Եվս մեկ քայլ՝ քրեական ենթամշակույթի դեմ

Եվս մեկ քայլ՝ քրեական ենթամշակույթի դեմ

Կառավարությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, հերթական աղմկահարույց նախագիծն է շրջանառության մեջ դրել, որով հնարավորություն է ստանալու անարգել գաղտնալսել պաշտոնատար անձանց։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում՝ ներառելով պաշտոն զբաղեցնելու թեկնածու անձի՝ քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը․ «Քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրությունը ներառում է թեկնածուի կամ նրա ընտանիքի անդամի կողմից քրեական ենթամշակույթ կրող անձի հետ (օրինակ` «օրենքով գող», քրեական հեղինակություն) ազգակցական կամ ընկերական կապի առկայության, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի խնդրանքը կատարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը կամ անձին խնդրանքով կամ որեւէ այլ հարցով դիմելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորումից կամ անձից ցանկացած այլ օգուտ ստացած լինելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անհատական հանդիպում կամ հեռահար հաղորդակցություն ունենալու վերաբերյալ, ինչպես նաեւ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կամ անձի հետ անձնական այլ կապ ունենալու վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն»։ Սա լրացվող հոդվածն է։ Նկարագրված է նաեւ, թե գործնականում ինչպես է կազմակերպվելու այդ պրոցեսը, եւ ինչպես են պարզելու՝ տվյալ պաշտոնատար անձը հարո՞ւմ է արդյոք քրեական ենթամշակույթին, թե՞ ոչ։

«Բարեվարքության ուսումնասիրության գործընթացում անձի` քրեական ենթամշակույթին հարելու հնարավորության ուսումնասիրության նպատակով, հանձնաժողովն իրավասու է դիմել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին եւ ստանալ տեղեկություններ»։ Հանձնաժողովն իրավասու է այդ մասին թեկնածուից պահանջել եւ ստանալ պարզաբանումներ, իսկ վերջում՝ մեծահոգություն  դրսեւորել․ «Անձի բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացությունը հրապարակման ենթակա չէ եւ չի տրամադրվում այլ անձանց, այդ թվում` թեկնածուին»: 

Դեռեւեւ այս տարվա մարտ ամսին խորհրդարան բերված օրենսդրական փաթեթում ընդգրկված էր վերոնշյալ առաջարկը, որով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին իրավասություն  էր տրվում ստուգել անձի` քրեական ենթամշակույթին հարելու հանգամանքը, սակայն դա արժանացավ ընդդիմության քննադատություններին։ 

ԼՀԿ-ի իրավաբան պատգամավոր Տարոն Սիմոնյանը նախարարին բացատրում էր, որ դա հնարավոր չի լինի կիրառել։ Սիմոնյանը բառացիորեն ասում էր՝ եթե ուզում ենք հաստատենք, որ անձը քրեական ենթամշակույթի հետ կապ ունի, դա միայն դատարանի որոշմամբ կլինի․ «Եթե պարզապես խոսակցությունների մակարդակում պետք է լինի, որ անձը քրեական ենթամշակույթ կրող է, եւ չունենանք իրավաբանական հաստատված փաստ, ապա քրեական ենթամշակույթ կրելու վերաբերյալ հոդվածը ես գործնականում կիրառական չեմ համարում: Օրինակ, եթե ՏԻՄ-ն ասաց, որ, այո՝ այսինչ անձի հետ շփում է ունեցել այդ դատավորի թեկնածուն, եւ այդ անձը հայտնի է որպես հեղինակություն, արդյոք դա բավարա՞ր է, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը դա հիմք ընդունի, որովհետեւ անգամ այդ փաստը կարող է դատական կարգով վիճարկվել»։ 
Հայաստանը փոքր երկիր է, ու բոլորը բոլորի կապերի, մտերմության մասին գիտեն, եթե այս փոփոխությունը կիրառեն իշխանական էլիտայի ներկայացուցիչների, այլ ոչ թե նախկին կադրերի նկատմամբ, ապա ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներից շատերն էլ կարող են հրաժեշտ տալ իրենց մանդատներին, քանի որ նրանք եւս գողականների հետ կապեր ունեն։

Ինչպես հայտնի է, կատարված մի շարք փոփոխությունների արդյունքում ներկայումս հայտարարագիր ներկայացնում է շուրջ 5 հազար պաշտոնատար անձ: Սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ ազատված է հայտարարագրման պարտականությունից: Մասնավորապես, խոսքը համայնքի ավագանու անդամների եւ աշխատակազմերի քարտուղարների մասին է: Կառավարության հաջորդ լրացումն այս մասով է։ «Նշված պաշտոնատար անձանց գործունեության արդյունքում կարող են առաջանալ հնարավոր շահերի բախման կամ այլ իրավիճակներ, ուստի, նման ռիսկերը վերահսկելի դարձնելու համար անհրաժեշտ է ընդլայնել հայտարարատուների շրջանակը՝ ներառելով նաեւ վերոնշյալ պաշտոնատար անձանց»,- նշվում է լրացվող դրույթում։ Խոսքը, հիշեցնենք, 15 հազար եւ ավելի բնակչություն ունեցող համայնքների մասին է, ասել է թե՝ քաղաքների եւ խոշորացված համայնքների։