Ազգային անվտանգության հայեցակարգը պատրաստ կլինի մինչեւ տարեվե՞րջ

Ազգային անվտանգության հայեցակարգը պատրաստ կլինի մինչեւ տարեվե՞րջ

Շուրջ երկու ամիս առաջ ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց ազգային անվտանգության նոր հայեցակարգ ունենալու անհրաժեշտության մասին, քանզի նախկինը գրվել է 2007 թվականին։ Իսկ այդ օրվանից Հայաստանում, աշխարհում, տարածաշրջանում շատ իրողություններ են փոխվել, շատ դիրքորոշումներ՝ հնացել եւ ժամանակավրեպ են դարձել։ 

Փորձագիտական հանրության տարբեր ներկայացուցիչների հետ երկու-երեք հանդիպումներից հետո, սակայն, ազգային անվտանգության նոր հայեցակարգի մասին ոչ մի նորություն չկա։ Ի՞նչ մտահղացումներ ու առաջարկներ կան, ովքե՞ր են ներգրավվելու այդ աշխատանքներում, ի՞նչն է ընդունվել, ի՞նչը՝ մերժվել տարբեր առաջարկներից։

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանն արձագանքեց, որ նոր հանդիպման հրավեր ինքը չի ստացել։
Քաղաքագետ, «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոն»-ի տնօրեն Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն, որպես փորձագետ,  ոչ մի անգամ չեն հրավիրել ՀՀ ազգային անվտանգության խորհուրդ՝ նման քննարկումների մասնակցելու։ 
Քաղաքագետ Սարո Սարոյանը հիշեց, որ փորձագետների տարբեր խմբերի հետ եղել է երեք հանդիպում։ Սակայն դրանից հետո շարունակություն չի եղել, թեեւ սկզբում հավաստիացրել են, որ հանդիպումները կլինեն շարունակական։ 

«Կոնկրետություն չի եղել, եղել է ընդհանուր մտքերի փոխանակություն։ Հանդիպումների ժամանակ եղել են  մտքերի փոխանակում, առաջարկություններ՝ այն հույսով, որ առաջիկայում դրանք կներկայացվեն գրավոր տեսքով։ Հիմա չգիտենք, թե շարունակությունն ինչպիսին կլինի, օդից կախված վիճակ է»,- ասաց Սարո Սարոյանը։

Հարցին, թե հանդիպման ժամանակ գրառումներ արվե՞լ են ԱԽ-ի աշխատակիցների կողմից, Սարո Սարոյանն արձագանքեց․ «Կար աշխատակից, որ թղթին ինչ-որ գրառումներ էր անում, բայց դա հիմնարար բան չէր։ Հուսով եմ, որ առաջիկայում փորձագետներից կպահանջեն գրավոր տեքստեր»։

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը հիշում է, որ փորձագետները հանդիպումների ժամանակ տեսակետներ են հայտնել փաստաթղթի կարեւորության, բովանդակության մասին։ 
«Իրենք պետք է որոշում կայացնեին, թե ինչ մոդել են ընտրում եւ ինչ ընթացակարգով են աշխատում։ Հայտարարվել է, որ մինչեւ տարեվերջ հայեցակարգը պատրաստ կլինի»,- նշեց Ստեփան Սաֆարյանը։ Քաղաքագետը նշեց նաեւ, որ իրենք սպասում են առայժմ, հետագայում կներկայացնեն իրենց առաջարկները։ 
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակի կայքում Անվտանգության խորհրդի նիստերի մասին վերջին տեղեկությունը թվագրված էր 21․12․2018թ․, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրել էր Անվտանգության խորհրդի նիստ։ 

Իսկ «Անվտանգության խորհրդի հանձնախմբեր եւ աշխատանքային խմբեր» բաժնում չկա ոչ մի տեղեկություն այդ խմբերի, նրանց անդամների մասին։ Միայն ծանուցվում է, որ այդ մասին տեղեկություններ կհրապարակվեն շուտով։