այս պահին թիվը 15-20-ի միջակայքում կլինի։

- Հանձնաժողովներում քանի՞ անդամ պետք է լինի։

- Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը պետք է բաղկացած լինի 8 անդամից, որոնցից 6-ը պետք է լինեն դատավորներ, իսկ 2-ը՝ դատավոր չհանդիսացող անդամներ, այսինքն՝ առաջադրվելու են հասարակական կազմակերպությունների կողմից։ Ուսումնական հարցերի հանձնաժողովը բաղկացած է լինելու 7 անդամից, որոնցից 5-ը լինելու են դատավոր-անդամներ, 2-ը՝ դատավոր չհանդիսացող անդամներ։ Դատավորի գործունեության գնահատման հանձնաժողովը բաղկացած է լինելու 5 հոգուց, որոնցից 3-ը՝ դատավոր-անդամներ, 2-ը՝ դատավոր չհանդիսացող անդամներ։ Այս ամբողջը Դատական օրենսգրքի կարգավորման շրջանակում Է։

- Ասում եք՝ 15-20 հոգի են դիմել, դա քիչ չէ՞ տեղերի համեմատ։

- Չեմ կարծում, որ քիչ են, բայց մինչեւ քվեարկության  մեկնարկը դատավորներն իրավունք ունեն ինքնառաջադրվելու կամ այլ դատավորի կողմից առաջադրվելու։

- Կորոնավիրուսի տարածումը կանխելու համա՞ր եք համալիրում անելու ժողովը։

- Այո, միանշանակ։ Բոլոր պայմանները պահել ենք, դիմումով խնդրել ենք պարետին իր կարծիքը՝ թույլատրելիության վերաբերյալ, ստացել ենք կարծիքը թույլատրելիության վերաբերյալ։ Մենք պարետի որոշումը կատարելու ենք, խոսքս վեաբերում է սոցիալական հեռավորությանը, ջերմաչափմանը եւ դիմակների առկայությանը։
Մեծ դահլիճում ենք անելու։

- Համալիրը վարձակալե՞լ եք։

- Պետությունն օժանդակել է, որ նվազագույն ծախսերի շրջանակներում ժողովն անցկացնենք էդտեղ։ Եթե չեմ սխալվում՝ վարձակալության գումարը կազմելու է 150 հազար դրամ։