Նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը հաստատվեց գործադիրում

Նվազագույն աշխատավարձի բարձրացման նախագիծը հաստատվեց գործադիրում

Կառավարության այսօրվա նիստում քննարկվեց նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացման վերաբերյալ օրենքի նախագիծը, որը զեկուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը։ 

Նա հիշեցրեց, որ Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանն ու Վարազդատ Կարապետյանն առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 63 հազար դրամ, բայց իրենք հեռազոտություն են իրականացրել, որի արդյունքում առաջարկում են 68 հազար դրամ դարձնել նվազագույն աշխատավարձը, այլ ոչ թե ընդունել օրենսդիրի առաջարկած տարբերակը։

Վարչապետը հետաքրքրվեց, թե ինչ գործնական խնդիր ենք մենք լուծում նվազագույն աշխատավարձի բարձրացմամբ, այսինքն՝ ինչ է դա փոխում մարդկանց կյանքում։

«Ուղիղ փոխելու իմաստով՝ շուրջ 45 հազար մարդ մասնավոր ոլորտում, և 35 հազար մարդ պետական ոլորտում ստանում է նվազագույն աշխատավարձ, որը բարձրանում է, այսինքն՝ 23.6 տոկոսով ավելանում է այդ մարդկանց աշխատավարձը, և կան ազդեցություններ, որոնք մենք կքննարկենք արդեն Ազգային ժողովում»,-պատասխանեց Գեմաֆին Գասպարյանը։

Նախագիծը դրվեց քննարկման և արժանացավ հավանության՝ պատրաստ դրական եզրակացությամբ քննարկելու խորհրդարանում։