Բնակարանային բրոքերը դանակահարել է վաճառողի եղբորը

Բնակարանային բրոքերը դանակահարել է վաճառողի եղբորը

Դատախազությունը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկել Կորյուն Սահինյանի գործը։ Նա բնակարաններին առք ու վաճառքի բրոքեր է, և մեղադրվում է 400 դոլար միջնորդավճարի շուրջ տեղի ունեցած վեճի ժամանակ վաճառողի եղբորն ու իր ընկերոջը դանակահարելու մեջ։ Դեպքը տեղի էունեցել լ 2018 թվականի հուլիսի 23-ին` ժամը 14:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի թիվ 32-րդ շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Կորյուն Սահինյանը, զբաղվելով անշարժ գույքի առք ու վաճառքով, իր մտերիմ Սամվել Մարգարյանի խնդրանքով գնորդ է գտել վերջինիս քրոջ` Անուշ Մարգարյանին պատկանող` Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասի 32/10 հասցեում գտնվող վաճառվող բնակարանի համար, որից հետո Սամվել Մարգարյանը Կորյուն Սահինյանին խոստացել է բնակարանի վաճառքից հետո նրան վճարել 400 ԱՄՆ դոլար:Այնուհետև` 2018 թվականի հուլիսի 23-ին, հիշյալ բնակարանում ` բնակարանատերերի և գնորդների միջև առք ու վաճառքի համաձայնություն ձեռք բերելու պայմանավորվածությունից հետո`ժամը 14:00-ի սահմաններում դուրս է եկել շենքի բակ և այնտեղ գտնվող տաղավարում սպասել գործարքի ավարտին:

Այդ ժամանակ հիշյալ տաղավարում են գտնվել նաև Սամվել Մարգարյանի ընկերները`Արթուր Պապոյանը, Ռազմիկ Թովմասյանը, Դավիթ Հակոբյանն ու Դավիթ Պետրոսյանը: Վերջիններս Կորյուն Սահինյանին հանդիմանել են, որ նա Սամվել Մարգարյանի հետ գտնվելով մտերիմ հարաբերությունների մեջ` միջնորդավճար է պահանջում: Այդ կապակցությամբ նրանց միջև վիճաբանություն է սկսվել, ապա այն վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում Կորյուն Սահինյանը մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, իր մոտ գտնվող դանակով հարվածել է Դավիթ Պետրոսյանին, որի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառել է վնաս` կյանքին վտանգ սպառնացող` կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով: