Հիմա էլ բացատրում է՝ երջանկությունն ինչ է, անընդհատ անառակության թեզն առաջ տանելով

Հիմա էլ բացատրում է՝ երջանկությունն ինչ է, անընդհատ անառակության թեզն առաջ տանելով

Մարտի 8-ի կապակցությամբ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ «Հնարավորություններ եւ խոչընդոտներ. կանանց տեղն ու դերը Հայաստանում» խորագրով համաժողով անցկացվեց, որին մասնակցում էին տարբեր ոլորտներում պատասխանատու պաշտոններ զբաղեցնող կամ նախկինում զբաղեցրած կանայք:  

Բացման խոսքում Աննա Հակոբյանը ներկայացրեց իր համոզմունքը՝ կանանց պետք են հնարավորություններ՝ երջանիկ լինելու եւ երջանկացնելու համար: Վարչապետի կինը նաեւ հարցեր բարձրացրեց, օրինակ․ «Մենք՝ հայ կանայքս, ի՞նչ ենք հասկանում երջանկություն ասելով», կամ՝ «ընդհանրապես ուզո՞ւմ ենք երջանիկ լինել»: Ի՞նչ է անձնապես իր համար երջանկությունը: Հարցադրումներ հնչեցնելուց բացի, Աննա Հակոբյանը նաեւ մի շարք դատողություններ արեց, մասնավորապես, որ ինքը երջանիկ հայ կնոջ այդպես էլ չի հանդիպել, քանի որ մեզ սովորեցրել են, որ երջանկությունն անառակների բանն է։ «Մենք ընդհանրապես չունենք բարոյական ու երջանիկ հայ կնոջ կերպար»: «Մենք պարտավոր ենք անվերադարձ դեն նետել վեհ ու տառապյալ հայ կնոջ կերպարը: Չափազանց թանկ է նստում այն մեզ վրա»: «Միմիայն ընտանիքին «ծառայող» հայ կնոջ սրտում սերը ոչ միայն չի աճում, այլեւ ի վերջո ինչ-որ պահից սկսում է ցամաքել ու կա՛մ մահանում է, կա՛մ նեխում-մնում այդ կնոջ սրտի մեջ՝ երբեմնի գեղեցիկ ու թռվռան աղջնակին վերածելով դժբախտ ու չարացած արարածի»: «Ես չեմ հիշում մի տեւական ժամանակաշրջան, որ մեր պետությունը եւ այնտեղ ապրող մարդիկ երջանիկ լինեին: Թերեւս երջանկության մոլեկուլները մի կարճ ժամանակահատված մեր մթնոլորտում պար էին բռնել 2018 թվականի հեղափոխությունից հետո միայն»:

Հոգեբան Կարինե Նալչաջյանի գնահատմամբ, վարչապետի կինն այդօրինակ ելույթներով կոնկրետ եւ նպատակային գործ է անում․ «Այսպես ասած՝ նրա «միսիայի» մեջ է մտնում նաեւ մեր նյարդերի հետ խաղալը, մեզ հոգեպես թուլացնելը։ Ես բազմիցս ասել եմ, որ սրանք զբաղված են մեզ «վիկիտիմիզացնելով», այսինքն՝ զոհի հոգեբանության մեջ դնելով, մեր ինքնագնահատականն իջեցնելով։ Իսկ ինքնագնահատականն իջեցված, զոհի հոգեբանությամբ մարդը, հասարակությունները շատ խոցելի են դառնում։ Այդ առումով ինքը երբեւիցե չի զլանում մեր ինքնագնահատականին հարված հասցնել։ Հիմա էլ, թեպետ սա նոր բան չէ, զբաղված է հայ կանանց ինքնագնահատականն իջեցնելով, որն աբսուրդի է հասնում, որովհետեւ սկսել է դասատուի կերպարանքով, պրիմիտիվ ձեւով մեզ խելք սովորեցնել։ Մի ժամանակ բացատրում էր, թե սրբությունն ինչ է, հիմա բացատրում է, թե երջանկությունն ինչ է, ընդ որում՝ անընդհատ այդ անառակության թեզը տանելով։ Ես չեմ էլ ուզում իր ասածի մեջ խորանալ, որովհետեւ նրա հիմնական նպատակն է՝ իջեցնել, զրոյացնել մեր ինքնագնահատականը, այն էլ՝ կնոջ, որը մեր մշակույթում սրբացված է ու բարձր պահված։ Ինչ ասեմ, թող այդ բաջին գնա իր կուկուռուզն ուտի․․․»։

Ըստ Աննա Հակոբյանի՝ «Մենք պարտավոր ենք անվերադարձ դեն նետել վեհ ու տառապյալ հայ կնոջ կերպարը: Չափազանց թանկ է նստում այն մեզ վրա»։ Այս առումով հոգեբանը կարծում է, որ վարչապետի կինն ուղղակի նվաստացնում է հայ կնոջ իրական կերպարը, էությունը, բնույթը․ «Իր խելքով ինքը որոշել է հայ կնոջը փոխել, այս ի՞նչ ամբիցիաներ են, իրականության զգացողությունն ինչ-որ իմաստով կորցնում են, չնայած իրենք լավ էլ այդ իրականության մեջ աշխատում են, պատվեր են կատարում, որովհետեւ կնոջ կերպարը հասարակության մեջ, իրականում, շատ լուրջ կերպար է։ Կինն իր մեջ ունի համակարգը պահպանելու ներքին մղումը, սա կանացի հոգեբանության յուրահատկություններից է, եթե տղամարդն ավելի ուղղագիծ ձեւով գնում է դեպի իր նպատակները եւ կարող է հավասարակշռություն խախտել այդ ճանապարհին, կինը տղամարդու կողքին այդ հավասարակշռությունը պահպանող սկիզբն է, իսկ հիմա կանանց թուլացնելը նշանակում է համակարգ թուլացնել։ Ես հույս ունեմ, թեեւ շատ բան աղավաղվել է մեր կյանքում արժեքային տեսանկյունից, բայցեւայնպես, ես տեսնում եմ նաեւ մարդկանց ռեակցիաները, թե իրենց այդ անհեթեթություններն ինչ ռեակցիայի են հանդիպում։ Այն, որ իրենք այսօր իշխանության ղեկին են, դեռ չի նշանակում, որ պետք է ազգ դաստիարակեն, բայց թուլացնել՝ իրենց հաջողվում է»։

Կարինե Նալչաջյանը չի կարծում, որ սա հեռուն գնացող նպատակներ ունենա, պարզապես հասարակության նյարդերի եւ առողջության հետ են խաղում, ինչն իրենց հաջողվում է։ «Իրենք՝ բոլորը, անցել են այդ դպրոցը՝ ստերեոտիպ կոտրելու եւ այլն, որոնք գիտական իմաստով անգրագիտություններ են։ Բոլորն այդ նույն սեմինարներով անցած մարդիկ են, եւ նրանց գիտակցությունն արդեն ուղղորդված է։ Նրանք այս տրամաբանության մեջ համատեղ ձեւով աշխատում են՝ կատարելով համընդհանուր մի պատվեր,-ասում է հոգեբանն ու անդրադառնում նմանօրինակ տեքստերին ու հայտարարություններին՝ հասարակությանը հակազդելու ձեւերին։- Լրիվ անտեսել չի կարելի, որովհետեւ այն, ինչ կատարվում է, իրականություն է, բայց ինչ-որ խորը ապրումներ ունենալու, վիրավորվելու իմաստով հիշենք՝ ո՞վ է ասողը․․․։ Իրենց դիմակները պատռված են, եւ այն ազդեցությունը, որ նախկինում ունեին, հիմա այլեւս չունեն, դրա համար փորձում են կանանց թուլացնելով՝ էլ ավելի թուլացնել մեր հասարակությունը»։          

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ի պատասխան այն հարցին, թե որն էր Աննա Հակոբյանի ելույթի նպատակը, եւ ում էր այն ուղղված, նկատեց․ «Առհասարակ, հանրային կյանքում երեւացող կանանց անդրադառնալն իմ ոճում չէ, բայց մի տեսակ սա այն դեպքը չէ։ Վարչապետի կինն ի վերջո ուղերձ փոխանցող է, արժեքներ գեներացնող։ Անկեղծորեն, լսելուն պես մտածեցի, որ սրանք չեն կարող լինել կայուն հոգեխառնվածք, ազգային նկարագիր, պարզապես շարքային հայ կնոջ մտածումներ։ Որտե՞ղ եւ ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում են ձեւավորվել այս մտքերը, համոզումները, նաեւ համարձակությունը՝ այս խեղված եւ հիվանդագին մտքերը հանրայնացնելու համար։ Հոգեբանության մեջ պրոյեկտից հոգեբանության մոտեցումը կա․ աշխարհը պրոյեկտել սեփական ես-ի, սեփական ապրումների եւ պատկերացումների միջով։ Ցավալի է, որ այս ուղերձները հրապարակային դրսեւորում ունեցան։ Եթե սրանք, այն էլ տոնական օրով, հայ կնոջը դիտավորյալ նվաստացնելու միտում ունեին, լավ չէ, եթե անգամ սեփական ընկալումներն են, մնում է կարեկցել։ Այդ նկարագրի հայ կին ես չեմ ճանաչում»։